Մատչելի հղումներ

Եվրամիությունը կոչ է արել Ֆրանսիային հարգել Միության օրենսդրությունը


Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը քողարկված քննադատության է ենթարկել գնչու քոչվորներին երկրից հեռացնելու Ֆրանսիայի կառավարության գործողությունները` ասելով, որ փոքրամասնությունների իրավունքները պետք է հարգվեն Եվրամիության ամբողջ տարածքում:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն չի նշել, որ իր խոսքը վերաբերում է Ֆրանսիային, սակայն երեքշաբթի օրը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարները պետք է չդրսևորեն ռասակայան խտրականություն կամ օտարատյացություն: Նրա խոսքերով, դրանց համար Եվրոպայում տեղ չկա:

Անցած շաբաթ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում տեղի էին ունեցել բողոքի ցույցեր ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այն գործողությունների, որոնք ուղղված էին ԵՄ-ի քաղաքացիություն կրող գնչուներին երկրից վտարելուն:

Այս տարի Ֆրանսիան վտարել է մոտ ութ հազար գնչու: Միայն անցյալ ամսվա ընթացքում Արևելյան Եվրոպա են ուղարկվել հարյուրավոր գնչուներ:

Սակայն նախագահ Սարկոզին պաշտպանել է վտարման քաղաքականությունը` որպես հանցագործությունների դեմ պայքարի միջոց և նշել, որ վտարվածներն ինքնակամ են համաձայնվել լքել երկիրը` դրա դիմաց գումար ստանալուց հետո:

XS
SM
MD
LG