Մատչելի հղումներ

«Նավալնիին սպանեց Պուտինը». աշխարհի առաջնորդներն արձագանքում են Կրեմլի քննադատի մահվանը


Մոմավառություն Ալեքսեյ Նավալնիի հիշատակին
Մոմավառություն Ալեքսեյ Նավալնիի հիշատակին

Ռուսաստանի քրեակատարողական ծառայության ներկայացմամբ, անազատության մեջ մահացել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Մահվան պատճառը չի նշվում։

Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալո-Նենեց ինքնավար մարզի բաժանմունքը հայտնել է, որ փետրվարի 16-ին «դատապարտված Ա. Նավալնին զբոսանքից հետո վատ է զգացել և կորցրել իտակցությունը»։ Հաղորդվում է, որ շտապ բուժօգնության խումբը իրականացրել է վերակենդանացման միջոցառումներ, որոնք, սակայն, դրական արդյունք չեն տվել։

«Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նավալնիի թիմի ներկայացուցիչներն դեռ չեն հաստատել քաղաքական գործչի մահը։

Նրա փաստաբան Լեոնիդ Սոլովյովը «Новая газета»-ին ասել է, Նավալնիի ընտանիքի որոշմամբ՝ ոչինչ չի մեկնաբանում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է՝ տեղյակ են կատարվածից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս տեղեկացվել է ընդդիմադիր գործչի մահվան մասին։

2023 թվականի օգոստոսին Մոսկվայի դատարանը Նավալնիին դատապարտեց 19 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով ծայրահեղական գործունեության և կոչերի համար։ Նավալնին չէր ընդունել մեղքը։ Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ նրան ճանաչել են քաղբանտարկյալ։

Հիշեցնենք, 2021 թվականի Ժնևի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե նախազգուշացրել է Պուտինին «կործանարար» հետևանքների մասին, եթե Նավալնին մահանա բանտում։

Արձագանքներ

Բայդեն. Ալեքսեյ Նավալնիի մահվան պատասխանատվությունը Պուտինի վրա է

Ջո Բայդեն
Ջո Բայդեն

Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրի առնչությամբ։

«Հիմք չունեմ կարծելու, որ ճիշտ չէ»,- ասել է Բայդենը՝ արձագանքելով, թե արդյոք կարող է կեղծ լինել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Նավալնիի մահվան մասին ռուսաստանյան պաշտոնական տեղեկատվությունը։

«[Նավալնին] վերադարձել է Ռուսաստան՝ իմանալով, որ, ամենայն հավանականությամբ, իրեն բանտարկելու են կամ սպանեն՝ իր գործը շարունակելու համար։ Նա, ամեն դեպքում, այդ արեց, քանի որ խորապես հավատում էր իր երկրին»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը:

«Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար։ Նավալնիի հետ կատարվածը Պուտինի դաժանության հերթական ապացույցն է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթը սկել է հետևյալ խոսքերով. «Նախքան սկսելը, բոլորս նոր տեղեկություններ ստացանք, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է Ռուսաստանում։ Սա, իհարկե, սարսափելի նորություն է, և մենք աշխատում ենք լուրը հաստատելու ուղղությամբ։ Աղոթում եմ նրա

ընտանիքի, այդ թվում՝ կնոջ՝ Յուլյայի համար, ով այսօր մեզ հետ է: Եվ եթե [լուրը] հաստատվի, այն կլինի Պուտինի դաժանության հերթական ապացույցը՝ անկախ նրանից, թե ինչ տարբերակ են նրանք առաջարկում։ Պարզ ասենք՝ պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի իշխանությունները։ Այդ մասին ավելի ուշ կխոսենք»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով նույնպես Մյունխենում է, հայտարարել է, թե ռուսական իշխանությունները պատասխանատու են բանտարկված ընդդիմադիր գործչի՝ Նավալնիի մահվան համար։

«Նրա մահը ռուսական բանտում և վախը այդ մեկ մարդուց միայն ի ցույց են դնում Պուտինի կառուցած համակարգի թուլությունն ու փտած լինելը։ Այս հարցը կքննարկենք այլ երկրների հետ, որոնք մտահոգված են Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածով, հատկապես, եթե այդ հաղորդագրությունները հաստատվեն»,- ասել է պետքարտուղարը:

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ամերիկյան հանրային ռադիոյին (NPR) ասել է, որ եթե Նավալնիի մահը հաստատվի, «այն սարսափելի ողբերգություն կլինի»:

«Հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության երկարատև ու ամոթալի փորձը՝ վնասել իր հակառակորդներին, այն մեզ ստիպում է հարցեր տալ այստեղ տեղի ունեցածի վերաբերյալ», - ասել է Սալիվանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Նավալնիի մահը, իսկ մինչ այդ՝ նրա բանտարկությունը, սարսափելի ողբերգություն էր»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին «Նավալնիի մահվան վերաբերյալ արժանահավատ հետաքննություն անցկացնել»:

«Ցնցված ենք լուրից, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է բանտում»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

«Եթե ինչ-որ մեկը մահանում է կալանքի տակ, նշանակում է, որ պետությունն է պատասխանատու։ Այս պատասխանատվությունից կարելի է ազատվել՝ միայն անկախ կառույցի կողմից անաչառ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննության միջոցով», - ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Լիզ Թրոսելը:

«Պուտինը նրան թունավորեց, բանտարկեց ու սպանեց». աշխարհի առաջնորդները՝ Կրեմլի քննադատի մահվան շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:08:40 0:00

Եվրախորհուրդը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին հետաքննել Նավալնիի մահը և հանրայնացնել եզրակացությունները։

«Նավալնիի ողբերգական ճակատագիրը չի կարելի դիտարկել մարդու իրավունքների խախտումներից հերթականը, որոնց նա բախվել է, ներառյալ՝ երեք տարի առաջ նրա նկատմամբ մահափորձը, քաղաքական դրդապատճառներով մի շարք քրեական գործերը, ինչպես նաև նրա անարդարացի բանտարկությունն ու անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում կալանավորումը»,– ասված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հայտարարության մեջ։

«Երեք տարի առաջ վերադառնալով Ռուսաստան՝ Ալեքսեյ Նավալնին համարձակորեն մարտահրավեր նետեց անազատ և անարդար համակարգին, որը հիմնված էր բռնաճնշումների վրա։ Նրա զոհաբերությունը ոչ միայն ի ցույց է դնում Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների կատարյալ անտեսումը, այլև վկայում է այն բարձր գնի մասին, որը պետք է վճարել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքները պաշտպանելու համար»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը առաջին օտարերկրյա ղեկավարն էր, ով մեկնաբանեց Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին լուրը. «Նա պարզապես դաժանորեն սպանվեց Կրեմլի կողմից: Սա փաստ է, և սա այն է, ինչ դուք պետք է իմանաք ռուսական ներկայիս ռեժիմի իրական էության մասին: Ցավակցում եմ ընտանիքին և ընկերներին»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով նյունպես մասնակցում է Մյունխենում անվտանգության ամենամյա համաժողովին, խորը ափսոսանք և անհանգստություն է հայտնել Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակացությամբ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կատարվածն անվանել է ողբերգություն։ «Որպես ռուսական ժողովրդավարության ամենաջերմ պաշտպան՝ Ալեքսեյ Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում դրսևորել է անհավանական քաջություն»,- «X» սոցիալական ցանցում գրել է Սունակը:

Եվրամիությունը նույնպես՝ Նավալնիի մահվան համար մեղադրել է Ռուսաստանին։ «Ալեքսեյ Նավալնին պայքարել է հանուն ազատության և ժողովրդավարության արժեքների։ Հանուն իր գաղափարների նա զոհաբերեց իրեն։ Եվրամիությունն այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն է համարում ռուսաստանյան ռեժիմին»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնիի մահը անազատության մեջ, ենթադրել է, որ այն կարող է սպանություն լինել։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով, Նավալնին կիսել է Ռուսաստանի բռնապետի կողմից խոշտանգումների ենթարկված ու սպանված հազարավոր մարդկանց ճակատագիրը։

«Պուտինին չի հետաքրքրում, թե ով է մահանում, քանի դեռ նա պահպանում է իր դիրքերը՝ ոչինչ չխնայելով դրա համար։ Պուտինը պետք է կորցնի ամեն ինչ, պետք է կորցնի ամեն ինչ և պատասխանատվություն կրի իր արածի համար»,- ասել է Զելենսկին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն հայտարարել է, որ Նավալնին կյանքով է վճարել իր խիզախության համար։ «Նա պաշտպանեց ժողովրդավարությունն ու ազատությունը Ռուսաստանում և իր խիզախության համար վճարեց իր կյանքով»,- գրել է Շոլցը «X»-ում՝ հավելելով, որ այժմ պարզ է, թե «ինչ ռեժիմ է տիրում Մոսկվայում»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի թաքցրել իր «զայրույթը»։ «Այսօրվա Ռուսաստանում ազատ ոգիները դատապարտվում են մահապատժի»,- ասել է նա:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը ողբերգություն է անվանել։

«Նա ուժեղ մարտիկ էր՝ հանուն ժողովրդավարության, հանուն ռուս ժողովրդի ազատության։ Դա ցույց է տալիս, թե որքան է Պուտինը պատրաստ «գործ ունենալ» յուրաքանչյուրի հետ, ով պայքարում է ռուսների ազատության համար», - ասել է Թրյուդոն՝ «CBC» ռադիոյին տված հարցազրույցում և հավելել. «Սա ողբերգություն է և ողջ աշխարհին հիշեցնում է, թե ինչ հրեշ է Պուտինը»:

Յուլյա Նավալնայայի հայտարարությունը

Յուլյա Նավալնայան՝ Ալեքսեյ Նավալնիի կինը, մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին Մյունխենում, Գերմանիա, փետրվարի 16, 2024թ.
Յուլյա Նավալնայան՝ Ալեքսեյ Նավալնիի կինը, մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին Մյունխենում, Գերմանիա, փետրվարի 16, 2024թ.

Ելույթ ունենալով Մյունխենի միջազգային համաժողովում Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, հայտարարել է. «Երևի բոլորդ արդեն տեսել եք այսօր եկող սարսափելի լուրը: Երկար մտածում էի՝ դուրս գամ այս հարթակ, թե գնամ ուղիղ երեխաներիս մոտ։ Բայց հետո մտածեցի, թե ինչ կանի Ալեքսեյը իմ փոխարեն։ Եվ ես վստահ եմ, որ նա այստեղ կլիներ: Նա կլիներ այս բեմում։

Չգիտեմ՝ հավատա՞մ, թե՞ ոչ այն սարսափելի լուրերին, որ մենք ստանում ենք միայն Ռուսաստանի պետական աղբյուրներից, քանի որ երկար տարիներ, և դուք բոլորդ դա գիտեք, մենք չենք կարող վստահել Պուտինին և Պուտինի կառավարությանը։ Նրանք միշտ ստում են։

Բայց եթե դա ճիշտ է, ես ուզում եմ, որ Պուտինը, նրա շրջապատի բոլոր մարդիկ, նրա ընկերները, նրա կառավարությունը իմանան, որ պատասխանատվություն են կրելու մեր երկրի, իմ ընտանիքի և իմ ամուսնու հանդեպ իրենց արածի համար։ Եվ այդ օրը կգա շատ շուտով:

Ուզում եմ կոչ անել համաշխարհային հանրությանը, բոլորին այս սենյակում, մարդկանց ողջ աշխարհում, որպեսզի մենք միավորվենք և հաղթենք այդ չարիքին։ Մենք հաղթեցինք այն սարսափելի ռեժիմին, որն այժմ Ռուսաստանում է։ Ե՛վ այդ ռեժիմը, և՛

Վլադիմիր Պուտինը պետք է անձնական պատասխանատվություն կրեն այն բոլոր սարսափելի բաների համար, որոնք վերջին տարիներին արել են մեր երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ»։

XS
SM
MD
LG