Մատչելի հղումներ

Ընթացիկ տարում «RuNet»-ի ամենալուրջ արգելափակումների ժամանակագրությունը


Ռուսաստանում օգտատերերը խնդիրներ ունեցան «Telegram»-ի և համացանցային այլ ծառայություններից օգտվելու առումով
Ռուսաստանում օգտատերերը խնդիրներ ունեցան «Telegram»-ի և համացանցային այլ ծառայություններից օգտվելու առումով

Այս փետրվարի 27-ին ողջ Ռուսաստանում օգտատերերը խնդիրներ ունեցան «Telegram»-ի և համացանցային այլ ծառայություններից օգտվելու առումով: Սա՝ նախորդ շաբաթներին գրանցված «RuNet»-ի առաջին լայնածավալ արգեալափակումը չէր:

Այս անգամ Ռուսաստանի իշխանություններն անգամ չնշեցին համացանցի «դադարի» պատճառները, չնայած նախորդ անգամներին արձագանքում էին՝ խոսելով իրենց պատասխանատվության մասին։ Փորձագետների կարծիքով, Ռուսաստանում համացանցի խնդիրների հետևում «Роскомнадзор»-ն է։։

Փետրվարի 27

Այս փետրվարի 27-ի կեսօրին Ռուսաստանում օգտատերերը զանգվածաբար սկսեցին հայտնել «Telegram»-ի, «WhatsApp»-ի, «YouTube»-ի և այլ ծառայությունների խափանումների մասին: Մեկ ժամվա ընթացքում խնդիրը շտկվեց։ Միաժամանակ, ռուսաստանցիների մոտ սկսեցին բացվել երկրում արգելափակված կայքերն ու սոցցանցերը՝ առանց «VPN»-ի, այդ թվում՝ «Facebook»-ը, «Instagram»-ը և «X»-ը (նախկինում՝ «Twitter»):

Ռուսաստանյան բջջային օպերատորների ներկայացմամբ, խափանումը իրենց մեղքով չէր։ «Forbes»-ի հետ զրույցում փորձագետները հակված էին այն կարծիքին, որ սահմանափակումների հետևում է « Роскомнадзор»-ն է:

Ըստ Պետդումայի պատգամավոր Անտոն Տկաչևըի, համացանցի խափանման պատճառն, իրոք, «Роскомнадзор»-ն էր, քանի որ կառույցի համապատասխան ֆիլտրերը կարգավորում էին անցնում, որպեսզի կանխեն որոշ հարթակների գործունեությունը [Ռուսաստանում]»։ Նրա գործընկեր՝ Անդրեյ Սվինցովն ասել էր, թե նման կերպ ռուսաստանյան հատուկ ծառայությունները ստուգում էին բոլոր համակարգերի աշխատանքը՝ երկրում նախագահական ընտրությունների նախաշեմին։

Այդուհանդերձ, Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը չի անդրադարձել խափանման պատճառին՝ հավելելով, որ, օրինակ, «Telegram»-ի խափանում գրանցվել է նաև այլ երկրներում։ «Коммерсантъ» պարբերականը, վկայակոչելով փորձագետներին, պարզաբանել է, թե մեսենջերի տվյալների մի մասը, հնարավոր է, պահվում է Ռուսաստանում, և, հավանաբար, խնդիրներ են առաջացել արտերկրի այն օգտատերերի մոտ, որոնց տվյալները «Telegram»-ի ռուսաստանյան կենտրոններում են:

Հունվարի 30

Հունվարի 30-ին մի քանի ժամ ռուսաստանցի օգտատերերը չէին կարողանում մուտք գործել համացանցային «.ru» տիրույթում գտնվող կայքեր և հավելվածներ, այդ թվում՝ «VKontakte», «Yandex», «Ozon», «Sber», «VTB», «Tinkoff», «Gosuslugi» և այլն։ Ռուսաստանցիները չէին կարողանում ապրանքներ ստանալ բեռնաթափման կետերից, իսկ որոշ բանկոմատներ ժամանակավորապես չէին աշխատում: Մասնագետները սա անվանեցին վերջին ժամանակների ամենամեծ խափանումը «RuNet»-ում:

«.ru» և «.рф» տիրույթների համակարգման կենտրոնը ընդունել է, որ «առաջացել է տեխնիկական խնդիր՝ կապված համաշխարհային «DNSSEC» ենթակառուցվածքի հետ»։

«DNSSEC»-ը տեխնոլոգիա է, որն ապահովում է տվյալ տիրույթի անունների համակարգի («DNS») անվտանգությունը: Որպեսզի օգտատերը կարողանա գործածել որևէ կայք, նրա տիրույթի անվանումը փոխակերպվում է թվերից բաղկացած «IP» հասցեի՝ օգտագործելով «DNS» սերվերը: «DNSSEC»-ի գործառույթն է ապահովել, որ «IP» հասցեն չկեղծվի կամ փոխարինվի վնասակար կայքով: «DNSSEC» տեխնոլոգիան բարելավում է տվյալների ստուգման հուսալիությունը՝ օգտագործելով թվային ստորագրություններ, որոնք հիմնված են գաղտնագրող բանալիների վրա:

Ցանցի ազատության նախագծի ներկայացմամբ, խափանումը կարող էր կապված լինել բոլոր օգտատերերին ազգային «DNS» սերվեր տեղափոխելու ռուսական իշխանությունների փորձի հետ:

Հունվարի 24

Այս հունվարի 24-ի գիշերը Ռուսաստանի Հեռավոր Արևելքի օգտատերերը սկսեցին բողոքել «Telegram»-ի և «WhatsApp»-ի հետ կապված խնդիրներից, որոնք շարունակվեցին չորս օր։

Լրատվամիջոցներն արգելափակումը կապում էին Յակուտսկում տեղի բնակչի սպանության հետ առնչվող բողոքի ակցիաները մեսենջերների միջոցով կազմակերպելու փորձերի հետ։ Սպանության կասկածանքով ձերբակալվեց ծնունդով Տաջիկստանից մեկը: Ցուցարարները պահանջում էին հետաքննել կատարվածը և խստացնել հսկողությունը միգրանտների նկատմամբ։

Յակուտիայի թվային զարգացման փոխնախարար Անդրեյ Սուսլովն անդրադառնալով ցանցում տեղական լրատվամիջոցների հասանելիության հետ կապված խնդրին՝ ասել էր, որ «կանխարգելիչ աշխատանք է իրականացվել՝ համաձայնեցված «Роскомнадзор»-ի հետ»։

Հունվարի 16

Բաշկորտոստանի բնակիչները հունվարի 16-ից մի քանի օր շարունակ բողոքում էին «WhatsApp»-ի և «Telegram»-ի խափանումներից։

Խափանումները սկսվել են բաշկիր ազգայնականների առաջնորդներից մեկին՝ Ֆայիլ Ալսինովին աջակցող զանգվածային ցույցերին զուգահեռ։ Հունվարի 17-ին նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։

Հունվարի 19-ին Բաշկորտոստանի թվային զարգացման նախարարության ներկայացուցիչն ընդունեց «WhatsApp»-ի և «Telegram»-ի խափանումների փաստը՝ հավելելով, որ «մեսենջերների գործառնական սահմանափակումը դուրս է հանրապետական իշխանությունների իրավասությունից»։ Ըստ հաղորդագրության, արգելափակման հետևում կարող էին կանգնած լինել Ռուսաստանի կենտրոնական իշխանությունները։

XS
SM
MD
LG