Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը հետաձգել է պետական պարտքի հարցով քվեարկությունը


ԱՄՆ-ի Կոնգրեսը հետաձգել է պետական պարտքի հարցով քվեարկությունը
ԱՄՆ-ի Կոնգրեսը հետաձգել է պետական պարտքի հարցով քվեարկությունը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի առաջնորդները հինգշաբթի ուշ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի նրանք չեն քվեարկելու Միացյալ Նահանգների կողմից կատարվող փոխառությունների վերին սահմանը բարձրացնելու և ծախսերը կրճատելու վերաբերյալ հանրապետականների կողմից մշակված ծրագրի շուրջ:

Այս ծրագրի վերաբերյալ քվեարկությունը պետք է կայանար հինգշաբթի օրվա ընթացքում, սակայն հետաձգվել է, քանի որ հանրապետականների առաջնորդները փորձում են ձեռք բերել կուսակցության ավելի մեծ թվով անդամների աջակցությունը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների կողմից ներկայացված ծրագրին:

Բոների ծրագրով առաջարկվում է բարձրացնել Միացյալ Նահանգների 14,3 տրիլիոն դոլար կազմող փոխառություններ կատարելու վերին սահմանը՝ փոխարենը միլիարդավոր դոլարներով կրճատելով պետական ծախսերը:

Ներկայացուցիչների պալատում փոքրամասնություն կազմող կուսակցության կազմակերպիչ Ստենլի Հոյերը հինգշաբթի ավելի վաղ ասել է, որ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներից ոչ ոք կողմ չի քվեարկելու Բոների օրինագծի օգտին:

Ջոն Բոների ծրագիրը քննադատել են նաև հանրապետական կուսակցության ծայրահեղ պահպանողական «Թեյախմության կուսակցության» խմբավորման ներկայացուցիչները, որոնց համաձայն ծրագրում նախատեսված ծախսերի կրճատումների ծավալը բավարար չէ:

ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդն իր համացանցային կայքէջի միջոցով հայտնել է, թե Բոների ծրագիրը Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվելու դեպքում այն չի արժանանա դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատի հավանությանը:

Ռիդն իր հերթին առաջ է քաշում մեկ այլ ծրագիր՝ անվանելով այն «հանրապետականների նպատակներից շատերը ներառող փոխզիջում»: Ռիդի ծրագրով նախատեսվում է բարձրացնել պարտքի վերին սահմանը, 2,5 տրիլիոն դոլարով նվազեցնել ծախսերը և դադարեցնել հարկերի բարձրացմանն ուղղված աշխատանքը:

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քերնիի համաձայն, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կարծում է, թե մինչև օգոստոսի 2-ի վերջնաժամկետը հնարավոր կլինի հասնել փոխզիջման: Քերնիի համաձայն, փոխզիջման հասնելու դեպքում հնարավոր կդառնա զգալիորեն կրճատել ծախսերը, մշակել հարկային բարեփոխումների ծրագիր, վերահսկողություն հաստատել սոցիալական ծրագրերի շրջանակում կատարվող ծախսերի նկատմամբ, ինչպես նաև բարձրացնել պետական պարտքի վերին սահմանը:

Այն դեպքում, եթե մինչև օգոստոսի վերջնաժամկետը Միացյալ Նահանգների օրենսդիրները համաձայնության չգան պետական փոխառություններ կատարելու օրինական սահմանը բարձրացնելու շուրջ, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն իր տրամադրության տակ չի ունենալու բոլոր հաշիվներով վճարումներ կատարելու համար բավարար գումար, ինչի արդյունքում առաջացած դեֆոլտը ստիպելու է վարկանիշային գործակալություններին նվազեցնել ԱՄՆ-ի վարկային վարկանիշը՝ բերելով տոկոսադրույքի բարձրացմանն ու վնաս հասցնելով երկրի տնտեսական վերականգնմանը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG