Մատչելի հղումներ

Սաակաշվիլիի և Նավալնիի միջև զուգահեռներ տանելը Վրաստանի իշխանությունները քարոզչություն են համարում 


Եվրախորհրդարանի անդամները Բրյուսելում բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։
Եվրախորհրդարանի անդամները Բրյուսելում բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։

Վրաստանի ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում համոզված են՝ այն, ինչ տեղի ունեցավ Նավալնիի հետ ուղղակի ցույց է տալիս, թե ինչ է սպասվում Վրաստանի նախկին նախագահ, անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին: 

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում քննադատել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հայտարարությունները, որոնք զուգահեռներ են անցկացնում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, օրերս բանտում իր մահկանացուն կնքած Ալեքսեյ Նավալանիի ու գրեթե երկուսուկես տարի վրացական բանտում գտնվող Սահակաշվիլիի միջև։

Վրաստանի իշխանությունների խոսքով, նման զուգահեռ անցկացնելը «պատշաճ չէ» և ընդգծում են, թե այդ ամենն արվում է բանտից Միխեիլ Սաակաշվիլիին վաղաժամկետ ազատ արձակելու նոր արշավ սկսելու համար՝ երկրի ներսում ու արտերկրում։ Հայտնի է, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ նախկին նախագահի կողմնակիցները Վրաստանում ստորագրություններ են հավաքում՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու պահանջով։

Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով, «փորձելով Սաակաշվիլիի իրավիճակը կապել Նավալնիի մահվան հետ»՝ «Սահակաշվիլիի լոբբիստները» ստորագրություններ են հավաքում՝ պահանջելով նախագահ Զուրաբիշվիլիից ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահին:

«Լոբբինգի հին մեթոդները, որոնք շատ լավ հայտնի են հանրությանը, նորից գործի են դրվել: Հերթական փորձն է արվում Զուրաբիշվիլիին ստիպել ներում շնորհել Սաակաշվիլիին»,- հայտարարել է Սամխարաձեն։

Միևնույն ժամանակ, «Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր Ռատի Իոնատամիշվիլին խոսել է Նավալնիի և Սաակաշվիլիի «իրավիճակների առանցքային տարբերությունների» մասին․ «Նավալնին վերադարձավ Ռուսաստան՝ նախապես հրապարակայնորեն հայտարարելով այդ մասին, իսկ Սաակաշվիլին գաղտնի եկավ Վրաստան՝ թթվասերի տարաներով լի բեռնատարի սառնարանում։ Նրա միակ նպատակը անկարգություններ առաջացնելն էր։ Նավալնին պատիժ էր կրում խիստ պայմաններում։ Սաակաշվիլին հիվանդանոցի երկու սենյականոց համարում է՝ կաբելային հեռուստատեսությամբ և բոլոր հարմարություններով։ Նավալնիի փաստաբանները չէին կարող միշտ այցելել նրան բանտում, իսկ Սաակաշվիլին այս ընթացքում երկու հազար այցելու է ունեցել։ Նավալնին արժանապատվորեն նստեց, Սաակաշվիլին կա՛մ ձևացնում է, որ չի կարող ուտել, կա՛մ [իբր] մեռնում է... ։ Մեկն իսկական քաղբանտարկյալ էր, մյուսը՝ սովորական հանցագործ, ով Վրաստանի շատ ընտանիքների դժբախտություն է բերել... »։

Սաակաշվիլին առաջիններից էր, ով խոսեց իր իրավիճակի ու Նավալնիի հետ տեղի ունեցածի նմանությունների մասին։ Ռուսաստանցի ընդդիմադիր գործչի մահվան մասին տեղեկության հրապարակումից հետո, Վրաստանի նախկին նախագահը սոցցանցերում երեք գրառում կատարեց, ուր Ալեքսեյ Նավալնիին կոչեց «հանուն ազատության հերոսաբար մարտնչած մեծ հերոս»՝ նրա մահը որակելով «մեծ ողբերգություն», և որ ինքը «հիանում էր Նավալնիի քաջությամբ ու հսկայական տաղանդով»։

«Պուտինը հաճախ էր ինձ համեմատում Նավալնիի հետ և, իհարկե, ատում է մեզ։ Անցած տարի Պուտինի հրահանգով ռուսամետ օլիգարխիկ ռեժիմը թունավորեց ինձ բանտում։ Հետո՝ Աստված փրկեց ինձ։ Իհարկե, Իվանիշվիլին չի հրաժարվել Պուտինի կարգադրությունը իրականացնելու մտքից, և ես, ինչպես Նավալնին, մինչև վերջ պայքարելու եմ Վրաստանում պուտինիզմին հաղթելու համար»,- փետրվարի 16-ին գրել է Սաակաշվիլին։

Երկու օր անց՝ փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին դիմեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին․ «Մեզնից շատերի համար նա՝ [Սաակաշվիլին] Վրաստանի արդիականացման խորհրդանիշն է։ Հարգում ենք [Վրաստանում] օրենքի գերակայությունը, բայց նաև կարծում ենք, չափազանց կարևոր է, որ արդար վերաբերվեն: Գուցե, կարող եք նպաստել նրա ազատ արձակմանը: Նրանք, ովքեր Վրաստանի լավն են ցանկանում, կողջունեն այդ [քայլը]»։

Սակայն ավելի վաղ՝ լրատվամիջոցների հետ զրույցում Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ Նավալանիի հետ տեղի ունեցածի ու Սաակաշվիլիի իրավիճակի միջև «համեմատության հիմքեր չկան»․ «Վրաստանը Ռուսաստան չէ, և ես սա միշտ կկրկնեմ։ Ինչ վերաբերում է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված ողբերգական իրավիճակին, կարծում եմ, որ այն ողբերգական հետևանքներ կունենա մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման առումով ողջ աշխարհում»։

Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում հիշեցնում են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարիների շարունակ չի թաքցրել իր թշնամանքը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ։

«Միջազգային հանրությունը լիովին գիտակցում է ռիսկերն ու վտանգները: Պուտինը թշնամի չի համարում «Վրացական երազանքի» ոչ մի ներկայացուցչի, միայն Միխեիլ Սաակաշվիլիին: Հիվանդանոցում գտնվող Սաակաշվիլիի սպանության վտանգը այսօր բավականին իրական է։ Ուստի, դիմում եմ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ քայլ անել ու փրկել Վրաստանը իրական վտանգից»,- խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Էկա Խերխեուլիձեն։

Հատկանշական է, որ բանտարկյալներին ներում շնորհելու իրավունք ունեցող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ այդ անել Միխեիլ Սաակաշվիլիի պարագայում, ինչը, նրա խոսքով, կարող է սրել վրացական հասարակության մեջ առկա բևեռացումը և պառակտել այն:

Իշխող «Վրացական երազանքը» բազմիցս զգուշացրել է նախագահ Զուրաբիշվիլիին, որ Սաակաշվիլիի ներումը կհամարվի անցնել «կարմիր գիծը»: Հայտնի է, որ Զուրաբիշվիլիի հարաբերությունները իշխող կուսակցության հետ վատ վիճակում են, հատկապես այն բանից հետո, երբ իշխող ուժը փորձեց խորհրդարանում պաշտոնանկ անել երկրի նախագահին, ինչը, սակայն, ձախողվեց ընդդիմության շնորհիվ, և Սաակաշվիլի կողմնակիցները սկսել են հուսալ, որ Սալոմե Զուրաբիշվիլին կփոխի իր կարծիքը և ներում կշնորհի Միխեիլ Սահակաշվիլիին։

Հիշեցնենք, միջազգային հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան 2021 թվականի սեպտեմբերի 29-ին և ձերբակալվել մի քանի օր անց՝ հոկտեմբերի 1-ին։ Մինչ այդ Թբիլիսիի դատարանը նախկին նախագահին հեռակա դատապարտել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Սաակաշվիլին պնդում է, որ իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, իսկ ինքը «Պուտինի գերին է»։

XS
SM
MD
LG