Մատչելի հղումներ

Պուտինը զգուշացրել է միջուկային պատերազմի մասին, եթե Արևմուտքը զորքեր ուղարկի Ուկրաինա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի նախազգուշացրել է արևմտյան երկրներին, որ աշխարհը կբախվի միջուկային պատերազմին, եթե Արևմուտքը զորք ուղարկի Ուկրաինա՝ ընդգծելով, թե ռուսաստանյան զենքն ունակ է խոցել արևմտյան թիրախները:

«Երկրի իրավիճակի մասին» իր ամենամյա ուղերձի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե արևմտյան երկրները «պետք է գիտակցեն, որ մենք նաև զենք ունենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները: Այս ամենն իսկապես սպառնում է միջուկային զենքի կիրառմամբ կոնֆլիկտի [վերածմանը] և քաղաքակրթության ոչնչացմանը։ Չե՞ն հասկանում դա»:

Թեև Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները հսկայական քանակությամբ զենք-զինամթերք են ուղարկել Կիևին՝ 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր, սակայն ոչ ոք չէր հայտարարել, թե զորք կուղարկի ուկրաինական ուժերի կողքին կռվելու համար:

Տաբուն խախտեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ այս շաբաթվա սկզբին հայտարարելով, որ թեև Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու ծրագրեր չկան, բայց առկա է նման հնարավորություն:

«Այսօր փոխհամաձայնություն չկա՝ պաշտոնապես զորքեր ուղարկելու հարցում: Բայց հեռանկարում ոչինչ բացառել չի կարելի»,- ասել է Մակրոնը:

Միացյալ Նահագների ու եվրոպական երկրների մի շարք ղեկավարներ արձագանքել են Ֆրանսիայի նախագահին, թե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, հետևաբար՝ Կիևի արևմտյան դաշնակիցները պարտավոր չեն պաշտպանել Ուկրաինան։

Այս ամենի ֆոնին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի հայտատարել է, թե Եվրոպայի գալիք սերունդների ճակատագիրը այժմ որոշվում է ուկրաինական մարտադաշտերում:

«Նախկինում ականտես ենք եղել, թե ինչպես է մեկ ուրիշը փորձում որոշել այլ ազգերի ճակատագիրը։ Դա տեղի ունեցավ Բալկաններում, Արևելյան Եվրոպայում և Եվրոպայի մյուս մասերում: Հիմա Պուտինը ցանկանում է անել ճիշտ նույնը»,- Ալբանիայում կայացած հարավարևելյան Եվրոպայի առաջնորդների գագաթնաժողովին՝ նշել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը շարունակել է, թե «բոլոր ազատ երկրների համար կարևոր է, որ Պուտինը պարտվի պատերազմում»:

Իր հերթին՝ Մոսկվայում այսօր ունեցած ընդարձակ ելույթում Պուտինն ասել է, թե Ռուսաստանի «ռազմավարական միջուկային ուժերը լիակատար պատրաստության վիճակում են»: Նշել է, որ նոր սերնդի հիպերձայնային միջուկային զենքը, որի մասին նա առաջին անգամ խոսել էր դեռ 2018 թվականին, գրեթե պատրաստ վիճակում է:

Պուտինն արևմտյան քաղաքական գործիչներին առաջարկել է հիշել այն մարդկանց ճակատագիրը, ովքեր անցյալում ներխուժել են Ռուսաստան՝ Նապոլեոն Բոնապարտն ու Ադոլֆ Հիտլերը:

«Սակայն այժմ հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն։ Նրանք կարծում են, որ [պատերազմը] մուլտֆիլմ է»,- ասել է նա`մեղադրելով արևմտյան քաղաքական գործիչներին, որ մոռացել են, թե ինչ է նշանակում իրական պատերազմը, քանի որ նրանք չեն բախվել անվտանգության այն մարտահրավերներին, ինչ ռուսները վերջին երեք տասնամյակում:

Պուտինի հավաստմամբ, այժմ Ուկրաինայում նախաձեռնությունը ռուսական ուժերի կողմն է:

Նա «անհեթեթություն» է որակել Արևմուտքում հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանը չի բավարարվելու Ուկրաինայով և հարձակվելու է այլ երկրների վրա:

Պուտինի խոսքով, Ռուսաստանը բաց է ԱՄՆ հետ միջուկային ռազմավարական կայունության վերաբերյալ քննարկումների համար, սակայն կարծիք է հայտնել, թե Վաշինգտոնը լուրջ շահագրգռվածություն չունի այդ հարցում:

«Վերջերս ավելի ու ավելի շատ անհիմն մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, օրինակ, որ պատրաստվում ենք, իբր, միջուկային զենք տեղակայել տիեզերքում։ Նման ակնարկները... հնարք են՝ մեզ ներքաշելու իրենց ձեռնտու բանակցությունների մեջ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Վերադառնանք Զելենսկուն, ով գովեստով է անդրադարձել Բելգիայի որոշմանը՝ մատակարարել ուկրաինական ուժերին խիստ անհրաժեշտ զինամթերք, որի նախաձեռնողը Չեխիան էր:

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուի խոսքով, Բրյուսելը 216 միլիոն դոլար կհատկացնի այդ նպատակին:

Հիշեցնենք, ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինայի համար նախատեսված և ավելի քան 60 միլիարդ դոլար պարունակող աջակցության նոր փաթեթը, սակայն օրինագիծը առաջ չի գնում Ներկայացուցիչների տանը:

Սույն հրապարակման հիմքում «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի նյութերն են:

XS
SM
MD
LG