Լիբիայի ապստամբների ուժերը ծանր մարտեր են վարում երկրի արևմուտքում գտնվող Զլիթան քաղաքի մոտակայքում:
Ապստամբների զինված ուժերի խոսնակը երեքշաբթի օրը հայտնել է, որ ընդդիմության ուժերի մարտիկներն առաջընթաց են գրանցել և այժմ գտնվում են քաղաքի կենտրոնի մոտակայքում:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, հակադրվելով միջազգային հանրության կողմից Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ճանաչման միտմանը, երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իր երկիրը չի ճանաչելու Լիբիայի ընդդիմադիրների խորհուրդը:
Չավեսը «ահաբեկիչների խումբ» է անվանել Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը, որն ավելի քան 30 պետության կողմից ճանաչվել է որպես Լիբիայի ժամանակավոր կառավարություն:
Չավեսը բազմիցս քննատատել է Լիբիայում միջազգային հանրության կողմից իրականացվող ռազմական գործողությունները, որոնց շրջանակում այս տարվա մարտ ամսինց ՆԱՏՕ-ն թռիչքազերծ գոտի է սահմանել այդ երկրի օդային տարածքում` համաձայն Մուամար Քադաֆիի ուժերի հարձակումներից պաշտպանելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևի:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան երկրից վտարել էր Մուամար Քադաֆիի վարչակարգի կողմից նշանակված դիվանագետներին և որպես երկրի լեգիտիմ կառավարություն պաշտոնապես ճանաչել Անցումային ազգային խորհուրդը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգն ասել էր, որ որպես նման քայլ կատարելու հիմք ընդունվել է Լիբիայի ընդդիմության գնալով աճող հեղինակությունը, բանիմացությունը և երկրի ժողովրդի կարիքները հոգալու գործում ձեռք բերված հաջողությունները: Նրա համաձայն, ապստամբների Խորհրդի հետ Մեծ Բրիտանիան հարաբերությունները զարգացնելու է նույն կերպ, ինչ աշխարհի այլ պետությունների կառավարությունների հետ:
Հեյգը նշել էր նաև, որ Լիբիայի Անցումային ազգային խորհուրդն աշխատում է առավել բաց և ժողովրդական երկիր կառուցելու ուղղությամբ, ինչը զգալիորեն տարբերվում է Քադաֆիի կողմից իրականացվող բռնությունների քաղաքականությունից, որը և զրկել է վերջինիս երկրում օրինական կառավարման հնարավորությունից:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի համաձայն, միջազգային հանրության կողմից Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում փրկվել է հազարավոր մարդկանց կյանքը: