Այս ուրբաթ ԱՄՆ-ն կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին՝ Ռուսաստանի ընդդիմադության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով։ Պատժամիջոցների մասին կհայտարարվի Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարվա նախօրեին՝ նշել են Սպիտակ տանը։
«Նախագահ Բայդենի կարգադրությամբ այս ուրբաթ կհայտարարենք պատժամիջոցների նոր՝ մեծ փաթեթի մասին՝ Նավալնիի հետ կատարվածի պատճառով Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար», - երեքշաբթի լրագրողներին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։
Նրա խոսքով, պատժամիջոցներ կկիրառվեն նաև՝ «երկու տարի շարունակվող այս դաժան պատերազմի ընթացքում» Ռուսաստանի բոլոր գործողություններին ի պատասխան։
«Ինչ էլ Ռուսաստանի կառավարությունը որոշի ասել աշխարհին, պարզ է, որ նախագահ Պուտինն ու նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում Նավալնիի մահվան համար»,- նշել է Քիրբին՝ հավելելով, թե ռուսաստանյան ընդդիմության առաջնորդի մահվան հանգամանքների վերաբերյալ վստահելի հետաքննության բացակայության պայմաններում չի կարելի հավատալ այն ամենին, ինչ ասում են ռուսական իշխանությունները:
«Ռուսաստանի կառավարությունից պահանջում ենք լիարժեք թափանցիկություն, թե ինչպես է նա՝ [Նավալնին] մահացել»,- հավելել է Քիրբին։
Ամերիացի պաշտոնյայի խոսքով, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը փորձում է լրացուցիչ տեղեկություններ ստանալ Նավալնիի մահվան մասին։
Քիրբին անդրադրաձել է նաև Ուկրաինայում պատերազմին, թե Ավդիիվկայից ուկրաինական զորքերի դուրսբերումը «խելամիտ որոշում» էր և վերստին Կոնգրեսին կոչ է արել հաստատել Կիևի համար նախատեսված ամերիկյան օգնության փաթեթը: