Դաշնակիցներն ընդլայնում են թռիչքազերծ գոտին Լիբիայի տարածքի վրա

Դաշնակիցներն ընդլայնում են թռիչքազերծ գոտին Լիբիայի տարածքի վրա

ԱՄՆ-ի զինուժի բարձրաստիճան սպաներից մեկը հայտնել է, որ Լիբիայի տարածքի վրա թռիչքազերծ գոտին հարկադրող միջազգային կոալիցիոն ուժերի կողմից երկուշաբթի օրը արձակվել է «Թոմահոք» տեսակի 12 հրթիռ, իսկ միջազգային ուժերի ռազմական ավիացիան կատարել է մոտ 80 մարտական թռիչք։

ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկական հրամանատարության ղեկավար, գեներալ Քարթեր Հեմը երկուշաբթի օրը հայտնել է, որ «Թոմահոք» տեսակի հրթիռների միջոցով հարված է հասցվել Լիբիայի զինուժի հրամանատարական կենտրոնի, «Սկադ» տեսակի հրթիռային և հակաօդային պաշտպանության կայանների ուղղությամբ։

Գեներալ Քարթեր Հեմի համաձայն, Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը հետ են քաշվել ապստամբների հենակետ Բենգազի քաղաքից։ «Տարբեր աղբյուրներից ստացված զեկույցներից տեղեկացել ենք, որ Բենգազիի մոտակայքում գտնվող վարչակարգի ցամաքային ուժերն արդեն գրեթե չունեն հարձակումը շարունակելու համար ո՛չ կամք, ո՛չ էլ հնարավորություն», - ասել է գեներալը։

Նա հայտնել է նաև, որ իր հրամանատարության տակ գտնվող ուժերը կապ չեն պահպանում Լիբիայի ապստամբների ուժերի հետ՝ հավելելով, որ «մեր առաքելությունն է՝ վարչակարգի ցամաքային ուժերի հարձակումներից քաղաքացիական անձանց պաշտպանելն է։ Մեր առաքելության մեջ չի մտնում ընդդիմությանն օժանդակություն ցուցաբերելը»։

Գեներալը չի բացառել, որ ներկայիս առաքելությունը կարող է փակուղի մտնել, որի արդյունքում Քադաֆիին հաջողվելու է պահպանել իշխանությունը։

ԱՄՆ-ի զինված ուժերի աֆրիկական հրամանատարության ղեկավարը հայտնել է նաև, որ դաշինքի ուժերն աստիճանաբար ընդլայնել են թռիչքազերծ գոտու սահմանները՝ հասցնելով դրանք մինչև Տրիպոլի, և դեռ շարունակելու են ընդլայնել այն՝ ընդգրկելով Լիբիայի առափնյա տարածքի մոտ 1 000 կիլոմետրը։