Մինչեւ անցյալ տարի աշխարհի ամենախոշոր ավտոընկերությունը համարվող ամերիկյան ՝՝Ջեներալ Մոթորզ՛՛-ը, մարդկանց գնողունակության անկման ու բենզինի բարձր գների պատճառով, երկուշաբթի օրը ստիպված էր հայտարարել իր սնանկացման մասին։
82 մլրդ ընդհանուր կարողությամբ ընկերության 173 մլրդ դոլարի պարտքերը պիտի մարի պետությունը, ակնկալելով, որ հարյուրամյա ընկերությունը կներկայացնի համաշխարհային շուկայում մրցունակ դառնալու մասին մի ծրագիր։
Արհեստակցական միության անդամների հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն։ Մինչեւ 2Օ15 թվականը արհմիությունը պարտավորվում է չանցկացնել որեւէ գործադուլ, սառեցվում է բոլոր աշխատավարձերի բարձրացումը։
Մասնագետները ՝՝Ջեներալ Մոթորզ՛՛-ի սնանկացումը համեմատում են Տիտանիկի կործանման հետ ու կարծիք հայտնում, որ ընկերությունը սնանկացման մասին պիտի հայտարարեր ավելի վաղ, ինչը տնտեսական անկումից առաջ ընկերության համար ավելի հարմար պայմաններ կստեղծեր։
Ընկերությունն այժմ ունի 6Օ-9Օ օրում մի նոր ընկերության վերածվելու ծրագիր, որին կմասնակցեն ՝՝Քադիլաք՛՛-ի, ՝՝Շեւրոլե՛՛-ի, ՝՝Բյուիք՛՛-ի տարբեր միավորումներ։ Սնանկացումների Դաշնային դատարանը հետեւելու է ՝՝Ջեներալ Մոթորզ՛՛-ի այնպիսի ոչ արդյունավետ գործարանների վաճառքը կամ լուծարումը, ինչպես ՝՝Սատուրն՛՛-ը եւ ՝՝Համեր՛՛-ը։ Դրանց թիվը հասնում է 11-ի։
Ըստ արհմիության հետ կայացված համաձայնության, գործարաններից մեկը կվերասարքավորվի՝ ամերիկյան ոճի մեծ ավտոմեքենաների փոխարեն եւրոպական տիպի ավելի փոքր ու ավելի քիչ վառելանյութ պահանջող ավտոմեքենաներ արտադրելու համար։
Վերափոխվելու է ՝՝Ջեներալ Մոթորզ՛՛-ին պատկանող շվեդական ՝՝Սաաբ՛՛ գործարանը։
՝՝Ջեներալ Մոթորզ՛՛-ի սնանկացումը Ամերիկայի պատմության մեջ երրորդ ամենախոշոր հայցն է՝ ներկայացված երկրի կառավարությանը։
Սննանկացման հարցում ՝՝Ջեներալ Մոթորզ՛՛-ից ժամանակային տեսանկյունով առաջ անցած ՝՝Քրայսլեր՛՛-ը այժմ պատրաստվում է իր ֆինանսական ակտիվի մեծ մասը փոխանցել մեկ հաստատության, որը ղեկավարվելու է իտալական ՝՝Ֆիատ՛՛-ի կողմից։ Գործարք, որը կիրակի օրը երեկոյան հաստատել է Նյու Յորքի սնանկացումների դաշնային դատարանը։
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, թե դաշնային կառավարությունը, որպես ՋՄ-ին աջակցելու քայլ, կդառնա այս ընկերության ժառանգորդ մի ավելի փոքր ընկերության բանետոմսերի 6Օ տոկոսի սեփականատերը ու հույս հայտնեց, որ ամերիկյան կապիտալիզմի խորհրդանիշ ՋՄը արագ դուրս կգա այս իրավիճակից։
Սակայն ՝՝Ջեներալ Մոթորզ՛՛-ը այս ընթացքում այնուամենայնիվ փակելու է 14 գործարան, կրճատելու եւս 21 հազար աշխատատեղ։