ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի արտաքին պարտքի վերին սահմանը բարձրացնելուն ու բյուջեի ծախսային մասը կրճատելուն ուղղված գործարքը՝ ձայների 269 կողմ, 161 դեմ հարաբերակցությամբ:
Օրինագիծը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին շարունակել փոխառություններ կատարել՝ իր պարտքային պարտավորությունները կատարելու համար, սակայն նախատեսում է գալիք տասը տարվա ընթացքում կրճատել պետական ծախսերը մոտ մեկ տրիլիոն դոլարով:
Օրինագիծը բավականին սառը ընդունելության է արժանացել օրենսդիրների կողմից: Պահպանողական որոշ օրենսդիրների համաձայն, դրանով չի նախատեսվում բավարար կրճատումներ կատարել, իսկ ազատականները բողոքում են, թե կրճատումները չափազանց խորն են, և օրինագծով չի նախատեսվում ավելացնել հարուստ ամերիկացիների հարկումը:
Օրենսդիրներից գրեթե բոլորը սակայն համաձայն են, որ իրենց հավանությանն արժանացրած փաթեթը գերադասելի է Միացյալ Նահանգների դեֆոլտից:
Սպասվում է, որ ԱՄՆ-ի Սենատը օրինագծի ընդունման շուրջ քվեարկություն է անցկացնելու երեքշաբթի օրը, և երկու կուսակցությունների առաջնորդներն ակնկալում են, որ օրինագիծը կընդունվի: Սենատի կողմից ընդունվելուց հետո օրինագիծը օրենքի ուժ կստանա, երբ նախագահ Օբաման ստորագրի այն:
Օրինագծում ներառված միջոցառումների փաթեթը փոխզիջում է հանրապետականների, դեմոկրատների և ԱՄՆ-ի Սպիտակ տան միջև: Այս միջոցառումները մշակվել են մի քանի ամիս տևած քաղաքական պայքարի արդյունքում, որի արդյունքում Վաշինգտոնը հասցվել է իր հսկայական պարտքային պարտավորությունները չկատարելու վտանգի եզրին:
Նախագահ Բարաք Օբամայի համաձայն, գործարքը ներառում է ԱՄՆ-ի Կոնգրեսում ապագայում 1,5 տրիլիոնի հասնող կրճատումները վերահսկող հանձնաժողովի ստեղծում, որի կազմում ներառված կլինեն երկու կուսակցությունների ներկայացուցիչներ:
Նախագահ Օբաման ասել է, որ ապագա կրճատումների շուրջ բանակցությունների ընթացքում քննարկվելու են բոլոր մանրամասները, ներառյալ հարկերի ավելացումը և «Մեդիքեր» սոցիալական ապահովության նման ծրագրերում կատարվելիք կրճատումները: Նախագահի համաձայն, բանակցությունների ընթացքում համաձայնության չգալու դեպքում գործարքով նախատեսված է կրճատումներն իրականացնել ինքնաբերաբար:
Նախագահն անվանել է այս համաձայնությունը փոխզիջում, որը թույլ կտա երկրին խուսափել պարտքային պարտավորությունների չվճարումից՝ միաժամանակ թույլ տալով կատարել դեֆիցիտի լուրջ նվազեցում: Նրա համաձայն, դեֆոլտը «կործանիչ ազդեցություն» կունենա Միացյալ Նահանգների տնտեսության վրա:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, գործարքը թույլ կտա խուսափել պարտքի վերին սահմանի շուրջ բանակցություններից ընդհուպ մինչև 2013 թվականը՝ ԱՄՆ-ում հաջորդ նախագահական և Կոնգրեսի ընտրություններն անցկացնելուց հետո: