Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը հաջորդած մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի կառավարության, ռուսաստանցիների՝ ֆիզիկական անձանց, և ընկերությունների նկատմամբ կիրառվել են գրեթե 15 հազար պատժամիջոցներ։
Այնուամենայնիվ, Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է աճել, և այդ գործում որոշակի դեր են ունեցել Հյուսիսային Կորեայի և Իրանի ռազմական օգնությունը Կրեմլին, ինչպես նաև ռուսաստանյան տնտեսվարողների որոշակի ստեղծագործական մոտեցումները:
«Ռուսաստանը ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերեց՝ օգտագործելով այնպիսի մեքենաների կիսահաղորդիչները, ինչպիսիք սառնարաններն են կամ այլ կենցաղային ապրանքներինը: Նրանք հանում այդ ապրանքների կիսահաղորդիչները, չիպերը և օգտագործում ռազմական տեխնիկայի [արտադրության] մեջ»,- ասում է Կլաուս Լարեսը՝ Վուդրո Վիլսոնի կենտրոնից։
Թեև բազմաթիվ հեղինակավոր ընկերություններ բոյկոտեցին ռուսաստանյան շուկան՝ «Prada»-ից մինչև «IKEA» ու «LG», և ավելի քան հազար հանրահայտ ապրանքանիշեր սահմանափակեցին իրենց գործունեությունը Ռուսաստանում կամ լքեցին երկիրը, սակայն Ռուսաստանը դիմակայեց այդ ամենին՝ մասամբ ամրապնդելով իր հարաբերությունները Չինաստանի հետ։ 2021 թվականի հետ համեմատ՝ չինական արտահանումը Ռուսաստան աճել է ավելի քան 120%-ով, իսկ ռուսական նավթը հոսում է Չինաստան:
«Չինաստանի տեսանկյունից գոյություն ունի [ընդամենը] արտահանող ու ներմուծող։ Ներմուծման մասով նրանք դարձել են ռուսական նավթի և ածուխի ամենամեծ հաճախորդն աշխարհում»,- նշում է Չիկագոյի համալսարանի ներկայացուցիչ Քենեթ Պոմերանցը։
Արևմտյան պատժամիջոցները, ինչպես հայտնի է, սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները, միջազգային շուկայում ռուսական նավթի համար սահմանել գնային վերին շեմ և փակել Եվրամիության օդային տարածքը ռուսաստանյան ինքնաթիռների համար։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է աճել:
«Պետք է գնահատել Ռուսաստանի Կենտրոնական բանկի աշխատանքը, քանի որ թեև նրա պահուստները արտերկրում սառեցվել են, այն արագ սկսեց քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու համար»,- ասում է Սիեթլի համալսարանի ներկայացուցիչ Վլադիմիր Դաշկեևը:
Ռուսաստանը նաև շրջանցում է պատժամիջոցները՝ ներմուծելով արևմտյան ապրանքներ հարևան կամ այլ երկրների միջոցով, ինչպիսիք են Թուրքիան, Վրաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և այլն:
Չնայած պատժամիջոցներին՝ Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարվա Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը լավացրել է՝ 1,1%-ից բարձրացնելով 2,6%-ի։
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայնի» լրագրող Լիլիա Անիսիմովայի նյութի հիման վրա