Մատչելի հղումներ

Ինչպե՞ս է ռուսական ապատեղեկատվությունը ներկայացնում Ուկրաինայի պատերազմը․ երկու տարի անց


Ռուսաստանն ակտիվորեն «օգտագործում է տեղեկատվական գործողություններ՝ առնվազն 2014 թվականից ի վեր Ուկրաինան քայքայելու համար»:
Ռուսաստանն ակտիվորեն «օգտագործում է տեղեկատվական գործողություններ՝ առնվազն 2014 թվականից ի վեր Ուկրաինան քայքայելու համար»:

Ատլանտյան խորհրդի փորձագետները նոր զեկույց են ներկայացրել Կրեմլի ապատեղեկատվական արշավների մարտավարությունների մասին։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի երրորդ տարում Ռուսաստանը ընդլայնել է իր ջանքերն ողջ աշխարհում՝ խարխլելու Կիևի հեղինակությունը, հնարավորինս թուլացնելու և նույնիսկ դադարեցնելու Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային, նաև՝ փորձելու կոտրել ուկրաինացի ժողովրդի կամքը:

Ատլանտյան խորհրդի Թվային քրեագիտական հետազոտությունների լաբորատորիան (Atlantic Council Digital Forensic Research Lab) հետևել է ոչ միայն ռուսաստանյան պետական լրատվամիջոցներին՝ «Russia Today» («RT»), «Sputnik», այլև ռուսամետ բլոգերների գործունեությանը «Telegram», «TikTok», «X» ու այլ հարթակներում:

Լաբորատորիայի հրապարակած զեկույցում, որը վերնագրված է «Պայթեցնել Ուկրաինան. ինչպես Ռուսաստանը ընդլայնեց իր գլոբալ տեղեկատվական պատերազմը 2023 թվականին» (Undermining Ukraine: How Russia widened its global information war in 2023), հեղինակները ուրվագծել են Մոսկվայի հիմնական նպատակը՝ Կրեմլը իր քարոզչական պատերազմով շարունակում է ողջ աշխարհում վարել «ապատեղեկատվության երկարատև խաղ»՝ «խաթարելու ցանկացած միասնություն Ուկրաինայի ներսում և Ուկրաինայի դաշնակիցների շրջանում»:

Զեկույցում ասված է, որ Ռուսաստանն ակտիվորեն «օգտագործում է տեղեկատվական գործողություններ՝ առնվազն 2014 թվականից ի վեր Ուկրաինան քայքայելու համար»:

2022 թվականի փետրվարին` Ռուսաստանի ներխուժմանն ընդառաջ, Մոսկվան օգտագործեց ապատեղեկատվական արշավները՝ «հիմնավորելու ռազմական գործողությունները, քողարկելու դրանց պլանավորումը և մերժելու իր պատասխանատվությունը»:

Լաբորատորիայի հետազոտողների ներկայացմամբ, իրավիճակի զարգացմանը զուգընթաց, «Ռուսաստանի տեղեկատվական ռազմավարությունը սկսեց փոխվել՝ [այլևս նպատակ հետապնդելով] խաթարել Ուկրաինայի դիմակայունությունը»:

«Ռուսաստանը կշարունակի այդ քարոզչական և ապատեղեկատվական գործունեությունն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի կորցրել պայքարելու կամքը»,- ասված է զեկույցում։

Ինչպե՞ս է փոխվել Կրեմլի քարոզչական մարտավարությունը 2023 թվականին

Ատլանտյան խորհրդի Թվային քրեագիտական հետազոտությունների լաբորատորիան ավագ գիտաշխատող և գլխավոր խմբագիր Էնդի Քարվինը, ներկայացնելով նոր զեկույցը, հայտարարել է, որ «արևմտյան պատժամիջոցները, որոնք կիրառվեցին սկզբնական շրջանում՝ [Ուկրաինա ռուսական] ներխուժումից հետո, զրկեցին Ռուսաստանին եվրոպական լսարանին հասնելու կարողությունից՝ Կրեմլի հովանավորած լրատվամիջոցներով»: Բայց Ռուսաստանը «հարմարեցրեց իր տեղեկատվական գործունեությունը՝ ավելի շատ կենտրոնանալով սոցմեդիայի վրա»:

«Ուկրաինայի պաշտպանության համար նախատեսված ֆինանսավորման ուղղությամբ հարձակումներից զատ, [Կրեմլը] ընդլայնել է նպատակային քարոզչական ջանքերն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում»,- նշել է Քարվինը:

Թեև Արևմուտքի աջակցությունը Կիևին «իրոք, սկսել է տատանվել, հատկապես Վաշինգտոնում, ուր Կոնգրեսը ամիսներ շարունակ հետաձգում է Ուկրաինային լրացուցիչ օգնության տրամադրումը», սակայն պարզ դարձավ, որ «նախագահ Վլադիմիր Պուտինի տեղեկատվական պատերազմի նպատակը Ուկրաինային աջակցող երկրների թիվն ամեն գնով կրճատելն է»:

Ի՞նչ նոր թեմաներ և հնարքներ է կիրառել Կրեմլը Ուկրաինայում

Ատլանտյան խորհրդի Թվային քրեագիտական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Ռոման Օսադչուկի ներկայացմամբ, որ 2023 թվականին Ռուսաստանը «հենվել է տեղեկատվական գործողություններ իրականացնելու իր հարուստ գործիքակակզմի վրա, ներառյալ՝ համակարգված արշավները սոցմեդիայում»:

«Ռուսաստանցի քարոզիչները օգտագործեցին Արևմուտքի նկատմամբ առկա դժգոհությունը, կեղծեցին կառավարական տարբեր փաստաթղթեր՝ խեղաթյուրելով դրանց իմաստը և հրապարակելով դրանք սոցցանցերում»:

Օսադչուկի խոսքով, Ուկրաինայի դեմ ապատեղեկատվական հարձակումների հիմնական նպատակներն են եղել՝ «Զելենսկու և Զալուժնիի միջև «հակամարտության»», «Ուկրաինայի «պարտության», և Ռուսաստանի «հաղթանակի»» խոսույթների տարածումը, արդյունքում՝ գլխավոր խնդիրն էր «Ուկրաինայի դիմադրության խաթարումը»։

Բուն Ուկրաինայում, ըստ փորձագետի, Ռուսաստանը նախորդ մեկ տարվա ընթացքում «ձգտել է ներքին տարաձայնություններ սերմանել՝ վարկաբեկելով ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ղեկավարությանը»։ Զուգահեռաբար՝ նպատակ կար «Ուկրաինան ներկայացնել որպես անվստահելի դաշնակից», ի ցույց դնել երկրի ներսում, իբր, սրվող ներքին հակասությունները և շարունակել «հարձակումները քաղհասարակության և պարզ օգտատերերի դեմ»:

Օրինակ, Կրեմլի քարոզչական մեքենան լայնածավալ գործողության դիմեց «TikTok»-ում՝ «պատերազմի ժամանակ Ուկրաինայի ղեկավարության մեջ առկա կոռուպցիայի մասին լուրեր տարածելու համար»։

Ըստ լաբորատորիայի զեկույցի, Կրեմլը «Եվրոպայում տարածել է կեղծ պնդումներ, թե միջազգային սև շուկայում Ուկրաինան վերավաճառում է արևմտյան զենքը՝ շահույթ ստանալու նպատակով»։ Նման ապատեղեկատվության նպատակը Կիևին ցուցաբերվող Եվրոպայի աջակցության թուլացումն է:

Հեղինակները նաև օրինակներ են ներկայացնում, թե ինչպես է Ռուսաստանը «առաջ մղել այն խոսույթը, որ Եվրամիության անդամ երկրները ձմռանն իբր, դժվարությունների կհանդիպեն առանց ռուսական գազի»՝ մեկնարկելով լայնածավալ տեղեկատվական առցանց արշավ, որը բաղկացած էր ավելի քան «հիսուն կեղծ կայքերից»:

Նշվում է, որ ռուսաստանյան ապատեղեկատվական գործողությունները «չեն սահմանափակվել Ուկրաինային զենքով և գումարով օգնելու եվրոպական երկրների գործողությունների քննադատությամբ»։

Ի՞նչ մեթոդներ է կիրառել Կրեմլի քարոզչությունը Հարավային Կովկասում, Մոլդովայում և Լեհաստանում

Լաբորատորիայի հետազոտողները, օրինակ՝ Սոփո Գելավան, ուսումնասիրել են ռուսաստանյան հաղորդագրությունները, որոնք տարածվում են «X» սոցցանցի (նախկին «Twitter») միջոցով, որը դարձել է Կրեմլի ապատեղեկատվության տարածման հիմնական հարթակը այն բանից հետո, երբ արևմտյան բազմաթիվ երկրներ սահմանափակեցին կամ արգելեցին ռուաստանյան պետական լրատվամիջոցների գործունեությունն իրենց տարածքում:

Գելավան խոսել է «Հարավային Կովկասում և Ուկրաինայում հաղորդագրությունները տեղ հասցնելու մարտավարության մասին»։

Այս մեթոդը, ըստ զեկույցի հեղինակների, ունի երկակի նպատակ՝ «խաթարել Ուկրաինային ցուցաբերվող միջազգային աջակցությունը՝ միաժամանակ տեղի բնակչության վրա ազդելու միջոցով ներսից պառակտել հանրությունները»։

Ռուսամետ լրատվամիջոցներն ակտիվորեն քննադատում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական գործողության միջոցով վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ «Քարոզիչները և կրեմլամետ բլոգերները «Telegram»-ում և սոցիալական այլ ցանցերում հակակառավարական տրամադրություններ են հրահրել և կոչ արել տապալել Փաշինյանին և նրա կառավարությանը»:

Ադրբեջանում Կրեմլը գործել է հակառակ ուղղությամբ. «Ազդել է հանրության վրա ակադեմիական շրջանակների, փոխանակման ծրագրերի և համալսարանների միջոցով, որտեղ ուսումնասիրում են ռուսաց լեզուն, պատմությունը և գրականությունը»:

Գելավան հիշեցրել է, որ անցած տարվա ընթացքում Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «ընդլայնել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով»՝ օգտագործելով հանրային շրջանում առկա մտավախությունը, թե ուկրաինական պատերազմը կարող է հարվածել նաև Վրաստանին։

Մոլդովայում Ռուսաստանը դիմել է էներգետիկ շանտաժի և պատերազմ սկսելու սպառնալիքի՝ տարածելով կեղծ տեղեկություններ, որ Մոլդովան, Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ծրագրում էին ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողական Մերձդնեստրի դեմ:

Իսկ Լեհաստանում ակտիվորեն տարածվում էր Ուկրաինայի հետ առճակատման գաղափարը՝ որպես գյուղատնտեսական ապրանքների շուրջ ծագած վեճի շարունակություն։

«Ռուսաստանն անցել է ավելի նպատակային և հարմարեցված ազդեցության տարածման գործողությունների՝ օգտագործելով «TikTok»-ը, «Telegram»-ը և այլ սոցմեդիա ու հարթակներ՝ ընդլայնելու իր միջազգային լսարանը, հատկապես Գլոբալ հարավում, ուր ռուսական պետական լրատվամիջոցները դեռևս կարևոր դեր են խաղում»,- ասված է լաբորատորիայի զեկույցում:

Որքանո՞վ է տարածված Կրեմլի ապատեղեկատվությունը Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում

«Ռուսաստանը օգտագործում է «չեզոք» լրատվամիջոցի գաղափարը՝ իր կեղծիքը ճշմարտության կողքին դնելու համար։ Այդ արվում է լսարանում տպավորություն առաջացնելու, որ իրադարձությունների երկու տարբերակներն էլ արժանի են ուշադրության»,- կարդում ենք զեկույցում։

Ատլանտյան խորհրդի Թվային քրեագիտական հետազոտությունների լաբորատորիայի ներկայացուցիչ Վալենտին Շաթելետի խոսքով, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում «RT»-ին և «Sputnik»-ը «դեռ ունեն լսարան և ազդեցություն»:

Ըստ հետազոտողի, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում Կրեմլը ակտիվորեն համագործակցում է տեղական լրատվամիջոցների հետ, որոնք յուրահատուկ դեր են տանում կրեմլամետ ուղերձներն ուժեղացնելու գործում՝ օգտագործելով հակաարևմտյան և հակագաղութատիրական խոսույթներ:

Ռուսաստանը, ըստ Շաթելետի, ներթափանցում է Աֆրիկա զուգահեռ ճանապարհներով։ Օրինակ, պաշտոնական՝ առևտրի, ներդրումների, դիվանագիտության, հանրային կապերի, պաշտպանական համաձայնագրերի և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության միջոցով։ Նաև ոչ պաշտոնական՝ օգտագործելով զենքի գաղտնի մատակարարումները՝ ռեսուրսների դիմաց, հրահրելով հակամարտություններ և տարածելով ապատեղեկատվություն այն առաջնորդների մասին, որոնք չեն շարժվում ըստ Կրեմլի շահերի:

Լաբորատորիայում Մերձավոր Արևելքի գծով հետազոտող Դինա Սադեկի խոսքով, արաբական աշխարհում Կրեմլի ազդեցությունը հատկապես մեծ է, քանի որ Ռուսաստանն օգտագործում է և՛ տարածաշրջանում իր հին՝ դիվանագիտական, ռազմական կապերը, և՛ «RT»-ի ու «Sputnik»-ի արաբալեզու հրապարակումները:

Դինա Սադեկը ներկայացմամբ, արաբական արևելքում Մոսկվան ձևավորել է արաբալեզու լրագրողներից և սոցհարթակներում ազդեցություն ունեցող գործիչներից բաղկացած ցանց, որը «բացահայտորեն ռուսամետ հռետորաբանություն է տարածում»:

Լաբորատորիայի զեկույցի հեղինակները եզրակացրել են, որ նախորդ մեկ տարվա ընթացքում «տեղեկատվական ոլորտում նկատելի է դարձել Ռուսաստանի և տարածաշրջանի ավտորիտար կառավարությունների միջև կապերի ընդլայնումը», որոնք «Արևմուտքին այլընտրանք են առաջարկում»։

Ի՞նչ է արել Կրեմլը անցած տարվա ընթացքում՝ Ռուսաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու համար

Ըստ փորձագետների Ռուսաստանում Կրեմլը ուղղել է իր ջանքերը՝ ներքին լսարանը վերահսկելու համար՝ առաջին հերթին «կենտրոնանալով տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու վրա»:

Օրինակ, 2023 թվականի հունիսին Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը բարդ իրավիճակ ստեղծեցին Կրեմլի համար՝ «Telegram»-ի հետ կապված, որը «արդյունավետ կերպով ծառայում էր որպես տեղեկատվության փոխանակման հարթակ Եվգենի Պրիգոժինի և նրա վագներական ապստամբների համար»։

Զեկույցի հեղինակների ներկայացմամբ, «Роскомнадзор»-ը՝ Ռուսաստանում հեռահաղորդակցության պետական կարգավորողը, տեղադրել է երկրում համացանցը հսկող համակարգ՝ «Oculus», որը նախատեսված է հայտնաբերելու այն բովանդակությունը, որը Կրեմլը համարում է անընդունելի:

Եզրակացություններ

2022 թվականի փետրվարից «արևմտյան աշխարհի համար այլևս պարզ էը, որ «RT»-ն ու «Sputnik»-ը ռուսաստանյան քարոզչական գործիքներն են, ոչ թե լեգիտիմ լրատվամիջոցներ»:

Այդ ռեսուրսները շարունակում են ազդեցիկ լինել Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, անգամ՝ Եվրամիության որոշ երկրներում, ուր այդ ալիքները տեխնիկապես արգելափակված են, բայց «RT»-ն շրջանցում է արգելապատնեշները և «շարունակում թունավորել մեդիա տարածությունը փոքր հայելային կայքերի միջոցով»՝ գործնականում անտեսելով արևմտյան պատժամիջոցները:

Ռուսաստանը շարունակում է օգտագործել իր դեսպանատներն ու դիվանագետներին՝ «կեղծ լուրեր տարածող իր քարոզչական մեքենայի աշխատանքում»։

Ռուսաստանը նաև օգտագործում է միջազգային տարաբնույթ իրադարձությունները, օրիւնակ՝ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը, իր ուղերձը տարածաշրջանի կոնկրետ երկրների հասցնելու համար:

Ռուսաստանյան ապատեղեկատվությունն ու ազդեցություն տարածող գործողությունները Ուկրաինայի ներսում և արտերկրում, հավանաբար, կշարունակեն զարգանալ՝ «[ուկրաինական] հասարակության ներսում գտնելով նոր ճեղքեր, որոնք կարող են խորանալ՝ օգտագործելով նոր մոտեցումներ»:

2024 թվականին տասնյակի հասնող երկրներում նախատեսված են ընտրություններ, և Ռուսաստանը կփորձի միջամտել՝ «հասնելու Ուկրաինայի դաշնակիցների աջակցության նվազմանը»։

Ոչ-բարեկամ երկրներում Ռուսաստանը, հավանաբար, կշարունակի առաջ մղել այն գաղափարը, թե Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը «կորուստ է» այդ երկրների քաղաքացիների համար:

Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակնեևը փաստում են՝ թեև Ռուսաստանի ջանքերը հանգեցրել են որոշակի արդյունքների, ինչպիսիք են՝ Կիևին ռազմական տեխնիկայի մատակարարման հետաձգումը, այդուհանդերձ դրանք չեն խանգարել Ուկրաինային հակահարված տալ ռուսական ագրեսիային, և «Կիևի հաջողությունները Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարում օրինակ են աշխարհին, թե ինչպես է կարելի հակազդել այդ վնասակար ազդեցությանը»։

Փորձագետները եզրափակում են, «Հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունների ծավալները՝ Ուկրաինային ցուցաբերվող օգնության ավելացումը կուժեղացնի ժողովրդավարությունն աշխարհում, մինչդեռ դրա կրճատումը հարված է ոչ միայն Ուկրաինային, այլև ժողովրդավարությանը: Ռուսաստանի գլոբալ տեղեկատվական պատերազմն Ուկրաինայի դեմ տակավին զարգանում է, և ունի երկարատև բնույթ»։

XS
SM
MD
LG