Մատչելի հղումներ

Թրաֆիքինգը Հայաստանում


ԱՄՆ-ի արտգործնախարարության Մարդկանց ապօրինի փոխադրումների վերաբերյալ 2ՕՕ9 թվականի տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում ասված է, թե Հայաստանը թրաֆիքինգի աղբյուր է հանդիսանում կանանց և աղջիկներին սեռական շահագործման նպատակով Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի համար: Հայաստանցի կանայք և տղամարդիկ թրաֆիքինգի զոհեր են նաև Ռուսաստանում, ինչը դրսևորվում է պարտադրված ֆիզիկական աշխատանքով: Ըստ որոշ Հասարակական կազմակերպությունների, հայ կանայք նաև պարտադրված ֆիզիկական աշխատանքի են ենթարկվում Թուրքիայում: Միևնույն ժամանակ Հայաստանում թրաֆիքինգի զոհեր են դառնում ռուս և ուկրաինացի կանայք:


Թրաֆիքինգի զոհերի տեղափոխությունն իրականացվում է 2 հիմնական ճանապարհներով: Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնվող թրաֆիքինգի զոհերը Դուբայ են հասնում կամ Երևանից ուղիղ չվերթով, կամ ռուսաստանյան քաղաքների միջոցով: Թուրքիայի պարագայում մարդկային թրաֆիքինգն իրականացվում է ավտոբուսների միջոցով` ներառելով Վրաստանի տարածքը:


Չնայած նրան, որ թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն չափորոշիչները ոչ ամբողջությամբ են իրականացվում ՀՀ կառավարության կողմից, հարկ է նշել, որ ոլորտում էական ջանքեր են գործադրվում:

2008-ի դեկտեմբերին Հայաստանում վերաբացվեց դեռևս 2006 թվականին լայն արձագանք ստացած մի քրեական գործի հետաքննություն: Մարդկային թրաֆիքինգի մեջ մեղադրանքով դատապարտված քաղաքացին ազատ էր արձակվել բանտից և ապօրինաբար լքել երկիրը մի շարք պետական պաշտոնյաների աջակցությամբ: Գործի վերաբացումն ինքնին կարևոր առաջընթաց է, այնուամենայնիվ հետաքննության արդյունքները հետագա մոնիթորինգի առարկա պիտի հանդիսանան: Ըստ զեկույցի, 2009-ին կառավարությունը շուրջ 55,000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է հատկացրել թրաֆիքինգի զոհերի խնդիրներով զբաղվող մի ապաստարանի:

2008-ի նոյեմբերին կառավարությունը զոհերի աջակցության պետական մեխանիզմների վերաբերյալ որոշում է կայացրել: Չնայած նրան,որ հաշվետու ժամանակահատվածում առկա են առաջընթացի միտված գործողություններ, զոհերի երկարաժամկետ աջակցության և հասարակական վերաինտեգրացիայի, ինչպես նաև թրաֆիքինգ իրականցնողների վրա պատժամիջոցներ կիրառելու տեսանկյունից կան անելիքներ:


Առաջարկություններ
Շարունակել թրաֆիքինգի հետ կապված կոռուպցիոն դեպքերի հետաքննությունը, դատապարտումը, ինչպես նաև թրաֆիքինգային հանցագործություններում ներգրավված առանձին պաշտոնյաների բացահայտումները: Առանց նախապայմանների ապահովել զոհերի առաջնային կարիքներն ու իրավունքները (իրավական, առողջապահական և այլն): Ապահովել իրավապահ համակարգի աշխատակիցների թրաֆիքինգային հանցագործությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ: Հակաթրաֆիքինգային ծրագրերի և ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում, սեռական և աշխատանքային թրաֆիքինգի վերաբերյալ հանրային տեղեկատվության ապահովում:


Հետապնդումներ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը շարունակել է ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների և առկա օրենքների կիրառման գործընթացը: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի սեռական և աշխատանքային թրաֆիքինգը համարվում է քրեական հանցագործություն` 3-ից 15 տարի ազատազրկմամբ: Եթե 2007-ին երկրում քրեական հետաքննություն է իրականացվել թրաֆիքինգի շուրջ 14 դեպքերի վերաբերյալ, ապա հաշվետու ժամանակահատվածում դրանց թիվը 13 է: Մեղադրանք է առաջադրվել 8 անձանց, ինչպես նախորդ` 2007-ին, սակայն 2-ից 7.5 տարվա անազատության են դատապարտվել ընդամենը 4-ը:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով հայկական կողմը հնարավորություն չի ունեցել հետաքննել այդ երկրում Հայաստանի քաղաքացիներին վերաբերվող թրաֆիքինգի դեպքերը: Այնուամենայնիվ խնդրի առընչությամբ ՀՀ ոստիկանությունը Ինտերպոլի միջոցով հնարավորություն է ունեցել համագործակցել թուրք իրավապահների հետ:


Պաշտպանություն
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը որոշ առաջընթաց է արձանագրել թրաֆիքինգի զոհերի աջակցության և պաշտպանության ոլորտներում: Մասնավորապես 55,000 ԱՄՆ դոլլար հատկացվել է զոհերի կացարանի և շուրջ 7000 ԱՄՆ դոլլար` բժշկական օգնություն ապահովելու նպատակով: 2008-ին կառավարության կողմից բացահայտված թրաֆիքինգի բոլոր 34 զոհերն էլ համագործակցել են ոստիկանության հետաքննական մարմնի հետ, ինչի արդյունքում զոհերն իրենք զերծ են մնացել պատժամիջոցներից: Այնուամենայնիվ վկայություն տվող թրաֆիքինգի զոհերի պաշտպանության խնդիրը շարունակում է մնալ չլուծված, ինչն իր ազդեցությունն ունի որոնողական և հետախուզական աշխատանքների արդյունավետության վրա:


Կանխարգելում
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել թրաֆիքինգի վերաբերյալ հանրային գիտակցության և տեղեկատվածության բարձրացման ոլորտում: 2007-ի 33,000 ԱՄՆ դոլլարի համեմատությամբ, 2008-ին շուրջ 53,000 ԱՄՆ դոլլար է հատկացվել թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

XS
SM
MD
LG