Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձը մահմեդական աշխարհին


՝՝Պետք է վերջ տալ կասկածանքի եւ անհամաձայնությունների այս ժամանակահատվածին եւ հարկավոր է սկսել նոր հարաբերություններ ԱՄՆ-ի ու մահմեդական աշխարհի միջեւ՛՛։

Սա էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից մահմեդական աշխարհի ժողովուրդներին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հղած ուղերձի առանցքը, որին ոչ միայն սպասում էին մահմեդականները, այլ՝ աշխարհում նաեւ նրանք, ովքեր անհամբեր սպասում են միջազգային լարվածության թուլացմանը եւ մահմեդական ժողովուրդների նկատմամբ անվստահության վերացմանը։ Ուղերձ, որը 2ՕՕ1 թվականի ահաբեկչական հարձակումներից հետո հարաբերությունները վերակառուցելու առաջին նման ելույթն էր։


Իր խոսքում Օբաման ասաց, թե միասնաբար կարելի է հակադարձել կատաղի ծայրահեղականությանն ամբողջ աշխարհում եւ, անցնելով մահմեդականների հետ հակասությունների բուն պատճառին, հայտարարեց, թե հարկավոր է զարկ տալ Մերձավոր Արեւելքում հարատեւ խաղաղություն հաստատելու ջանքերին։
Արաբական ու մահմեդական աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ հիմնական հակակրանքը սերում է պաղեստինցի արաբների հաշվին Իսրայելին Վաշինգտոնի մշտական աջակցությունից։ Արդյո՞ք Օբաման պիտի հանդես գար այստեղ Սպիտակ տան քաղաքականությունը փոխելու հայտարարությամբ։


Իրականում, եւ ինչպես դա Սպիտակ տունն է ընդունում, Օբամայի ելույթը չէր պարունակում Մերձավոր Արեւելքում նոր քաղաքականության մասին որեւէ կետ։ Նա իր խոսքում շեշտեց, որ Իսրայելի հետ Ամերիկայի կապերը անքակտելի են, կոչ անելով, որ հրեական պետությունն ու պաղեստինցիները հավատարիմ մնան իրենց ստանձնած միջազգային պարտավորություններին։

՝՝Որպես ԱՄՆ-ի նախագահ, իմ պարտավորություններից մեկն եմ համարում, ուր էլ որ լինի, մահմեդականության նկատմամբ բացասական դրսեւորումների դեմ պայքարը։ Սակայն, եթե մահմեդականներն արժանի չեն անհիմն պիտակավորումների, Ամերիկան էլ արժանի չէ ինքնանպատակ կայսրություն պիտակավորմանը՛՛, հայտարարեց Օբաման, որը, չնայած լինելով քրիստոնյա, իր մանկության մի մասն անց է կացրել Ինդոնեզիայում մահմեդական աղոթքների տակ եւ որի հայրը քենիացի մահմեդական էր։

Օբաման իր ուղերձը մահմեդականներին հղեց Կահիրեի համալսարանից, որի կազմակերպիչներից մեկը Ալ Ազհարի համալսարանն է։ Վերջինս գիտություն եւ ղուրան է դասավանդում արդեն մեկ հազարամյակ։
Այս ուղերձը առանցքն էր նրա կողմից այս տարածաշրջան կատարած այցի, որի ընթացքում անդրադարձավ նաեւ Իրանին, Աֆղանստանին ու Իրաքին վերաբերող հարցերի։

՝՝Ծայրահեղականության դեմ պայքարում մահմեդականությունը չէ խնդիրը։ Մահմեդականությունը խաղաղությունն առաջնորդելու կարեւոր գրավական է՛՛, ասաց Օբաման, կոչ անելով, որ Համաս մահմեդական արմատական շարժումը վերջ տա բռնություններին եւ ճանաչի գոյություն ունենալու Իսրայելի իրավունքը։ ՝՝Եւ Իսրայելն էլ պիտի ընդունի, որ եթե չի կարելի հերքել իր գոյության իրավունքը, անթույլատրելի է նաեւ Պաղեստինի գոյության իրավունքի հերքումը՛՛, ասաց ԱՄՆ-ի նախագահը։ ՝՝Իսկ ինչ վերաբերում է Երուսաղեմին, այն պետք է լինի հրեաների, քրիստոնյաների եւ մահմեդականների մշտական հայրենիքը՛՛։

Մեղմելու նպատակով մեկ ելույթով ամեն ինչ փոխելու շատերի սպասելիքները՝ Օբաման ելույթից հետո ասաց, թե մեկ ուղերձը չի կարող լուծել Մերձավոր Արեւելքի բոլոր խնդիրները եւ սպասելիքները պետք է լինեն չափավոր։

XS
SM
MD
LG