Մատչելի հղումներ

Պուտինը  բանտարկված ամերիկացի լրագրող  Գերշկովիչին լրտես է համարում


Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան երկու ժամ տևած, նախապես ձայնագրված հարցազրույցում «Fox News»-ի նախկին հաղորդավար Թակեր Կարլսոնը հարցեր է ուղղել Ռուսաստանի նախագահին Ուկրաինայում շարունակվող պատերազմի և բանտարկված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի մասին:

Հարցազրույցի հրապարակումից ի վեր լրագրողրենը քննադատում են Կարլսոնին՝ ասելով, թե նա անտեսել է Ռուսաստանի մամուլի ազատության վատ ցուցանիշը և կարող է նպաստել ռուսական քարոզչությանը:

Հարցազրույցի սկզբում Կարլսոնը համակրանք էր ցուցաբերում Պուտինի ներկայացրած խոսույթին, որով նա արդարացնում էր 2022 թվականի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ այն անվանելով Ռուսաստանի առաջնորդի «անկեղծ տեսակետ»։

Բայց Կարլսոնը հակադարձել է Պուտինի այն պնդումներին, թե «The Wall Street Journal»-ի թղթակից Գերշկովիչը լրտես է և հարցրել՝ արդյոք Ռուսաստանը կազատի լրագրողին՝ Միացյալ Նահանգներ վերադառնալու համար:

«Այս հարցը կարգավորելու համար տաբու չկա»,- հարցազրույցում ասել է Պուտինը և հավելել. «Մենք պատրաստ ենք լուծել դա, բայց կան որոշակի պայմաններ, որոնք քննարկվում են հատուկ ծառայությունների կողմից: Կարծում եմ, որ կարելի է համաձայնություն ձեռք բերել»:

Ռուսաստանում հետախուզական գործակալությունները հաճախ ոչ պաշտոնապես կոչվում են հատուկ ծառայություններ:

Լրագրող Էվան Գերշկովիչը շարունակում է հերքել իրեն առաջադրված մեղադրանքները:

Էվան Գերշկովիչ
Էվան Գերշկովիչ

2023 թվականի մարտին լրտեսության մեղադրանքով բանտարկվելուց հետո «The Wall Street Journal»-ի լրագրող Գերշկովիչի մասին սա Պուտինի ամենածավալուն հրապարակային մեկնաբանությունն էր։ Լրագրողին առաջադրված մեղադրանքները լայնորեն դիտվում են որպես անհիմն և քաղաքական դրդապատճառներով դրդված:

Գերշկովիչը, նրա գործատուն և ԱՄՆ կառավարությունը կտրականապես հերքում են լրագրողի դեմ ներկայացված մեղադրանքները: ԱՄՆ պետքարտուղարությունը նաև հայտարարել է, որ Գերշկովիչն անօրինական կերպով կալանավորված է։

Պուտինը կարծես ակնարկում էր, որ Մոսկվան պատրաստ է Գերշկովիչին փոխանակել Գերմանիայում բանտարկված ռուս մարդասպանի հետ:

Խոսքը Վադիմ Կրասիկովի մասին է, ում գերմանական դատարանը 2021 թվականին մեղավոր է ճանաչել 2019 թ-ին Բեռլինում չեչեն զինյալների նախկին առաջնորդի սպանության մեջ: Դատարանը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները պատվիրել են սպանությունը և Կրասիկովին դատապարտել ցմահ ազատազրկման:

«Այդ անձը հայրենասիրական մղումներով եվրոպական մայրաքաղաքներից մեկում ավազակի է ոչնչացրել»,- ասել է Պուտինը։

«The Journal» պարբերականն ավելի վաղ հայտնել էր՝ Մոսկվան ցանկանում է, որ Կրասիկովն ազատ արձակվի գերիների փոխանակման միջոցով, հնարավոր է Գերշկովիչին ազատելու դիմաց:

Լրտեսության ապացույց չկա

Չնայած Գերշկովիչն արդեն մեկ տարի է լրտեսության մեղադրանքով բանտարկված է, Մոսկվան մինչ այժմ հրապարակային որևէ ապացույց չի տրամադրել լրտեսության մասին պնդումներն ապացուցելու համար: Հարցազրույցում Պուտինն ավելացրել է լրտեսության մեղադրանքները, սակայն ոչ մի ապացույց չի ներկայացրել:

Կարլսոնը հակադարձել է լրտեսության մասին պնդումներին՝ ասելով. «Երիտասարդն ակնհայտորեն լրտես չէ»:

«Fox News»-ի նախկին հաղորդավարը նաև հարցրել է Պուտինին՝ արդյոք նա ազատ կարձակի Գերշկովիչին՝ «ի նշան իր պարկեշտության»։ Պուտինն արձագանքել է՝ ասելով, որ Ռուսաստանը սպառել է «բարի կամքի ժեստերը»:

Հարցազրույցում անդրադարձ չի եղել Ռուսաստանում բանտարկված երկրորդ ամերիկացի լրագրող Ալսու Կուրմաշևային, ով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության խմբագիրն է Պրահանում:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Կուրմաշևան Ռուսաստան է մեկնել 2023 թվականի մայիսին ընտանեկան հանգամանքների բերումով: Հունիսին, երբ նա փորձել է լքել երկիրը, նրա անձնագրերն առգրավվել են։

Նա սպասում էր անձնագրերի վերադարձին, երբ հոկտեմբերին բերման ենթարկվեց որպես «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու մեղադրանքով։ Ավելի ուշ իշխանությունները նրան մեղադրեցին ռուս զինվորականների մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:

Կուրմաշևան և իր գործատուն հերքում են առաջադրված մեղադրանքները։

XS
SM
MD
LG