ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի վերջին պահին ձեռք բերված փոխզիջման արդյունքում հաջողվել է համաձայնության հասնել երկրի կողմից փոխառություններ կատարելու վերին սահմանը բարձրացնելու և պետական բյուջեի ծախսերը նվազեցնելու շուրջ, ինչը նպաստել է երկրի տնտեսությանը սպառնացող կործանիչ հարվածը կանխելուն:
Նախագահ Օբաման, հանդես գալով չորեքշաբթի օրը նախարարների խորհրդի հանդիպումից առաջ, ասել է, որ Կոնգրեսի համար բավականին դժվար կլինի գտնել ձեռք բերված համաձայնությամբ պահանջվող ծախսերի կրճատման լրացուցիչ ուղիներ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները չորեքշաբթի օրը «Վաշինգտոն փոստ» թերթում հրապարակված հոդվածում պաշտպանել է փոխզիջման գործարքը՝ ասելով, որ այն հնարավորություն է տալու պետական պաշտոնյաներին «կարգի բերել» խաթարված համակարգը: Գայթներն ասել է նաև, որ վերջին պահին կնքված գործարքը վերացրել է դեֆլոտի վտանգը, որի պատճառով կարող էին բարձրանալ փոխառությունների տոկոսադրույքները, ինչի արդյունքում հաճախորդները կարող էին ստիպված լինել վճարել ավելի բարձր տոկոսադրույքներ վարկային քարտերի և անհրաժեշտ այլ տեսակի վարկերի միջոցով փոխառված գումարներով:
Գայթներն ասել է նաև, որ գործարքի կնքման միջոցով շահած ժամանակը հնարավորություն կտա կառավարությանը ներդրումներ կատարել կրթական, տեխնոլոգիկան և ենթակառուցվածքային նախագծերի մեջ՝ նպաստելով տնտեսական աճին:
Այս գործարքը սակայն արժանացել է որոշ ակնառու գործիչների քննադատրությանը: Աշխարհի ամենախոշոր ներդրումային ընկերություններից մեկի՝ «Pimco» ընկերության գործադիր տնօրեն Մոհամեդ Էլ-Էրիանը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «գործարքը վատթարացնում է ԱՄՆ-ի տնտեսության զարգացման վերաբերյալ առանց այն էլ մռայլ կանխատեսումները»:
Վարկային հիմնական գործակալությունները նույնպես բավականին զուսպ են արձագանքել գործարքի կնքմանը: «Moody’s» ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունը երեքշաբթի երեկոյան հայտնել է, որ այն պահպանելու է Միացյալ Նահանգների «AAA» վարկային վարկանիշը, սակայն փոխելու է երկրի տնտեսական զարգացման կանխատեսումը «բացասական» ցուցանիշի:
«Fitch» վարկային գործակալության համաձայն, Միացյալ Նահանգների կողմից իր պարտքային պարտավորությունները չկատարելու վտանգը բավականին ցածր է մնում, սակայն, ընկերության համաձայն, անհրաժեշտ է մշակել բյուջեի պակասորդը նվազեցնելուն ուղղված առավել արժանահավատ ծրագիր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը ստորագրել է Միացյալ Նահանգների պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու մասին օրինագիծը՝ կասեցնելով երկրի կառավարության կողմից պարտքային պարտավորությունների չկատարման հնարավորությունը վերջնաժամկետի լրանալուց ընդամենը մի քանի ժամ առաջ:
Օրենքի ուժ ստացած օրինագիծը նախագահ Օբաման դեպի ֆինանսական պատասխանատվությունը տանող կարևոր առաջին քայլ է անվանել:
ԱՄՆ-ի Սենատի կողմից ձայների 74-ը կողմ, 26-ը դեմ հարաբերակցությամբ օրինագիծը հավանության արժանացնելուց քիչ անց Բարաք Օբաման ԱՄՆ-ի Սպիտակ տանը հավաքված լրագրողներին հայտնել է պետական բյուջեի պակասորդը նվազեցնելուն ուղղված աշխատանքը մեկնարկելու մասին:
«Այս փոխզիջմամբ երաշխավորվում է նվազեցնել բյուջեի պակասորդն ավելի քան երկու տրիլիոն դոլարի չափով», - ասել է Օբաման՝ հավելելով. «Օրենքը կարևոր առաջին քայլն է այն ուղղությամբ, որ մենք, որպես պետություն, ապրենք մեր հնարավորությունների սահմաններում»:
Նախագահ Օբաման իր զայրույթն ու խիստ քննադատությունն է արտահայտել այն հանգամանքով, որ քննարկումներն անցկացվել են գրեթե մինչև այն վերջնաժամկետը, որից հետո երկիրը կարող էր հայտարարել պարտքային պարտավորությունների կատարման անհնարինության՝ դեֆլոտի մասին: Օբամայի համաձայն, Վաշինգտոնում «մշակված ճգնաժամը» մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների տնտեսությանը, որը մինչ օրս պայքարում է՝ հաղթահարելու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները:
«Այս ամենը մեր ձեռքում էր: Շատ հնարավոր է, որ պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու շուրջ անորոշությունն առաջացնում էր ինչպես գործարար աշխարհի, այնպես էլ անհատ սպառողների անհանգստությունը և դարձել էր ևս մեկ խոչընդոտ՝ տնտեսության վերականգման ճանապարհին: Իսկ այս խնդիրը մենք կարող էինք ընդհանրապես չստեղծել»:
Միացյալ Նահանգների նախագահի համաձայն, «տնտեսական աղետի վտանգը չէ միայն, որ պետք է ստիպի օրենսդիրներին աշխատել միասին և կատարել իրենց պարտականությունները»: Նա ասել է, որ ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների համար այժմ առաջնային պետք է լինեն աշխատատեղերի ստեղծմանն ու ԱՄՆ-ի տնտեսությունը վերականանգնելունն ուղղված ջանքերը:
Օբաման կոչ է արել Կոնգրեսին մոտակա ապագայում ընդունել տնտեսության ամրապնդմանն ուղղված բազմաթիվ օրենքներ: