Ամնեստի Ինթըրնաշընըլ կազմակերպությունը մայիսի 28-ին հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որն անդրադառնում է նաեւ Հայաստանում մարդու իրավունքների կացությանը։
Զեկույցը կենտրոնացել է տարվա իրադարձությունների՝ ուշադրությունը սեւեռելով հետընտրական դեպքերի վրա։
Զեկույցում ասված է. ՛՛ Այս դեպքերի արդյունքում զեհվեց 10 մարդ, վիրավորվեցին 350-ը, այդ թվում՝ 58 ոստիկան։ Մարտի 1-ի գործողությունների ընթացքում ոստիկանները կիրառել են մահակներ, լուսարձակող փամփուշտներ, արցունքաբեր գազ եւ էլեկտրական ցնցումներ պատճառող սարքեր՝՝։
Անդրադառնալով ընդդիմության կողմնակիցների ձերբակալություններին՝ զեկույցը նշում է, որ ձերբակալվածներից ոմանք ոստիկանության կողմից ենթարկվել են ծեծի եւ կոպիտ վերաբերմունքի։
Զեկույցը նաեւ նշում է, որ Եվրոպայի խորհուրդը մի քանի անգամ իր անհանգստությունն է հայտնել ընդդիմության կողմնակիցների բանտարկության առթիվ։
Զեկույցի մի առանձին հատվածում նշվում է Հայաստանում հանրահավաքների անցկացման վերաբերյալ իշխանությունների հաստատած սահմանափակումների մասին։
՛՛Մարտի17-ին Ազգային ժողովը ընդունեց ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքի հավելվածները, որոնք տեղական իշխանություններին իրաքունք էին տալիս արգելել հանրահավաքների անցկացումը։ Արտակարգ դրությունը վերացնելուց հետո տեղեկություններ էին ստացվում Երեւանի կենտրոնում հավաքվող քաղաքացիների դեմ ուժի կիրառման եւ ձերբակալությունների մասին՝՝, նշված է զեկույցում։
Զեկույցում նաեւ նշված է, որ ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի արտահայտած դժգոհության շնորհիվ էր , որ ապրիլի 22-ին Հայաստանի խորհրդարանը ստիպված էր մեղմացնել հանրահավաքների մասին օրենքի որոշ նախատեսումները։
Ամնեստի Ինթըրնաշընըլ կազմակերպությունը անդրադարձել է նաեւ լրագրողների, իրավապաշտպանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ 2008 թվականի ընթացքում իրականացված բռնություններին։
Զեկույցում նշվում են ՛՛Հայկական Ժամանակ՝՝ թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի, ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ կատարված հարձակումների, եւ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության շուրջ ծավալված իրադարձությունների մասին։
՛՛2008 թվականի տարվերջին այս գործերի հետաքննության ընթացքում առաջընթաց չէր արձանագրել եւ ընդդիմության գործիչների եւ իրավապաշտպանների դեմ իրականացված հարձակումների հետաքննությունը եւս արդյունավետորեն չի իրականացվել։ Խոսքը մասնավորապետ 2008 թվականի մայիսի 21-ին Հայաստանի հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանի, մայիսի 28-ին երիտասարդ ըդդիմադիր գործիչ Արսեն Խառատյանի եւ հունիսի 25-ին, Հիմա շարժման անդամ Նարեկ Հովակիմյանի դեմ իրականացված հարձակումների մասին է՝՝։
Զեկույցը բացահայտում է տվյալներ Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության դեմ իրականացված ճնշումների եւ ընտանեկան բռնությունների մասին։
՝՝2008 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի ազատազրկման վայրերում 77 Եհովայի վկա էր գտնվում՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու մեղադրանքով՝՝։
Զեկույցը նշում է նաեւ որ, կանանց վիճակը Հայաստանում բավականին ծանր է։ ՝՝Հայաստանցի կանանց ավելի քան 25 տոկոսը նշել է, որ ծեծի է ենթարկվել ընտանիքի անդամներից որեւէ մեկի կողմից։ Կանանց ավելի քան երկու երրորդը նշել է, որ ենթարկվել է հոգեբանական ճնշման։ Իշխանությունները չեն կարողանում կանխել ու հետաքննել կանանց դեմ իրականացված բռնարարքները եւ չեն պատժում մեղավորներին՝՝, ասված է Ամնեստի Ինթըրնաշընըլ կազմակերպության ամենամյա զեկույցում։