Մատչելի հղումներ

Գերմանիան նոր պատժամիջոցներ կառաջարկի Ռուսաստանի դեմ՝ կապված Նավալնիի մահվան հետ


Կոպենհագենում, Դանիա, ՌԴ դեսպանատան մոտ ցույց է տեղի ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո
Կոպենհագենում, Դանիա, ՌԴ դեսպանատան մոտ ցույց է տեղի ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո

ԵՄ նախարարների հանդիպման առանցքը Ուկրաինային ռազմական աջակցության հարցն է

Գերմանիան նոր պատժամիջոցներ կառաջարկի Ռուսաստանի դեմ՝ կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ, երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, որին կմասնակցի քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան։

Նախարարները պետք է քննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը։ Հունգարիան ԵՄ միակ երկիրն է, որը չի հաստատել առաջարկվող սահմանափակումները գրեթե 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:

Նավալնիի մահից հետո Բուդապեշտը որեւէ մեկնաբանություն չի արել։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոսեպ Բորելը առաջարկել է, սև ցուցակում ընդգրկել Նավալնիի մահվան հետ կապված ռուսական կալանավայրի վարչակազմի ներկայացուցիչներին։

«Եվրամիության անդամ երկրներն անպայման պատժամիջոցներ կառաջարկեն մեղավորների դեմ»,- ասել է Բորելը` ընդգծելով, որ Նավալնիի մահվան հիմնական պատասխանատվությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա է։

Յուլիա Նավալնայան երկուշաբթի ասաց, որ շարունակելու է ամուսնու գործը և կոչ արել շարունակել պայքարը Պուտինի դեմ։

Անալենա Բուրբոքը հույս է հայտնել, որ ԵՄ անդամ 27 երկրները շուտով համաձայնության կգան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ։

ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ պատժամիջոցների նոր փուլը կարող է նախապես հաստատվել չորեքշաբթի օրը, եթե Բուդապեշտը կանաչ լույս տա:

«Մենք տեսել ենք այն դաժանությունը, որով ՌԴ նախագահը ճնշում է իր քաղաքացիներին, ովքեր փողոց են դուրս գալիս», - ասել է Բերբոքը: «Մենք նոր պատժամիջոցներ կառաջարկենք Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ»:

Շվեդիան նույնպես կոչ է արել պատժամիջոցներ կիրառել։

Նախարարները պետք է քննարկեն նաև Ուկրաինային ռազմական աջակցության հետ կապված հարցեր։

«Եթե Ուկրաինան ընկնի, մենք հաջորդը կլինենք: Պուտինը կանգ առնելու մտադրություն չունի. նա չի կարողանա կանգ առնել»,- հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

XS
SM
MD
LG