Ալեքսեյ Նավալնիի այրու՝ Յուլիա Նավալնայայի և նրանց դստեր հետ հանդիպմանը նախագահ Ջո Բայդենը ռուսաստանցի գործչին անվանել է «արտասովոր քաջության տեր և կոռուպցիայի դեմ ու հանուն ազատ, ժողովրդավարական Ռուսաստանի համար պայքարող մարտիկ»։
Բրազիլիայում Մեծ քսանյակի անդամ-երկրների արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է. «Նավալնին իսկապես հերոս է, բայց այն, որ [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինը կարևոր է համարել հետապնդել, թունավորել և բանտարկել մեկ մարդու, շատ բան է ասում ոչ թէ պուտինյան Ռուսաստանի ուժի, այլ թուլության մասին»:
Այս ամենին զուգահեռ՝ ամերիկա-ռուսական հարաբերություններում զարգանում է նոր պատմություն։ Օրերս ռուսաստանյան լրատվամիջոցները ցուցադրել են մի տեսանյութ, ուր պատկերված է ԱՄՆ ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 33-ամյա կնոջ ձերբակալությունը։ Նրան մեղադրում են դավաճանության մեջ: Կալիֆոռնիայի բնակչուհին ամանորին այցելել էր իր ընտանիքին՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք։
Ռուսաստանյան լրատվամիջոցները չեն բացահայտում կնոջ ինքնությունը, սակայն հայտնել են, որ նրան մեղադրում են Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար:
Ըստ որոշ հրապարակումների նրա անունը Քսենիա Կարելին-Խավանա է:
Ինստագրամյանի գրառմամբ՝ այդ կնոջ լոս անջելեսյան գործատուն հայտնել է, որ նրան մեղադրել են դավաճանության մեջ՝ ԱՄՆ-ում ուկրաինական բարեգործական հիմնադրամին ընդամենը 51 դոլար նվիրաբերելու համար:
Ձերբակալվածի նախկին սկեսուրը՝ Էլեանորա Սրեբրոսկին, «Ամերիկայի ձայնին» փոխանցել է․ «Նա [այս] հունվարի 2-ին ժամանել է Եկատերինբուրգ։ Ձերբակալվել է հունվարի 27-ին՝ իբր թե խուլիգանության համար։ Ծիծաղելի է։ Քսյուշան այն մարդը չէ, ով վատ բան անի։ Իմ կյանքում նրանից անգամ կոպիտ խոսք չեմ լսել»։
Իրավիճակին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, թե Միացյալ Նահանգները փորձում է կապ հաստատել կալանավորված ամերիկուհու հետ, թեև այն դժվար է՝ երկքաղաքացիության պատճառով․ «Ցավալի է, որ Ռուսաստանը շարունակում է կալանավորել իր քաղաքացիներին։ Շարունակում է կալանավորել Ամերիկայի քաղաքացիներին։ Այս է պատճառը, որ հնարավորինս տեղեկացրել ենք՝ ԱՄՆ ոչ մի քաղաքացի չպետք է մտածի Ռուսաստան մեկնելու մասին, որովհետև նրանք կարող են կալանավորվել»:
Քսենյայի ձերբակալության մասին լուրը հայտնվեց նույն օրը, երբ Մոսկվայի դատարանը որոշում կայացրեց կալանքի տակ պահել «The Wall Street Journal»-ի ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին՝ մինչ նրա դատավարության մեկնարկը։ Գերշկովիչը մեղադրվում է լրտեսության մեջ։ Լրագրողը հերքում է այն։
Այս ամենի ֆոնին՝ հայտնի է, որ Ռուսաստանի իշխանությունները վերջապես թույլ են տվել Ալեքսեյ Նավալնիի մորը տեսնել որդու մարմինը, սակայն պաշտոնյաները պնդում են, որ Ալեքսեյը պետք է գաղտնի հուղարկավորվի:
Իր հերթին՝ Ռուսաստանում անազատության մեև գտնվող մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Վլադիմիր Կարա-Մուրզան բանտից տեսանյութ է տարածել՝ կոչ անելով համաքաղաքացիներին չտրվել հուսահատության՝ Նավալնիի մահից հետո, այլ՝ ավելի շատ գործել, որպեսզի Ռուսաստանը դառնա ազատ ու ժողովրդավարական երկիր: