Մատչելի հղումներ

Արդյո՞ք ամերիկացիները վերստին ընտրություն են կատարելու Բայդենի ու Թրամփի միջև


Անորոշություններով լի ամերիկյան քաղաքական պայքարում, կարծես, մի բան հստակ է՝ ամերիկացիների մեծամասնության կարծիքով Բայդեն-Թրամփ սպասվող մրցապայքարը սակավ գրավիչ է լինելու, քան առաջին անգամ էր՝ 2020 թվականին։

Բազմաթիվ ամերիկացիների մոտ հետևյալ հարցն է՝ սա 2020 թվակա՞նն է, թե՞ 2024, և ինչո՞ւ են վերստին ականտես լինում Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի մրցապայքարին: Երկու թեկնածուներն էլ չեն փայլում բարձր վարկանիշով։ Ի հավելումն՝ Թրամփն ունի իրավական խնդիրներ: Երկուսն էլ համարվում են տարեց քաղաքական գործիչներ, թեև հարցումների համաձայն, ամերիկացիներն ավելի շատ անհանգստացած են Բայդենի համար, ով ընտրությունների օրը կլինի 82 տարեկան, քան՝ Թրամփի, ով համեմատաբար երիտասարդ է, և ընտրություններին կմոտենա 78 տարեկանում:

«Թրամփը ամերիկացիների մոտ կուտակված դժգոհությունը ներկայացնողն է, իսկ ինչ վերաբերվում է Բայդենին, ապա նա միակ թեկնածուն է, որը դեմոկրատ ընտրազանգվածի կարծիքով կարող է հաղթել Թրամփին»,- ասում է «Ipsos Public Affairs»-ի ներկայացուցիչ Քլիֆորդ Յանգը:

Երկու թեկնածուներն էլ շահում են ամերիկյան քաղաքական համակարգից, որը ձեռնտու է գործող նախագահներին և թույլ է տալիս մեծ ազդեցություն ունենալ հարազատ կուսակցություններում: Բայդենը հաղթեց Նյու Հեմփշիրում կայացած փրայմերիզում, թեև նրա անունը բացակայում էր քվեաթերթիկում։ Շահում է նաև Թրամփը, որի ընտրազանգվածը մեծանում է։

«Համապետական ընտրությունների պարագայում, կամ ԱՄՆ ողջ Հանրապետական կուսակցությունում Թրամփը դժվար թե նման աջակցություն ստանա, որքան փրայմերիզների ժամանակ, բայց քաղաքական համակարգն այնպիսին է, որ նա վերստին կդառնա [ԱՄՆ նախագահի թեկնածու]»,- ասում է Վանդերբիլտի համալսարանի ներկայացուցիչ Թոմաս Շվարց:

Բայդենի կողմնակիցները նրան համարում են հաջողակ նախագահ, որը կարողացավ հասնել կարևոր օրենսդրական նախաձեռնությունների կյանքի կոչմանը, առաջնորդել Արևմուտքը Ուկրաինա՝ Ռուսաստանի ներխուժման ժամանակ, և կարգի բերել երկրի տնտեսությունը:

«Հաճախ եմ լսում՝ մենք առաջ ենք շարժվում Բայդենի հետ»,- ասում է քաղտեխնոլոգ Քորին Գրեյս Ֆրիմենը։

Սակայն, Ֆրիմենի խոսքով, ի տարբերություն Թրամփի կողմնակիցների բանակի, ուր նախկին նախագահին անսասան աջակցություն է ցուցաբերվում, դեմոկրատների մի մասը հիասթափված է Բայդենից, որը չկարողացավ ամբողջովին չեղարկել բազմաթիվ ամերիկացիների ուսանողական վարկերը և պատշաճ արձագանքել Իսրայել - «Համաս» հակամարտությանը։

«Բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր չեն կարող աջակցել գործող նախագահին, բայց նաև կողմ չեն Դոնալդ Թրամփին, և ովքեր պարզապես համարում են, որ Դեմոկրատական կուսակցությունը շարունակաբար մեզ տանում է անհաջողությունների»,- ասում է Ֆրիմենը:

Թրամփն ու Բայդենը մեծապես օգտվում են փրայմերիզի համակարգից, ըստ որի ԱՄՆ նախագահի թեկնածուների ընտրությունը նախապես է կատարվում:

«Այսօր կուսակցությունների նահանգային փրայմերիզների մեծ մաը տեղի են ունենում մինչև մարտի 5-ը»,- ուշադրություն է հրավիրում Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Ջեֆրի Քոուանը։

Փաստորեն, չնայած ընտրություններին դեռ ութ ամիս էլ կա, սակայն որևէ այլ թեկնածուի դժվար կլինի արշավ սկսել Բայդենի, կամ Թրամփի դեմ, և եթե հիմնական թեկնածուներից մեկը չհրաժարվի ընտրապայքարից, և կուսակցությունը չփորձի փոխարինող գտնել, ամերիկացիները վերստին կագնելու են Բայդենի ու Թրամփի միջև:

XS
SM
MD
LG