ՄԱԿ–ը կոչ է արել Ֆրանսիային վերջ տալ գնչուների վտարումներին

ՄԱԿ–ի դիտորդական հանձնաժողովը կոչ է արել Ֆրանսիային դադարեցնել գնչուների զանգվածային վտարումները։ ՄԱԿ-ի 18 անդամից կազմված ռասայական խտրականության վերացման հարցերով հանձնաժողովը զանգվածային վտարումները միջազգային իրավունքի խախտում է անվանել եւ մտահոգություն հայտնել վերջին տարիներին Ֆրանսիայում ռասայական խտրականության և օտարատյացության դեպքերի աճով։ Մասնավորապես, Հանձնաժողովի անհանգստությունն է առաջացնում ազգությամբ գնչու ներգաղթածների նկատմամբ մոլեգին ցույցերի դեպքերը։

Հանձնաժողովն իրականացնում է 1969 թվականի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կատարման վերահսկումը։

Վերջերս Ֆրանսիան հարյուրավոր գնչուներ է հետ ուղարկել Ռումինիա և Բուլղարիա ու քանդել ապօրինի ավելի քան 100 ճամբար։ Ֆրանսիայի կառավարությունը փորղում է արդարացնել գնչուների վտարումը՝ այն անվտանգության միջոցառում անվանելով:

ՄԱԿ–ի հանձնաժողովի համաձայն, գնչուների խնդիրը ոչ միայն Ֆրանսիայի, այլ ամբողջ Եվրոպայի ընդհանուր խնդիրն է, որը պետք է լուծվի Եվրոպայի միահամուռ ջանքերով։

Ռումինիան և Բուլղարիան Եվրամիության անդամ պետություններ են, և նրանց քաղաքացիները, ներառյալ գնչուները, ունեն եվրոպական այլ պետություններ ազատ տեղաշարժի իրավունք։