Մատչելի հղումներ

Թարփոնը օվկիանոսի ամենահին և առասպելական ձկնատեսակն է համարվում


Մայամիի համալսարանից դասախոս Ջերի Օլթն իր կյանքի վերջին տաս տարիները նվիրել է օվկիանոսի ամենահին ձկնատեսակը համարվող թարփոնի ուսումնասիրությանը: Օվկիանոսի Գողիաթը համարվող այս ձուկը սպորտային ձկնորսության տուրիզմի շնորհիվ միլիարդավոր դոլարների աղբյուր է հանդիսանում:

Օվկիանոսագետ Ջերի Օլթն իր թիմի հետ միասին առավոտյան ժամը հինգից փորձում է թարփոն որսալ: Այս ձուկը ձկնորսի երազանքն է. այն մեծ է, արագ, հզոր և կարող է մինչև երեք ու կես մետր բարձրությամբ օդ ցատկել:

Թարփոնի անորսալիությունը մեծապես գայթակղում է ձկնորսներին: Այն հզոր կենդանի է, որը թեժ պայքար է տանում:

Մոտ 30 քրտնաջան փորձերից հետո Օլթի գլխավորած խմբին հաջողվում է թարփոնին մոտեցնել նավին: Սակայն ձկնորսությունը նրանց համար պարզապես սպորտաձև չէ: Նրանք ուսումնասիրում են այս և այլ ձկնատեսակներ: Նրանք վերցնում են որսի չափսերը. երկարությունը` 1.6 մետր, շրջագիծը` 62 սանտիմետր, քաշը` 60 կիլոգրամ: Այնուհետև ԴՆԹ-ի նմուշ են վերցնում և մեջքին արբանյակային պիտակ են փակցնում:

Գալիք մի քանի ամիսների ընթացքում պիտակի միջոցով անընդմեջ կարձանագրվի ձկան շրջակայքը` գտվելու վայրը, խորությունը, աղայնությունը և ջրի ջերմաստիճանը: Ջերի Օլթի նկարագրությամբ` պիտակը կառանձնանա ձկանից և կբարձրանա ջրի երես, կապ կհաստատվի Արգոս արբանյակային ցանցի հետ, կփոխանցվեն տվյալները, որոնք այնուհետև նա կստանա էլեկտրոնային փոստով:

Մինչ այժմ թարփոն ձկնատեսակը լավ չի ուսումնասիրվել: Սակայն վերջին տարիներին այս ձկնատեսակի թվի կրճատումը հանգեցրել է դրանց մասին տեղեկատվության պահանջարկի աճին:

Քանի որ թարփոնների անհայտացումը կարող է միլիարդավոր դոլարների վնաս հասցնել, Ջերի Օլթին հաջողվել է մի քանի կազմակերպություններից աջակցություն ստանալ այս տեսակի հետազոտության համար:

Ըստ Օլթի` Ֆլորիդայում այժմ առևտրային ձկնորսական ընկերությունները տարեկան մոտ մեկ միլիարդ եկամուտ են ունենում, մինչդեռ ժամանցի նպատակներով գործող ձկնորսական ընկերությունների տարեկան եկամուտը հասնում է տաս միլիարդի:

Ջերի Օլթը նաև սուզվում է կամուրջների հատվածներում, որտեղ սովորաբեր լինում են թարփոնները: Նա փաստագրում է նրանց թիվը և չափսերը: Նա ասում է, որ բազմաթիվ գործոններ են վտանգում օվկիանոսի ամենահզոր և ամենահին կենդանու գոյությունը, այդ թվում` սովորաբար թարփոնի կեր դարձող, ծովախեցգետնի տեսքով խայծի վերացումը:

“Գործոնները բազմաթիվ են և փոխլրացնող` հնարավոր կերի փոփոխությունը, ախտոտումը, բնակավայրերի քայքայումը և այլն: Այս ամենի համակցությունը բացասաբար է անդրադառնում”, մանրամասնել է նա:

Արբանյակային պիտակի և հետազոտությունների շնորհիվ` Ջերի Օլթին հաջողվել է արժեքավոր տվյալներ հավաքագրել, որոնք կարող են նպաստել այս ձկնատեսակի թվի աճին:

Նա հայտնաբերել է, որ թարփոնները մեծ տարածություններ կարող են անցնել իրեն համար կատարյալ ջերմաստիճանի ջուր գտնելու համար: Ֆլորիդայից նրանք կարող են մոտ 2,000 կմ դեպի հյուսիս կամ հարավ գնալ Ցելսիուսի սանդղակով 26 աստիճան ջուր գտնելու համար:

Ազգային օվկիանոսագիտության և ձկնորսության ծառայությունից Մարգարեթ Միլերի խոսքերով` օվկիանոսի ջրի ջերմաստիճանի բարձրացումը կարող է վտանգել մի շարք տեսակների, այդ թվում` թարփոնի գոյությունը:

Այսպիսով, տաս տարի այս ձկնատեսակն ուսումնասիրելուց հետո Ջերի Օլթը հանգել է այն եզրակացությանը, որ մարդու գործունեությունն է վտանգում դինոզավրերից ի վեր ապրող այս տեսակի գոյատևումը:

XS
SM
MD
LG