Մատչելի հղումներ

Գնչուների առաջնորդը նախագահ Սարկոզիին համեմատել է ֆաշիստների հետ


Ռումինիայի գնչուների առաջնորդը Ֆրանսիայից գնչու միգրանտների վտարումը համեմատել է այն գործողությունների հետ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրել է ֆաշիստներին հարող Ռումինիայի առաջնորդը:

Չորեքշաբթի օրը «Ասոշիեյթիդ փրես» գործակալությանը տված հարցազրույցում գնչուների առաջնորդ Իուլիան Ռադուլեսկուն զուգահեռներ է անցկացրել ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի և Ռումինիայի բռնապետ Իոն Անտոնեսկուի գործողությունների միջև:

1942 թվականին Անտոնեսկուն հազարավոր գնչուներ էր աքսորել Խորհրդային Միության տարածքներ, ինչի հետևանքով նրանցից շատերը մահացել էին հիվանդություններից և սովից: Հրեական ողջակիզման ընթացքում Գերմանիայի ֆաշիստները հազարավոր գնչուներ են սպանել:

Այս տարի Ֆրանսիան արդեն վտարել է մոտ ութ հազար գնչու, և միայն անցյալ ամսվա ընթացքում Արևելյան Եվրոպա են ուղարկվել հարյուրավոր գնչուներ: Դա առաջացրել է մտահոգություններ այն մասին, թե այդ գործողություններն իրականացվում էին ազգային խտրականության հողի վրա:

Երեքշաբթի օրը Եվրամիության պաշտոնյաները նախազգուշացրել են ֆրանսիային ԵՄ օրենքներին հետևելու և ռասայական քաղաքականություն չիրականացնելու մասին:

Սակայն նախագահ Սարկոզին պաշտպանել է այդ գործողությունները` որպես հանցավորության դեմ պայքարի միջոց:

XS
SM
MD
LG