Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ստորագրել է պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու մասին օրենքը


Նախագահ Օբաման ստորագրել է պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու մասին օրենքը
Նախագահ Օբաման ստորագրել է պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու մասին օրենքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը ստորագրել է Միացյալ Նահանգների պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու մասին օրինագիծը՝ կասեցնելով երկրի կառավարության կողմից պարտքային պարտավորությունների չկատարման հնարավորությունը վերջնաժամկետի լրանալուց ընդամենը մի քանի ժամ առաջ:

Օրենքի ուժ ստացած օրինագիծը նախագահ Օբաման դեպի ֆինանսական պատասխանատվությունը տանող կարևոր առաջին քայլ է անվանել:

ԱՄՆ-ի Սենատի կողմից ձայների 74-ը կողմ, 26-ը դեմ հարաբերակցությամբ օրինագիծը հավանության արժանացնելուց մի քանի րոպե անց Բարաք Օբաման ԱՄՆ-ի Սպիտակ տանը հավաքված լրագրողներին հայտնել է պետական բյուջեի պակասորդը նվազեցնելուն ուղղված աշխատանքը մեկնարկելու մասին:

«Այս փոխզիջմամբ երաշխավորվում է նվազեցնել բյուջեի պակասորդն ավելի քան երկու տրիլիոն դոլարի չափով», - ասել է Օբաման՝ հավելելով. «Օրենքը կարևոր առաջին քայլն է այն ուղղությամբ, որ մենք, որպես պետություն, ապրենք մեր հնարավորությունների սահմաններում»:

Նոր օրենքի ընդունումն անմիջապես հնարավորություն է ընձեռել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանը կատարել լրացուցիչ 400 միլիարդ դոլարի փոխառություն, որին ապագայում կհաջորդեն նաև այլ փոխառություններ: Օրենքով նախատեսվում է նաև գալիք տասը տարիների ընթացքում նվազեցնել 14,3 տրիլիոն դոլար կազմող պետական պարտքն առնվազն 2,1 տրիլիոն դոլարով:

Նախագահ Օբաման իր զայրույթն ու խիստ քննադատությունն է արտահայտել այն հանգամանքով, որ քննարկումներն անցկացվել են գրեթե մինչև այն վերջնաժամկետը, որից հետո երկիրը կարող էր հայտարարել պարտքային պարտավորությունների կատարման անհնարինության՝ դեֆլոտիի մասին: Օբամայի համաձայն, Վաշինգտոնում «մշակված ճգնաժամը» մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների տնտեսությանը, որը մինչ օրս պայքարում է՝ հաղթահարելու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները:

«Այս ամենը մեր ձեռքում էր: Շատ հնարավոր է, որ պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու շուրջ անորոշությունն առաջացնում էր ինչպես գործարար աշխարհի, այնպես էլ անհատ սպառողների անհանգստությունը և դարձել էր տնտեսության վերականգման ճանապարհին ևս մեկ խոչընդոտ: Իսկ այս խնդիրը մենք կարող էինք ընդհանրապես չստեղծել»:

Միացյալ Նահանգների նախագահի համաձայն, «տնտեսական աղետի վտանգը չէ միայն, որ պետք է ստիպի օրենսդիրներին աշխատել միասին և կատարել իրենց պարտականությունները»: Նա ասել է, որ ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների համար այժմ առաջնային պետք է լինեն աշխատատեղերի ստեղծմանն ու ԱՄՆ-ի տնտեսությունը վերականանգնելունն ուղղված ջանքերը:

Օբաման կոչ է արել Կոնգրեսին մոտակա ապագայում ընդունել տնտեսության ամրապնդմանն ուղղված բազմաթիվ օրենքներ, որոնց թվում են Կոլումբիայի, Պանամայի և Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի մասին պայմանագրերը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի արտաքին պարտքի վերին սահմանը բարձրացնելուն ու բյուջեի ծախսային մասը կրճատելուն ուղղված գործարքը՝ ձայների 269 կողմ, 161 դեմ հարաբերակցությամբ:

Օրինագիծը բավականին սառը ընդունելության էր արժանացել օրենսդիրների կողմից: Պահպանողական որոշ օրենսդիրների համաձայն, դրանով չի նախատեսվում բավարար կրճատումներ կատարել, իսկ ազատականները բողոքում են, թե կրճատումները չափազանց խորն են, և օրինագծով չի նախատեսվում ավելացնել հարուստ ամերիկացիների հարկումը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից օրինագիծն ընդունելուց հետո նախագահ Օբաման ասել էր, թե ապագա կրճատումների շուրջ բանակցությունների ընթացքում քննարկվելու են բոլոր մանրամասները, ներառյալ հարկերի ավելացումը և «Մեդիքեր» սոցիալական ապահովության նման ծրագրերում կատարվելիք կրճատումները: Նախագահի համաձայն, բանակցությունների ընթացքում համաձայնության չգալու դեպքում գործարքով նախատեսված է կրճատումներն իրականացնել ինքնաբերաբար:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ գործարքը թույլ կտա խուսափել պարտքի վերին սահմանի շուրջ բանակցություններից ընդհուպ մինչև 2013 թվականը՝ ԱՄՆ-ում հաջորդ նախագահական և Կոնգրեսի ընտրություններն անցկացնելուց հետո:

Նմանատիպ

XS
SM
MD
LG