Լիբիայի ապստամբները հինգշաբթի օրը հայտնել են երկրի մայրաքաղաք Տրիպոլիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զավիա քաղաքում կառավարությանը պատկանող նավթամշակման գործող վերջին գործարանը գրավելու մասին:
Այս հաղորդագրությունից մեկ օր առաջ նրանք դադարեցրել էին այդ գործարանից դուրս եկող և դեպի գործարան տանող խողովակաշարերի աշխատանքը:
Զավիա քաղաքից փախուստի դիմող բնակիչները հայտնել են, որ քաղաքի հիմնական մասը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ:
Շարունակվում են նաև ռազմավարական նշանակությունը ունեցող Բրեգա քաղաքի համար մղվող մարտերը, որտեղ ապստամբներն այս շաբաթվա սկզբին կորցրել են 18 մարտիկ: Ապստամբների մարտիկները փորձում են քաղաքի նավահանգստից և արդեն մի քանի ամիս չգործող նավթամշակման գործարանից դուրս մղել Քադաֆիին հավատարիմ ուժերը:
Այս ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերը Լիբիայում հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով գործարկել են «Predator» (թարգմանաբար` «Գիշատիչ») տեսակի առանց օդաչուի կառավարման ևս երկու օդանավ: