Մի քանի տարվա ընթացքում «Exxon Mobil» նավթային ընկերությունը եղել է արժեթղթերի շուկայում ամենամեծ արժեքն ունեցող ընկերությունը:
Սպառողական էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում գործող ամերիկյան «Apple» ընկերությունը սակայն չորեքշաբթի օրն առաջ է անցել «Exxon Mobil»-ից՝ զբաղեցնելով արժեթղթերի շուկայում ամենամեծ արժեք ունեցող թիվ մեկ ընկերության տեղը:
Միացյալ Նահանգների արժեթղթերի շուկայում չորեքշաբթի օրը վաճառքների ավարտին «Exxon Mobil» ընկերության շուկայական գինը կազմել է մոտ 330, իսկ «Apple»-ի՝ 337 միլիարդ դոլար:
«iPhone» հեռախոսների, «iPad» պլանշետային համակարգիչների և «Macintosh» մակնիշի արտադրող «Apple» ընկերությունը մեկ օր առաջ նույնպես գերազանցել էր «Exxon Mobil»-ի շուկայական արժեքը, սակայն դա երկար չի տևել, և երեքշաբթի օրը վաճառքների ավարտին նավթային ընկերությունը վերադարձրել էր բաց թողնված առաջնությունը:
Ֆինանսական շուկայի վերլուծաբանների համաձայն, երկու ընկերությունների բաժնետոմսերի արժեքները շարունակվելու են տատանվել, սակայն «Exxon Mobil»-ի բաժնետոմսերի արժեքն ավելի անկայուն է լինելու:
«Exxon Mobil» ընկերության շուկայական արժեքը չորեքշաբթի օրը բարձրացել է՝ նավթի բարձրացող գնին համահունչ: Նավթի գների բարձրացմանն իր հերթին նպաստել է Միացյալ Նահանգների Կենտրոնական բանկի կողմից երեքշաբթի օրն ընդունած որոշումը, որի համաձայն բանկի կողմից սահմանված տոկոսադրույքները մնալու են պատմության մեջ գրանցված ամենացածր մակարդակին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կենտրոնական բանկի պաշտոնատար անձինք երեքշաբթի օրն անցկացված քվեարկության ժամանակ կողմ են քվեարկել պահպանելու ներկայիս չափազանց ցածր տոկոսադրույքը մինչև 2013 թվականը՝ փորձելով նոր թափ հաղորդել ԱՄՆ-ի անկայուն տնտեսությանը:
Ներկայիս տոկոսադրույքը, որը տատանվում է 0-ից 0,25 տոկոսի սահմաններում, սահմանվել է 2008 թվականի դեկտեմբերին: Պաշտոնատար անձինք հույս են հայտնել, որ ցածր տոկոսադրույքի պահպանման արդյունքում աճելու են կատարվող փոխառությունների և ծախսերի ծավալները, որոնք անհրաժեշտ են՝ տնտեսական զարգացումը խթանելու համար:
ԱՄՆ-ի Կենտրոնական բանկում այս հանդիպումն անցկացվել է՝ հետևելով աշխարհի ֆինանսական շուկաներում արդեն մի քանի օր շարունակվող անկմանն ու «Standard and Poor’s» վարկանիշային գործակալության կողմից ԱՄՆ-ի վարկային վարկանիշն իջեցման:
ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականությունը որոշող այս մարմնի պաշտոնյաների համաձայն, քննարկվել են նաև տնտեսությանն օժանդակելու քաղաքականության այլ միջոցներ, որոնք հարկ եղած դեպքում կգործարկվեն: