ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաձայն, նախատեսվածից դանդաղ տնտեսական աճը և աշխատաշուկայում ստեղծված իրավիճակն առաջացնում են իրենց մտահոգությունը:
Փորձելով նոր թափ հաղորդել ԱՄՆ-ի անկայուն տնտեսությանը՝ Կենտրոնական բանկի պաշտոնատար անձինք երեքշաբթի օրն անցկացված քվեարկության ժամանակ կողմ են քվեարկել պահպանելու ներկայիս չափազանց ցածր տոկոսադրույքը մինչև 2013 թվականը:
Ներկայիս տոկոսադրույքը, որը տատանվում է 0-ից 0,25 տոկոսի սահմաններում, սահմանվել է 2008 թվականի դեկտեմբերին: Պաշտոնատար անձինք հույս են հայտնել, որ ցածր տոկոսադրույքի պահպանման արդյունքում աճելու են կատարվող փոխառությունների և ծախսերի ծավալները, որոնք անհրաժեշտ են՝ տնտեսական զարգացումը խթանելու համար:
ԱՄՆ-ի Կենտրոնական բանկում այս հանդիպումն անցկացվել է՝ հետևելով աշխարհի ֆինանսական շուկաներում արդեն մի քանի օր շարունակվող անկմանն ու «Standard and Poor’s» վարկանիշային գործակալության կողմից ԱՄՆ-ի վարկային վարկանիշն իջեցման:
Կենտրոնական բանկի կողմից հրապարակված հայտարարությունից հետո ամերիկյան ընկերությունների արժեթղթերի գներն իջել են, ապա բարձրացել, և օրվա ընթացքում շուկայում շարունակվել են կտրուկ տատանումները:
ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականությունը որոշող այս մարմնի պաշտոնյաների համաձայն, քննարկվել են նաև տնտեսությանն օժանդակելու քաղաքականության այլ միջոցներ, որոնք հարկ եղած դեպքում կգործարկվեն:
Հիշեցնենք, որ «Standard and Poor’s» վարկային վարկանիշներ սահմանող ընկերության կողմից անցյալ ուրբաթ օրը Միացյալ Նահանգների վարկային վարկանիշի իջեցումը վկայում է այն մասին, որ, ընկերության կարծիքով, պետության կառավարության կողմից թողարկված պարտատոմսերի տեսքով ներդրողների կողմից կատարվող ներդրումներն ավելի ռիսկային են դարձել: Ընկերության գործադիր տնօրեն Ջոն Չեմբերսի համաձայն, մեկը երեքին հավանականություն կա, որ ԱՄՆ-ի վարկային վարկանիշը վեց ամիսը լրանալուն պես կրկին կիջեցվի: