Ի սկզբանե Մյունխենի համաժողովում Ռուսաստանի ապագայի մասին քննարկումը նախատեսվում էր նվիրել գալիք նախագահական ընտրություններին, սակայն Նավալնիի մահը բանտում փոխեց բոլոր ծրագրերը։ Փոքրիկ լսարանը հազիվ էր տեղավորում բոլորին. լսելու եկածների թվում էին լրագրողներ ու քաղաքագետներ աշխարհի տարբեր ծայրերից, Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ:
Մյունխենի կոնֆերանսի համար անսովոր քննարկումը որոշվեց անցկացնել ռուսերենով։ «Դա ավելի հարմար կլինի ունկնդրի համար»,- ասում է Ժաննա Նեմցովան։ Իսկապես, դահլիճում շատերը խոսում են ռուսերեն կամ հասկանում են այս լեզուն։ Նեմցովան սկսում է ռուս ժողովրդին ուղղված աջակցության խոսքերով.
«Ուզում եմ աջակցություն հայտնել Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերին և ծաղիկներ դրել ամբողջ երկրում քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։ Այս գործողությունը բավական վտանգավոր է այսօրվա Ռուսաստանում։ Ըստ OVD-info-ի՝ մեր երկրում արդեն կալանավորվել է ավելի քան 300 մարդ, և սա իսկապես անհավանական խիզախ արարք է»։
Ապա Ժաննա Նեմցովան խոսում է Ալեքսեյ Նավալնիի մասին.
«Ես, ինչպես ամբողջ աշխարհը, երեկ իմացա, որ Ալեքսեյ Նավալնին սպանվել է բանտում։ Ես սա համարում եմ սպանություն: Ես լիովին համաձայն եմ Յուլիա Նավալնայայի հետ այս հարցում, ինչպես որ համաձայն եմ նրա հետ, որ մենք պետք է պայքարենք բացարձակ չարի դեմ, որը Վլադիմիր Պուտինն է։ Ուզում եմ ասել, որ Ալեքսեյ Նավալնին 21-րդ դարի Ռուսաստանի ամենահայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներից էր և մեր ժամանակների ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը։ Սա այն մարդն էր, ով ձևակերպեց քաղաքական օրակարգը, և նույնիսկ բանտում գտնվելով, նա այն մարդն էր, ով առաջարկում էր պուտինյան ռեժիմի դեմ պայքարի նոր տարբերակներ, և դա միշտ քննարկվում էր։ Ես այդպիսի մարդ դեռ չեմ տեսել»։
Նավալնիի մահը բանտում, ըստ Ժաննա Նեմցովայի և Եկատերինա Շուլմանի, կարող է կապված լինել Ռուսաստանի նախագահական ընտրություններում միակ հակապատերազմական թեկնածու Բորիս Նադեժդինի անսպասելի ժողովրդականության հետ, որին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ի վերջո, չգրանցեց:
«Նադեժդինի աջակցության երկնիշ թվերը վախեցրել են վարչակարգին. նրանք վախեցել են ստորագրության համար գոյացած հսկայական հերթերից»,- կարծում է Նեմցովան։
Եկատերինա Շուլմանի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունների համար ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանում պատերազմի շարունակման ակտիվ կողմնակիցների թիվը նվազել է՝ հասնելով 12-15 տոկոսի։
«Ալեքսեյ Նավալնին մարդ էր, ում ձայնը լսելի էր: Մարդ, ով ուներ բարոյական հեղինակություն: Նա կարող էր մարդկանց կոչ անել ինչ-որ բան անելու, և նրանք կանեին դա: Այն պայմաններում, երբ ընտրություններ պետք է անցկացվեն, բարոյական միասնություն պետք է դրսևորվի, որը չկա. նման ձայնը չափազանց վտանգավոր է։ Կարծում եմ՝ Նադեժդինի պատմությունը և նրա անսպասելի հաջողությունը փոխեցին որոշումների կայացման համակարգը՝ վերջնականապես որոշումներ կայացնելու իրավունքը փոխանցելով ուժայիններին»։ Սակայն Շուլմանը ընդգծում է, որ ակնկալում էր, որ ՌԴ իշխանությունները նախագահական ընտրություններից հետո նման եզրակացություններ կանեին։
Հարցին, թե հիմա ինչ անել, հավաքվածները ստույգ պատասխան չունեին։ «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Իրինա Շչերբակովան կարծում է, որ Ռուսաստանի ապագան մշուշոտ է և ուղղակիորեն կախված է նրանից, թե արդյոք Ուկրաինան կհաղթի պատերազմում։
«Մենք պետք է համոզենք Արևմուտքին, որ Ռուսաստանը պետք է պարտվի»,- ասում է Շչերբակովան։ Քննարկման մասնակիցները կոչ են արել նաև զենք մատակարարել Կիևին։