«Սիրիան մոռանալու է քարտեզի վրա Եվրոպայի գոյության մասին»

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալիմ

Սիրիայի պաշտոնատար անձանց համաձայն, այս երկրի դեմ Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցները հավասար են պատերազմի, և Սիրիան չի հանդուրժի իր ներքին գործերին օտարերկրյա որևէ միջամտություն։

Արտգործնախարար Վալիդ ալ-Մուալիմը Դամասկոսում չորեքշաբթի օրն իր ելույթի ընթացքում ասել է, որ զինուժի հետ կապեր պահպանող ընկերությունների դեմ ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները ապացուցում են, որ ԵՄ-ը ցանկանում է «վեճ և քաոս» սերմանել արաբական պետություններում։

Նրա համաձայն, իր երկիրը անտեսում է ԵՄ-ի պատժամիջոցները՝ ավելացնելով, թե Սիրիան «մոռանալու է քարտեզի վրա Եվրոպայի գոյության մասին»։ Նա նաև հերքել է խռովությունները կասեցնելու գործում Իրանի և «Հեզբոլլահ»-ի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադին օգնություն ցուցաբերելու մասին հաղորդագրությունները։

Այս շաբաթվա սկզբին Սիրիայի նախագահ Ասսադն առաջարկել է ազգային երկխոսություն անցկացնել՝ երկրում քաղաքական բարեփոխումները քննարկելու նպատակով։

Բռնություններից փախուստի դիմած մոտ 10 հազար սիրիացի փախստականների համար վրանային մի քանի ճամբար հիմնած Թուրքիայի իշխանությունների համաձայն, Ասսադի առաջարկը «բավարար չէ»։

Սիրիայի արտգործնախարարը դիմել է Թուրքիայի իշխանություններին իրենց գնահատականը վերանայելու կոչով՝ ասելով, որ Սիրիան «ցանկանում է իր հյուսիսային հարևանի հետ պահպանել լավագույն հարաբերություններ»։