Մատչելի հղումներ

Օբամա. «Օրենսդիրները պետք է ճիշտ որոշում ընդունեն պետական պարտքի խնդրի շուրջ»


Օբամա. «Օրենսդիրները պետք է ճիշտ որոշում ընդունեն պետական պարտքի խնդրի շուրջ»
Օբամա. «Օրենսդիրները պետք է ճիշտ որոշում ընդունեն պետական պարտքի խնդրի շուրջ»

Նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների առաջնորդները պետք է ճիշտ որոշում կայացնեն և աշխատեն իր հետ՝ պետական բյուջեի պակասորդի հաշվին ֆինանսավորվող ծախսերը կրճատելու և պետական պարտքի առավելագույն շեմը բարձրացնելու խնդիրների շուրջ փոխզիջման գալու նպատակով։ ԱՄՆ-ի Սպիտակ տանը բանակցությունները վերսկսելուց առաջ նախագահ Օբաման մամուլի հետ կայացած հանդիպումն օգտագործել է՝ օրենսդիրների վրա էլ ավելի մեծ ճնշում գործադրելու համար։

Խոստանալով մինչև պակասորդի և պարտքի խնդիրների լուծումը Կոնգրեսի առաջնորդների հետ հանդիպումներ անցկացնել յուրաքանչյուր օր՝ նախագահ Օբաման հավելել է, թե, բոլորի կարծիքով, 14,3 տրիլիոն դոլար կազմող պետական պարտքի առավելագույն շեմը չբարձրացնելն անընդունելի է։

«Հանրապետական իմ բարեկամներն արդեն որքան ժամանակ է ասում են, թե մեր պարտքի և պակասորդի խնդիրների լուծումը բարոյական հրամայական են։ Նրանց համաձայն, դրանք այն երևույթներից են, որոնք անորոշություն են ստեղծում և հետաձգում գործարարների համայնքի կողմից կատարվելիք ներդրումները։ Այսպիսով, ես ասեցի նրանց՝ եկեք անցնենք գործի» - ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Բարաք Օբաման իր խոսքում հաստատել է, որ ինքն ու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոները փորձում էին համաձայնության հասնել հնարավորինս լայնածավալ փաթեթի շուրջ, որի արդյունքում հնարավոր կլիներ գտնել երկարաժամկետ լուծում պարտքի և պակասորդի խնդիրներին, սակայն Բոները չշարունակեց բյուջեի ծախսային մասի կրճատման և եկամուտների ավելացման համակցության միջոցով մոտ չորս տրիլիոն դոլար ծավալով այս համաձայնության շուրջ իրականացվող աշխատանքը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բոները, Կապիտոլիումի բլրից Սպիտակ տակ բանակցությունների ուղևորվելուց առաջ հայտնել է, որ պարտքի և պակասորդի խնդիրների շուրջ «անդունդը» դեռևս բավականին խորն է։

Բոներն ասել է, թե համաձայն է նախագահիի այն համոզմունքի հետ, որ Միացյալ Նահանգներին չի կարելի թույլ տալ չկատարել պարտքային պարտավորությունները, սակայն նշել է, որ նման զարգացումը կանխելու նպատակով Կոնգրեսը պետք է նախ հավանության արժանացնի համապատասխան օրենքի նախագիծը, որի ներկայիս խմբագրությունը, իր խոսքերով, Ներկայացուցիչների պալատը չի ընդունի։

Նախագահ Օբաման իր հերթին հստակ հայտնել է, որ առաջ է քաշելու հնարավորինս մեծածավալ համաձայնություն՝ ասելով, որ դա թույլ կտա ձևավորել առավել կառավարելի պակասորդ և կայունացնել պարտքն այն մակարդակում, որը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը։

«Քննարկմանը ենթակա չեն այս խնդրի կարգավորմանն ուղղված 30, 60, 90, 180-օրանոց ժամանակավոր լուծումները» - ասել է նախագահը՝ հավելելով. «Խոսքը գնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, և մեր առջև ծառացած խնդիրների կարգավորման համար պետք չէ փնտրել եռամսյակային լուծումներ։ Իրավունք չունենք քաղաքականությունը մի կողմ դնել ունակ չլինելու պատճառով չկատարել մեր պարտքային պարտավորությունները»։

Նախագահ Օբամայի համաձայն, ֆինանսական խառնաշփոթը կարգավորելուն ուղղված աշխատանքը գալիք վեց ամսվա ընթացքում, երբ կմեկնարկեն 2012 թվականի նախագահական և կոնգրեսական ընտրությունները, դառնալու էլ ավելի բարդ։ Նրա համաձայն, բոլոր կողմերին անհրաժեշտ կլինի զիջումներ կատարել։

Նմանատիպ

XS
SM
MD
LG