Նախօրեին Նավալնիի համախոհները հայտնել էին, որ իրենց չի հաջողվել ողջ Մոսկվայում դահլիճ գտնել՝ քաղաքական գործչի հրաժեշտի արարողությունը անցկացնելու համար, քանի որ թաղման բյուրոները և տարբեր սրահների սեփականատերեր հրաժարվել են իրենց նման ծառայություն մատուցել։ Յարմիշի խոսքով, որոշ կազմակերպություններ փոխանցել են, որ տարածքը զբաղեցված է, մյուսները հրաժարվել են ծառայություն մատուցել, երբ նշվել է ընդդիմադիր գործչի անունը։
Ալեքսեյ Նավալնիի մահվանից ավելի քան մեկ շաբաթ անց՝ փետրվարի 24-ին, նրա մարմինն ի վերջո հանձնել են մորը՝ Լյուդմիլային։ Մինչ այդ Լյուդմիլա Նավալնայան հայտարարել էր, թե Ռուսաստանի Քննչական կոմիտեն իրենից պահանջել է կա՛մ համաձայնել որդու գաղտնի հուղարկավորությանը, կա՛մ Նավալնիին հողին կհանձնեն կալանավայրի գերեզմանատանը։
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ բնակավայրի հատուկ ռեժիմի՝ «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշված է, որ մահացել է «բնական մահով»։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Մահվանից մի քանի օր առաջ Նավալնիին 27-րդ անգամ ուղարկեցին պատժախուց։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նրան սպանել են։ Ալեքսեյի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու գործը։