ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայում իրականացվող բռնությունները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայում իրականացվող բռնությունները

Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդը խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի կառավարության կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի գործադրման, ինչպես նաև երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից այլախոհների նկատմամբ բռնությունների գործադրման և մարդու իրավունքների խախտման ուղղված քաղաքականությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Սիրիայում գնալով սաստկացող բռնությունների վերաբերյալ երեք ամիս շարունակ լռություն պահպանելուց հետո, չորեքշաբթի օրը հրապարակել է Խորհրդի նախագահի հայտարարությունը, որը հավանության արժանացնելու համար պահանջվում է Խորհրդի բոլոր 15 անդամ պետությունների համաձայնությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի կողմից ընդունված հայտարարությունը սակայն չի համարվում այնքան մեծ ուժ ունեցող, որքան Անվտանգության խորհրդի ամբողջական կազմով ընդունված բանաձևը:

Սիրիայի հարևան և դաշնակից Լիբանանը չի խոչընդոտել Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության ընդունումը, սակայն հայտնել է հայտարարության տեքստի հետ առնչություն չունենալու մասին:

Սիրիայում անվտանգության ուժերը շարունակել են բռնություններ իրականացնել, և օրվա ընթացքում խռովությունների կիզակետ Համա քաղաք մուտք են գործել բանակի նոր ստորաբաժանումներ և տանկեր:

Ակտիվիստների և ականատեսների համաձայն, Սիրիայի անվտանգության ուժերի կողմից կիրակի օրը մեկնարկած գրոհի պատճառով զոհվել է ավելի քան 130 մարդ:

Սիրիայի պետական լրատվամիջոցների համաձայն, կիրակի օրը կայանալու է երկրի «Ժողովրդական ժողով»-ի նիստը, որի ընթացքում քննարկվելու են «քաղաքացիների շահերը և երկրին առնչվող խնդիրները»:

Վաշինգտոնում երեքշաբթի օրը կայացել է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընի հանդիպումը Սիրիայի քաղաքական ակտիվիստների հետ: Քլինթընի հանդիպումը Սիրիայի ակտիվիստների հետ այդ երկրում հակակառավարական ցույցերի սկզբի ժամանակից ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից արտասահմանում ապրող սիրիացի ընդդիմադիրների հետ կապեր հաստատելուն ուղղված առաջին փորձն է:

Արտգործնախարար Քլինթընը կոչ է արել ակտիվիստներին շարունակել համագործակցությունը Սիրիայում գտնվող իրենց համախոհների հետ՝ ասելով, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցություն ցուցաբերել երկրի ժողովրդին: Արտգործնախարարը նշել է նաև, որ ԱՄՆ-ը փորձում է Դամասկոսի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել:

Սիրիայի ակտիվիստներին իրենց հերթին հորդորել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային դիմել Սիրիայի նախագահ Ասադին հրաժարական ներկայացնելու կոչով:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս նախագահ Օբաման ասել է, թե նախագահ Ասադը «իր ժողովրդի աչքում կորցրել է լեգիտիմությունը և վատնել իրական բարեփոխումներ իրականացնելու բազմաթիվ հնարավորություններ»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը երեքշաբթի օրը զգուշացրել է Սիրիայի իշխանություններին, որ «աշխարհը հետևում է այս պետությունում տեղի ունեցող իրադարձություններին՝ քննադատելով նախագահ Ասադի կողմից ժողովրդի դեմ իրականացվող բռնություններն օտարերկրյա լրատվամիջոցների և ՄԱԿ-ի փաստահավաք խմբի երկիր մուտք գործելու արգելման միջոցով քողարկելու մեջ: