Մատչելի հղումներ

ԱՄՆ կառավարության փակումը կանխելու համար՝ բանակցությունները շարունակվում են․ Կոնգրես


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

Սենատի մեծամասնության՝ դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի և Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնի միջև տարաձայնությունները պահպանվում են։

ԱՄՆ Կոնգրեսն երեք օր ունի՝ կանխելու ամերիկյան կառավարության մասնակի փակումը։ Պետբյուջեի հարցով դեմոկրատների ու հանրապետակնների միջև տարաձայնությունները պահպանվում են:

Միացյալ Նահագների օրենսդիր մարմնի երկու պալատները ղեկավարող դեմոկրատներն ու հանրապետականները երեքշաբթի օրը մասնակցեցին նախագահ Ջո Բայդենի հետ կայացած հանդիպմանը, որն անցավ բուռն մթնոլորտում։ Թեև կողմերը խոստացան կանխել կառավարության փակումը, սակայն դեռ հեռու են ընդհանուր հայտարարից:

Սենատի մեծամասնության՝ դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի և Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնի խոսքերում հակասությունները պահպանվում են, չնայած անցած ամիս ձեռք բերված համաձայնությանը՝ 1․59 տրիլիոն դոլար կազմող պետբյուջեի վերաբերյալ:

«Հավատում ենք, որ կարող ենք համաձայնության գալ այս հարցերի շուրջ և կանխել [կառավարության] փակումը: Այն մեր հիմնական պարտականությունն է»,- երեքշաբթի ասել է Ջոնսոնը:

Չորեքշաբթի Շումերը բացեց Սենատի նիստը՝ հայտարարելով․ «Շատ մոտ ենք» համաձայնությանը»:

Անդրադառնալով նախօրեին Սպիտակ տանը նախագահ Բայդենի և Կոնգրեսի առաջնորդների հետ հանդիպմանը՝ Շումերն ասել է, որ «բոլորս համաձայն ենք՝ [կառավարության] փակումը վնաս է ամերիկյան ժողովրդին»:

Սակայն դեմոկրատների առաջնորդր խուսափեց խոսել համաձայնության մասին:

Հանրապետականները պահանջում են կրճատել պետական ծախսերը և փոփոխություններ կատարել որոշ հարցերում, օրինակ՝ աբորտների, պարենային աջակցության ֆինանսավորման, որը, սակայն, դեմոկրատները մերժել են: Եթե կողմերը չգան համաձայնության, ապա արդեն այս շաբաթ օրը կսկսվի ԱՄՆ պետական որոշ գերատեսչությունների աշխատանքի մասնակի դադարեցմամբ։

Սակայն իրավիճակը ավելի խնդարահարույց կդառնա մարտի 8-ին, երբ կավարտվի ԱՄՆ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման երկրորդ ծրագրի ժամկետը․ ավելի շատ պետական հաստատություններ հարկադրաբար կփակվեն։

Երեքշաբթի Շումերը լրագրողներին հավաստիացրել է, որ օրենսդիրները առաջընթաց են գրանցել պետբյուջեի հաստատման հարցում, սակայն դեռ ոչինչ որոշված չէ:

«[Կառավարչության] փակման [իրական] պատճառ գոյություն չունի, եթե երկու պալատների երկու կողմերը միասին աշխատեն»,- նույն օրը նշել է Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Փեթի Մյուրեյը:

Հանրապետականները, մասնավորապես՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Ջոնսոնն առաջարկել, որ դեմոկրատները ընդունեն մի օրինագիծ, ըստ որի կառավարության գործունեության ժամանակավոր ֆինանսավորման ժամկետները երկարաձգվեն, համապատասխանաբար, մինչև մարտի 8-ը և 22-ը:

«Ցանկացած հետաձգում թույլ կտա ստանալ բավարար ժամանակ՝ [պետբյուջեի] տեքստը մշակելու համար», - ասել է Ջոնսոնի խոսնակ Աթինա Լոուսոնը:

Հիշեցնենք, «Moody's» վարկանիշային գործակալությունը դեռ անցած տարվա սեպտեմբերին էր նախազգուշացրել, որ ԱՄՆ կառավարության փակումը լրջորեն կվնասի երկրի ֆինանսական վարկանիշին:

Պետբյուջեի հաստատմանը զուգահեռ՝ Կոնգրեսը ձգտում է ընդունել 95 միլիարդ դոլար պարունակող օրինագիծը, որը աջակցություն է նախատեսում Ուկրաինային և Իսրայելին:

XS
SM
MD
LG