Մատչելի հղումներ

 
Scratch համակարգչային ծրագրավորման լեզվի օգնությամբ աշակերտները ինտերակտիվ հաղորդակցման միջոցներ են ստեղծում

Scratch համակարգչային ծրագրավորման լեզվի օգնությամբ աշակերտները ինտերակտիվ հաղորդակցման միջոցներ են ստեղծում


Երկու տարի առաջ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի Հաղորդակցման միջոցների լաբորատորիան թողարկեց ծրագրավորման մի նոր լեզու` Scratch-ը, որը լայն տարածում գտավ աշխարհի տարբեր երկրների դպրոցներում և նույնիսկ տներում:

Վիրջինիա նահանգի այս դպրոցի աշակերտները Scratch-ի օգնությամբ անիմացիոն պատմություններ են ստեղծում: Նրանց մեծ մասի մայրենի լեզուն անգլերենը չէ:

Այս ծրագրին նրանց ծանոթացրել է համակարգչային դասընթացի ուսուցիչ Ջեֆ Էլքները: “Նախատեսել էի Scratch-ը որպես ծրագրավորման լեզու դասավանդել: Սակայն ծրագիրն օգտագործելիս հասկացանք, որ սա հիանալի միջոց է լեզվի գիտելիքները զարգացնելու համար”, պատմում է նա:

Scratch-ը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի Հաղորդակցման միջոցների լաբորատորիայում` երիտասարդների ուսումնառության հմտությունները, վերլուծական մտածելակերպը և համագործակցությունը զարգացնելու նպատակով: Քերըն Բրենանը ծրագրի առաջատար մասնագետներից է:

“Մեր նպատակը ոչ թե մեծ թվով ծրագրավորողներ պատրաստելն է, այլ` մարդկանց ինքնարտահայտվելու հնարավորություն տալը”, ասում է նա:

Scratch-ը հանրամատչելի ծրագիրը է, որը ցանկացած մարդ կարող է օգտագործել: Ծրագրի հիմքում ընկած խորանարդների համակարգը և վիզուալ տարրերի դարանը թույլ են տալիս մի քանի պարզ հրամանների միջոցով պատրաստի նյութ ստանալ:

2007թ. մայիսին թողարկված այս ծրագիրը կարելի է անվճար բեռնել համացանցի համապատասխան կայքից:

“Կայքի մեկնարկից հետո մենք չգիտեինք, թե ապագայում ինչ է սպասվում, թե արդյոք մարդիկ այն կօգտագործեն: Սակայն մոտ երկու-երեք շաբաթ հետո հայտնվեց մի ծրագիր, որը հեղինակը Գերմանիայից իննամյա մի աղջնակ է”, պատմում է Քերըն Բրենանը:

Սեփական լուսանկարներն օգտագործելով, նոր նկարներ նկարելով և իր ձայնը ձայնագրելով` նա ստեղծել է Մեղվախաղը: Ծրագրի օգնությամբ ստեղծվել են նաև վիրտուալ թանգարաններ, ինտերակտիվ քարտեզներ և զանազան անիմացիոն նյութեր:

Մեկնարկից երկու տարի անց Scratch-ին կայքում գրանցված են մեկ քառորդ միլիոն անդամներ, ովքեր 400,000 նոր նախագծեր են նախաձեռնել: Ջեֆ Էլքների աշակերտները նույնպես գրանցված անդամներ են, և նրանց նախագծերը նույնպես տեղ կգտնեն Scratch կայքում:

XS
SM
MD
LG