Ուկրաինացի զինվորները, որոնք մարտնչում են երկրի արևելյան` Բախմուտ քաղաքի մոտ, չեն թաքցնում, որ իրենց ավելի շատ ծանր սպառազինություն և զինամթերք է անհրաժեշտ՝ ռուսական ուժերին հետ մղելու համար:
«Հակառակորդը բոլոր ուղղություններով ակտիվացել է, ոգեշնչվել է իր վերջին հաջողություններով։ Այնուամենայնիվ, փորձում ենք առաջնագիծը պահել։ Բայց ամեն ինչ կախված է ծանր սպառազինությունից: Մենք կզսպենք [թշնամուն], հակահարված կտանք, սակայն առանց զենքի, առանց ավիացիայի, դա պասիվ պաշտպանություն է, և վաղ թե ուշ նրանք մեզ կգերազանցեն»,- ասում է ուկրաինացի զինվորական Միխայլոն:
Եվրոպական 23 խորհրդարանների նախագահներ, այդ թվում՝ Ուկրաինայի, Գերմանիայի, Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լատվիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի օրենսդիր մարմինների ղեկավարները ուղիղ դիմել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակին՝ խնդրելով նրան Կոնգրեսի ստորին պալատում քվեարկության դնել Կիևի օգնություն նախատեսող օրինագիծը:
Հինգշաբթի «Ամերիկայի ձայնը» արձագանք է խնդրել խոսնակ Ջոնսոնից. «[Ներայացուցիչների] տունը հենց հիմա դիտարկում է առկա բոլոր տարբերակները, և մենք դրան կանդրադառնանք հենց որ կառավարության ֆինանսավորվման հարցը լուծվի»:
Այդ թվում Ուկրաինային աջակցելու հարցում ԱՄՆ դեմոկրատների և հանրապետականների միջև տարաձայնությունները վերստին սրվեցին, երբ վերջիններս՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հորդորով, արգելափակեցին ԱՄՆ սահմանների անվտանգության ապահովման շուրջ երկար բանակցված համաձայնությունը, որի շրջանակում նաև աջակցություն էր նախատեսված Կիևին։
Սենատի դեմոկրատները և հանրապետական շատ օրենսդիրներ իրենց հիասթափությունն են հայտնել Ջոնսոնի դիրքորոշման առնչությամբ:
«[ԱՄՆ Սենատում] 70 ձայնով ընդունեցինք Ուկրաինայի օրինագիծը։ Այժմ խոսնակ Ջոնսոնի որոշման հերթն է։ Խոսնակ Ջոնսոնը պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է պատմության մեջ մտնել որպես Ուկրաինան Ռուսաստանին հանձնած գործիչ»,- ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին:
«Ամերիկայի ձայնի» զրուցակիցն է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Լեոն Պանետան. «Կարծում եմ, ի վերջո, խոսնակը պետք է հասկանա, որ եթե չկարողանա ապահովել այդ քվեարկությունը, ապա ինքը և Հանրապետական կուսակցությունը կդիտարկվեն որպես [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին սատարողներ: Չեմ կարծում, որ նրանք այդ ցանկանում են»։
Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնային ժողովում հանդես գալով տարեկան ուղերձով` Պուտինը զգուշացրել է, որ Ուկրաինա ՆԱՏՕ-ական զորքեր ուղարկելու հետևանքները ողբերգական կլինեն՝ ուղիղ խոսելով միջուկային պատերազմի մասին։
Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը օրերս հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, թե չի կարելի բացառել Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հնարավորությունը։