Ուկրաինական Բախմուտ քաղաքի մոտ առաջնագիծը պահող ուկրաինացի զինվորները անցած տարվա հակահարձակումից հետո այդպես էլ չեն կարողացել առաջ շարժվել՝ անցնելով ուժեղ ամրացված ռուսական դիրքերը Ուկրաինայի արևելքում:
Նրանց խոսքով, գլխավոր պատճառը անհրաժեշտ զինամթերքի պակասն է:
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հինգ հոգու մեղադրանք է առաջադրել մոտ 40 միլիոն դոլարի յուրացման համար, որը նախատեսված էր զինամթերք գնելու համար։ Փողը փոխանցվել է, բայց զենքերն այդպես էլ տեղ չեն հասել։
Կոռուպցիան շարունակում է հանդիսանալ ՆԱՏՕ ու ԵՄ տանող ճանապարհին Ուկրաինայի առջև կանգնած հիմնական խնդիրը, և երկու կառույցների ներկայացուցիչներն էլ պահանջում են Կիևից լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Այս օրերին ուկրանական հանրության ուշադրության կենտրոնում է նաև Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու կործանված ռուսական օդանավի պատմությունը։ Մոսկվայի ներկայացմամբ, ուկրաինական ուժերի խոցած ինքնաթիռում 74 հոգի էին, այդ թվում՝ 65 ուկրաինացի գերիներ, որոնց, իբր, տեղափոիում էին փոխանակման համար:
Ռուսական կողմը, սակայն, շարունակում է արգելել այդ գործով միջազգային հետաքննությունը։ Պաշտոնական Կիևը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է իր մասնակցությունը ավիաաղետին:
Պատերազմը, սակայն, շարունակվում է, և ռուսական ուժերը նոր հարվածներ են հասցնում ուկրաինական բնակավայրերին՝ մարդկանց տներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Տեղափոխվենք Ռուսաստան, ուր օրերս Սանկտ Պետերբուրգում դատարանը 27 տարվա ազատազրկման դատապարտեց Դարյա Տրեպովային՝ ապացուցված համարելով նրա մեղսակցությունը հայտնի ահաբեկչության գործում։ 2023 թվականի ապրիլին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում պայթուցիկ սարքի պայթունից զոհվեց կրեմլամետ բլոգեր Վլադլեն Տատարսկին, և սպանության համար իրավապահները
մեղադրեցն Տրեպովային։ Վերջինս չի ընդունել մեղադրանքները՝ այն անվանելով մտացածին։