Մատչելի հղումներ

Ի՞նչ ապագա է սպասվում Ռուսաստանին․ հինգ սցենար


Ակտիվիստները պահանջում են վերադարձնել ռուս մոբիլիզացված զինվորներին Ուկրաինայից
Ակտիվիստները պահանջում են վերադարձնել ռուս մոբիլիզացված զինվորներին Ուկրաինայից

Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհուրդը ներկայացրել է զեկույց, ուր ամփոփված են Ռուսաստանին վերաբերող հինգ սցենարներ։

Իրականացնելով լայնածավալ ներխուժում Ուկրաինա՝ Կրեմլը մարտահրավեր նետեց ողջ աշխարհակարգին։ Փոխելով Ռուսաստանի մասին վերջին տարիներին ձևավորված պատկերացումները՝ այս պատերազմն աշխարհում բանավեճ է առաջացրել թե՛ Ուկրաինայի ապագայի, թե՛ ՆԱՏՕ-ի և արևմտյան կառույցների հեռանկարների շուրջ։ Այն, ինչ տեղի է ունենում, պահանջում է նոր ըմբռնում՝ Կրեմլից բխող շարունակական սպառնալիքի մասին։

Կասկածից վեր է, որ Մոսկվայի՝ շարունակվող ագրեսիային պատշաճ կերպով արձագանքելու համար կարևոր է ոչ միայն վերլուծել Ռուսաստանի ներկայիս գործողությունները, այլև փորձել ուրվագծել հետագա քայլերը՝ ռուսաստանյան ներքին և արտաքին քաղաքականության մեջ։

«Ատլանտյան խորհրդի» Եվրասիա կենտրոնի կողմից պատրաստված հոդվածների և զեկույցների նոր շարքը նվիրված է Ռուսաստանի վերաբերյալ Արևմուտքի վերջին գնահատականներին:

Նախկին հետաքննող լրագրող և Մարդու իրավունքների հիմնադրամի ավազակապետության դեմ պայքարի ծրագրի ներկայիս տնօրեն Քեյսի Միշելը ներկայացրել է շարքի առաջին զեկույցը, ուր ամփոփված են հինգ ուղիներ, որոնցով կարող է ընթանալ Ռուսաստանը:

Թե որքանով են դրանք հավանական, կամ ինչպես պետք է արևմտյան քաղաքական գործիչները պատրաստվեն Ռուսաստանում զարգացման յուրաքանչյուր սցենարին, Վաշինգտոնում քննարկել են հետազոտողները։

Արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի իր ծավալապաշտական և հակաարևմտյան գիծը

Զեկույցի հեղինակը կարճաժամկետ հեռանկարի համար ամենահավանական տարբերակն է համարում պուտինյան ռեժիմի պահպանումը։

Երկրորդ սցենարը՝ «ռեժիմի տապալումն է, որին հաջորդում է ազգայնական բռնապետության հաստատումը»։

«Եթե ժամանակը մի փոքր առաջ տանենք, ապա հեշտ է պատկերացնել Եվգենի Պրիգոժինի թվացյալ ապստամբության կրկնություն, քանի որ դրա նախադրյալները դեռ պահպանվում են․ ազգայնականների հիասթափությունը՝ կապված [Ուկրաինա] Պուտինի ապաշնորհ ներխուժման հետ, Ռուսաստանի բանակի կենդանի ուժի և տեխնիկայի շարունակական կորուստները, ինչը, սովորաբար, հանգեցնում է պոպուլիստների և հեղափոխականների երևան գալուն ամբողջ աշխարհում»,- նշեց հետազոտողը:

Երրորդ սցենարը «ռեժիմի տապալման» այլ տարբերակն է։ Այս դեպքում, սակայն, երկիրն անցնում է «ավելի տեխնոկրատ կառավարման, որը չի լինի ժողովրդավարական, բայց կճանաչի Ուկրաինայում քաղաքականության ձախողումները և կփորձի վերադառնալ նախապատերազմյան ստատուս քվոյին, եթե Արևմուտքը չեղարկի պատժամիջոցները և [ռուսաստանյան ապրանքների նկատմամբ հաստատված] գների վերահսկման քաղաքականությունը»:

«Սա, հավանաբար, այն սցենարն է, որից ամենից շատ եմ վախենում, որովհետև ստիպված կլինենք վերստին գործ ունենալ արևմտյան քաղաքական գործիչների հետ, ովքեր համոզված են, որ Ռուսաստանը վերջապես փոխվել է»,- ասաց Քեյսի Միշելը:

Չորրորդ սցենարը, որը վերլուծաբանն ամենից քիչ հավանականն է համարում կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում, «Ռուսաստանի անցումն է դեպի ժողովրդավարություն»։

Ըստ վերլուծաբանի, «պատմությունը ցույց է տալիս, որ ձախողումը ստիպում է ռեժիմներին և քաղաքական գործիչներին հրաժարվել կայսերապաշտական երազանքներից, և արդյունքում՝ մեջտեղ են գալիս ժողովրդավարական բարեփոխումները»:

«Նման պատմություն տեսանք Բրիտանական կայսրության դեպքում, որը կործանվեց իռլանդացի հանրապետականների և հնդիկ ազգայնականների կողմից: Տեսանք նույն զարգացումը ֆրանսիացիների պարագայում՝ Ալժիր, Վիետնամ։ Նույնը կատարվեց Պորտուգալիայի հետ, այն բանից հետո, երբ Անգոլան և Մոզամբիկը, ի վերջո, ազատվեցին իրենց նախկին գաղութարարից»,- շարունակեց Միշելը:

Վերջին՝ հինգերորդ սցենարը, ըստ փորձագետի, «ժողովրդավարական անցման պատմության մյուս կողմն է՝ քաղաքացիական պատերազմ, պետականության փլուզում»։

«Այս պահին անհնար է ասել, թե ինչ կարող է լինել պատճառը: Օրինակ, նման բան կարող է հանգեցնել Ռամզան Կադիրովի մահը Չեչնիայում և երրորդ չեչենական պատերազմի բռնկումը, կամ Թաթարստանում և Սախայի Հանրապետությունում բռնկված բողոքի ակցիաները՝ ուղղված Պուտինի ռազմական մեքենայի դեմ»,- ասաց հետազոտողը։

Քեյսի Միշելի խոսքով, զեկույցը պատրաստելիս՝ հասկացել է, թե «որքան կույր էր Վաշինգտոնը, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին»։

«Դրա համար ոչ ոք մեղավոր չէ, քանի որ շատ բան գրեթե անհնար էր կանխատեսել՝ ո՛չ ավտորիտարիզմը, ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ շատ այլ բաներ»,- ասաց Միշելը։

Արդյո՞ք վտանգ կա շփոթել ռուսաստանում կեղծ փոփոխությունները իրականի հետ

Ռուսաստանցի լրագրող, քաղաքագետ, «The New Times» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Եվգենյա Ալբացը կոչ արեց «մանրակրկիտ և հավասարակշռված վերլուծել տեղի ունեցածը՝ ապագա Ռուսաստանի հետ հարաբերություններ ծրագրելուց առաջ»։

«Խորհրդային Միության ինստիտուցիոնալ կառուցվածքի չհասկանալը հանգեցրեց 1990-ականների սխալներին։ Մտավախություն ունեմ, որ կարող ենք նույն թակարդն ընկնել, եթե սկսենք խոսել ապագայի մասին՝ չվերլուծելով անցյալն ու իրականությունը»,- ընդգծեց նա։

Բրուքինգսի ինստիտուտից Անժելա Սթենթը, ով զբաղեցրել է բազմաթիվ պետական պաշտոններ Միացյալ Նահանգներում, անդրադարձավ Ռուսաստանի պատմության մեջ արմատացած խորը ավանդույթներին, երբ «միջնադարում երկիրը ղեկավարում էին մարդիկ, ովքեր համոզված էին, որ եթե նույնիսկ թագավորը թույլ է, արտաքին աշխարհին պետք է ստիպել մտածել, որ իրականում նա ուժեղ միապետ է»։

«Դարեր շարունակ Ռուսաստանն ունեցել է ավտոկրատ կառավարություններ և ոչ մի քաղաքացիական ազատություն։ Ռուսական պատմության ընթացքում եղել են շրջաններ, որտեղ ամեն ինչ փլուզվում է, լինում են ընդվզումներ, ամեն ինչ փոխվում է որոշ ժամանակով, բայց հետո համակարգը միշտ հետ է գալիս: Ուշ Գորբաչովի և վաղ Ելցինի ժամանակը բազմակարծության ծաղկման շրջան էր, և սկսվեց ավտորիտար համակարգի փլուզումը։ Հետո ամեն ինչ վերադարձավ»,- ասաց Սթենթը:

Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը, ով ներկայում Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրենն է, նշեց, որ «իրավիճակը ճիշտ հասկանալու համար Արևմուտքը չպետք է ժխտի Խորհրդային Միության և պուտինյան Ռուսաստանի միջև եղած տարբերությունները»:

«Ստալինի և նրա իրավահաջորդների օրոք [տեղի ունեցածը] պատմական չափերի չարիք էր, անկախ նրանից՝ դուք խոսում եք կոլեկտիվացման վայրագությունների, բռնաճնշումների, կամ պատերազմի նախապատրաստման մասին։ Պուտինը, մի տեսակ, «փոքրիկ» Ստալին է: Բայց Ռուսաստանն այսօր այնքան էլ վտանգավոր չէ աշխարհի համար, համենայնդեպս իր ներուժի տեսանկյունից, որքան Խորհրդային Միությունն էր։ Ճշմարտությունն այն է, որ ռուսական քաղաքական մշակույթի որոշ ձևեր դարեր առաջ ձևավորեցին և՛ խորհրդային, և՛ Պուտինի իշխանությունը»,- նշեց Ջոն Հերբստը:

Քեյսի Միշելը անդրադարձավ պատմական զուգահեռներին․ «Պատկերացրեք, որ ամեն ինչ տեղի է ունենում անցած դարի 30-ականների երկրորդ կեսին, և որ բոլորը խոսում են Ստալինի մասին։ Պետք է խոսենք [նաև] նացիստական Գերմանիայի ազդեցության մասին, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և այլնի հետ կապված իրավիճակի մասին»։

Միշելը հիշեցրեց՝ ժամանակ կարծիք կար, որ «գերմանացի ժողովուրդը երբեք չի աջակցի ժողովրդավարությանը, քանի որ այն բացակայում է նրանց քաղաքական մշակույթում»։

Իր հերթին՝ Ջոն Հերբստն խոսեց Ռուսաստանի վերաբերյալ Արևմուտքում առկա սխալ ընկալման, «այն էյֆորիայի մասին, որը տիրում էր ամերիկյան վերնախավում 1990-ականների կեսերին»։

«Խաղադրույքը կատարվել է հօգուտ նրա, որ Ռուսաստանը, ինչպես և ԽՍՀՄ ավերակներից դուրս եկած մյուս երկրները, կոմունիզմի զոհ են դարձել, և որ այն լավ գործընկեր է դառնալու մեզ համար։ Այն ժամանակ եռանդուն ջանքեր են գործադրվել այս [ուղղությամբ]», ասաց Հերբստը:

Սթենթը կարծիքով, իրավիճակը Կրեմլում կարող է խաբուսիկ լինել․ «Երբ Պուտինը եկավ իշխանության, թվում էր, թե նա ցանկանում է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ: Հանդիպեց Համաշխարհային բանկի ղեկավարի և այլ ղեկավարների հետ՝ քննարկելով, թե ինչպես է հնարավոր համերաշխ ապրել, իսկ հետո Բեռլինում ելույթ ունեցավ, որը շատ խոստումնալից էր: Այդ պահին բոլորս նրա մեջ տեսնում էինք Ռուսաստանի երիտասարդ, առողջ առաջնորդին, ով կարող է առաջ տանել և արդիականացնել երկիրը: Պարզվում է՝ սխալվել ենք»։

Ինչպե՞ս պետք է Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները պատրաստվեն Ռուսաստանում չնախատեսված զարգացումներին

Անժելա Սթենթը կարծիք հայտնեց․ «Չեմ կարծում, որ Ռուսաստանը դատապարտված է միշտ ունենալ նույն իշխանությունը, թեև նրա պատմությունն այլ բան է հուշում։ Սխալը, որ թույլ տվեցինք 1991 թվականին Արևմուտքում, այն էր, որ կարծում էինք, որ այլևս կոմունիզմ չկա, իսկ ռուսներն ուզում են ազատություն և ժողովրդավարություն: Սակայն նրանք բոլորովին այլ բան էին ուզում, չնայած նրան, որ այն ժամանակ մտածում էինք, որ իրենց մոտ ամեն ինչ շատ արագ դեպի լավը կփոխվի»։

Միաժամանակ, Սթենթն ընդգծեց, որ «դեռևս դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Ռուսաստանում և ինչպես է այսօր գործում ռուսական համակարգը»։

«Երկրի ներսում է դժվար է որոշ ռուսների համար, թեև նրանք կարող են բնազդաբար հասկանալ իշխանությունը»,- ավելացրեց Սթենթը՝ հիշատակելով ռուսաստանցի քաղաքագետ Գլեբ Պավլովսկու խոսքերը՝ «Նրանք, ովքեր բարձրաձայնում են, չգիտեն, իսկ նրանք, ովքեր գիտեն՝ լռում են»։

«Եթե ընդունում եք պատմությունը որպես ապագայի ուղեցույց, կարող եք պարզապես ասել՝ լավ, այո, սարսափելի կառավարումը, որը դարեր շարունակ եղել է Ռուսաստանում, այն է, ինչ պետք է ակնկալենք ապագայում», - հավելեց Ջոն Հերբստը՝ հիշեցնելով ռուս պատմաբան Վասիլի Կլյուչևսկու խոսքերը Ռուսաստանում ավտորիտարիզմի և նրա արտաքին քաղաքականության միջև կապի մասին։

Միաժամանակ նախկին դիվանագետը կոչ անրեց չթերագնահատել Ռուսաստանում փոփոխությունների ներուժը․ «Այնտեղ շատ մարդիկ հասկանում են, որ երկիրը կբարգավաճի միայն այն դեպքում, եթե դառնա գլոբալ հանրության, համաշխարհային տնտեսության մաս: Իսկ այդ արդյունավետ անելու համար պետք է հնարավորություններ ստեղծեք ձեր ժողովրդի համար: Սակայն նրանք պետք է հասկանան, որ Ռուսաստանը չի կարողանա մնալ «մեծ տերություն», եթե չհարմարվի այս իրականությանը»։

Անժելա Սթենթը խոսեց այն մասին, թե ինչ պետք է անեն Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը՝ Ռուսաստանում դրական զարգացումների առաջին նշանների դեպքում․ «Առանցքային չափանիշը կլինի, թե ինչպես են նոր առաջնորդները վերաբերվում իրենց ժողովրդին՝ ռուսաստանցիներին: Համաձայն եմ այն կանխատեսումների հետ, որ նույնիսկ «տեխնոկրատների» կառավարությունը չի ազատի, օրինակ, Ալեքսեյ Նավալնիին, և որ նրանք, հավանաբար, դեռևս ազգայնական կլինեն։ Սակայն առնվազն պետք է ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին, ովքեր ազատազրկվել են պատերազմի դեմ խաղաղ ցույցերի համար։ Արդյո՞ք նրանք թույլ կտան քաղաքացիական հասարակությանը գլուխ բարձրացնել: Ինչպիսի՞ հաղորդակցություն կհաստատվի հասարակության հետ։ Ինչպե՞ս են նրանք սկսելու փոխգործակցել արտաքին աշխարհի հետ: Այս սցենարի համաձայն, ենթադրվում է, որ մի օր այդ տեխնոկրատ կառավարությունը, իշխանության գալով, զորքերը դուրս կբերի Ուկրաինայի օկուպացված տարածքներից։ Կարծում եմ, այս ցուցիչի վրա պետք է ուշադրություն դարձնենք և քննենք, որպեսզի երկխոսություն սկսենք այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին ռազմավարական կայունությունն է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք է շատ զգույշ լինենք, քանի որ Արևմուտքը չպետք է թույլ տա իրեն նորից խաբել։ Իսկ պատժամիջոցները հանելու հարցում շտապել պետք չէ։ Համենայն դեպս, այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չի լինի, թե արդյոք նման կառավարությունը ճիշտ ուղղության վրա է։ Այժմ ոչ միայն պետք է հասկանանք, թե ինչ է մեզ անհրաժեշտ, այլև, թե ինչպես են նրանք տեսնում աշխարհը»։

Արդյո՞ք Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը որոշիչ հարված կհասցնի Մոսկվայի կայսերապաշտական նկրտումներին

Եվգենյա Ալբացը այս գործոնը համարում է առանցքային: Հիշեցրեց․ «Եվրոպայում [ընթացող] պատերազմի արդյունքը և, ի վերջո, Ռուսաստանում ձևավորված ռեժիմի ապագան մեծապես կախված են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունից»:

«Ուկրաինացիները բավականաչափ արկեր չունեն, և արդեն երկու տարի է անցել «F-16»-երի «առաջիկա առաքման» մասին խոսակցություններից: Հասկանում եմ, որ, հավանաբար նպատակ կա արյունաքամ անել ռուսական տնտեսությունը, ռուսական բանակը, բայց ուկրաինացիները վճարում են իրենց կյանքերով: Ցավոք, կարծում եմ, որ սա շատ վտանգավոր խաղ է։ Պուտինը չափազանց հաջող բլեֆ արեց, և եվրոպական թերթերը, կարծես, կուլ տվեցին այդ, որ նա հաղթում է, որ Ուկրաինան, իբր, չի կարողացել հաղթել այս պատերազմում: Մեզ համար, ովքեր հետևում են ռուսական քաղաքականությանը թե՛ դրսից, թե՛ ներսից, պարզ է, որ Պուտինի տնտեսությունը մահամերձ վիճակում է, թեև նրան հաջողվել է բազմաթիվ գործարաններ ծառայեցնել ռազմական նպատկներին՝ սպառազինություն արտադրելու համար: Սակայն [փաստն այն է, որ] ռուս զինվորները կրում են 1946 թվականին արտադրված ինքնաձիգներ։ Ուստի, Մոսկվայի շահերից է բխում պատերազմի ժամանակավոր դադարեցումը»:

XS
SM
MD
LG