Մատչելի հղումներ

Վերջնաժամկետը մոտ է, սակայն Վաշինգտոնում պետական պարտքի շուրջ որոշում դեռևս չի կայացվել


Վերջնաժամկետը մոտ է, սակայն Վաշինգտոնում պետական պարտքի շուրջ որոշում դեռևս չի կայացվել
Վերջնաժամկետը մոտ է, սակայն Վաշինգտոնում պետական պարտքի շուրջ որոշում դեռևս չի կայացվել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատական կուսակցության իր դաշնակիցները, ինչպես նաև ընդդիմադիր հանրապետականները դեռևս ավարտի չեն հասցրել պետական փոխառությունների սահմանի բարձրացման շուրջ վեճը, չնայած օգոստոսի 2-ին նշանակված վերջնաժամկետը գնալով մոտենում է:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քերնիի համաձայն, վերջնաժամկետին որոշում չկայացնելու դեպքում Միացյալ Նահանգներն պատմության մեջ առաջին անգամ կզրկվի ֆինանսական միջոցների փոխառություն կատարելու իրավազորությունից: Նրա համաձայն, պետական պարտքի շուրջ բանակցություններում ներգրավված բոլոր կողմերը պատրաստ են գալու այնպիսի փոխզիջման, որի արդյունքում չի երկարաձգվի Միացյալ Նահանգների տնտեսության վրա բացասական ազդեցություն ունեցող անորոշությունը:

Հանրապետական որոշ օրենսդիրներ չորեքշաբթի օրը փորձել են լրամշակել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների կողմից առաջարկված ծրագիրը Կոնգրեսի անկուսակցական վերլուծաբանների կողմից ծրագրով նախատեսված ծախսերի կրճատումների իրականացման անհնարինության մասին հայտնելուց հետո:

ԱՄՆ-ի Կոնգրեսի ծայրահեղ պահպանողական «Թեյախմության կուսակցություն» խմբակցության որոշ անդամներ խոստացել են քվեարկել Բոների կամ որևէ այլ ծրագրի դեմ այն դեպքում, եթե նման ծրագրով նախատեսված լինի 14,3 տրիլիոն դոլարի հասնող պետական պարտքի վերին սահմանի որևէ բարձրացում:

Ուսումնասիրվում է նաև ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդի կողմից ներկայացված առաջարկությունը: Որևէ կուսակցության շահերը չպաշտպանող Կոնգրեսի բյուջեի գրասենյակի համաձայն, ծրագրում տասը տարվա ընթացքում նախատեսված 2,7 տրիլիոն դոլարով ծախսերի կրճատումը կես տրիլիոն դոլարով գերազանցում է խնայողություններ իրատեսական ծավալը: Որոշ հանրապետականների համաձայն, Ռիդի առաջարկության մեջ ներկայացվող որոշ ծախսերի կրճատումը նույնպես անիրատեսական է:

Սենատոր Ռիդի համաձայն, հանրապետականները պետք է ընդունեն իր ծրագիրը, քանի որ դրանում ներառված են իրենց հավանությանն արժանացած մեծ թվով կրճատումներ, և ներառված չեն հարկերի բարձրացման այն ծրագրերը, որոնց դեմ են հանդես գալիս հանրապետականները:

ԱՄՆ-ի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ուիլյամ Դեյլին, հանդես գալով հեռուստատեսությամբ, համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները չի թերանալու իր պարտքային պարտավորությունների կատարման մեջ: Դեյլիի համաձայն, առկա են պետական պարտքի նվազեցման բազմաթիվ ծրագրեր, և օգոստոսի 2-ի վերջնաժամկետի մոտ լինելու պատճառով բոլորն էլ լարվածություն են զգում: Նա սակայն նշել է, որ «վերջ ի վերջո, Կոնգրեսը ճիշտ որոշում կընդունի»:

ԱՄՆ-ում քաղաքական անզիջում պայքարով ստեղծված անորոշ իրավիճակը և փոխզիջման բացակայությունն առաջացրել են ներդնողների անհանգստությունը՝ պատճառ դառնալով արժեթղթերի շուկայում անկման և դոլարի նկատմամբ «ապահով ապաստան» համարվող ներդրումների՝ շվեյցարական ֆրանկի և ոսկու գնի աննախադեպ աճի:

Նմանատիպ

XS
SM
MD
LG