Ուկրաինական Դոնեցկ քաղաքի շուկայի հրետակոծության հետևանքով կան տասնյակ զոհեր ու ավերածություններ:
Ռուսաստանյան օկուպացիոն ուժերի ենթակայության ներքո գտնվող վարչակազմը հայտնել է, որ առնվազն 25 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել՝ հրետակոծության հետևանքով։ Մոսկվան մեղադրում է Ուկրաինային:
Դոնեցկի շրջանի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Դենիս Պուշիլինը նշել է, թե տեղի դատաբժշկական փորձագետները սկսել են հավաքել հարձակման ժամանակ օգտագործված զենքի բեկորները:
Ուկրաինան տակավին չի արձագանքել Կրեմլի մեղադրանքներին։ Միևնույն ժամանակ, հնարավոր չէ ստուգել ռուսական կողմի հայտարարությունների իսկությունը։
Դոնեցկն ուկրաինական այն չորս նահանգներից մեկն է, որոնք առնվազն մասամբ բռնակցվել են Ռուսաստանի կողմից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտել է այդ օկուպացիան:
Դիտորդներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ Դոնեցկի վրա հարձակումը տեղի է ունեցել, երբ ռուսաստանյան նախագահական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Սանկտ Պետերբուրգից մոտ 165 կիլոմետր հեռավորության վրա գտնվող և բնական գազի ռուսաստանյան երկրորդ խոշոր արդյունահանող «Новатэк»-ին պատկանող տարածքում՝ քիմիական տերմինալում, մեծածավալ հրդեհ էր բռնկվել:
Ընկերությունը պայթյունի մեջ մեղադրել է «արտաքին ուժերին»: Տուժածների մասին դեռ տեղեկություն չկա:
Այս զարգացումների ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Կիևին՝ Կրեմլի դեմ պատերազմում։ Սակայն զուգահեռաբար ԱՄՆ Կոնգրեսում տակավին հաղթահարված չեն տարաձայնությունները Ուկրաինային լրացուցիչ՝ ավելի քան 60 միլիարդ դոլար աջակցություն ցուցաբերելու հարցում:
Հիշեցնենք, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2023 թվականի մայիսին «CNN»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե վերընտրվելու դեպքում կարող է 24 ժամում վերջ տալ ռուս-ուկրաինական պատերազմին։ Թրամփն, ինչպես հայտնի է, շարունակում է հանդիսանալ հանրապետականների առաջատար թեկնածուն՝ գալիք նախագահական ընտրություններում, չնայած Սպիտակ տան նախկին ղեկավարին առաջադրվել է 91 մեղադրանք:
Բրիտանական «Channel Four News»-ի հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թրամփի խոսքերն անվանել է «շատ վտանգավոր»՝ նշելով, թե ԱՄՆ նախկին նախագահը չի ներկայացրել պատերազմը դադարեցնելու որևէ հստակ ծրագիր։
Միևնույն ժամանակ, նախորդ օրերին՝ ուկրաինական քաղաքների ուղղությամբ ռուսական հրթիռային հարձակումներից հետո, խաղաղ ուկրաինացիների շրջանում վերստին անց են կացվում ռազմական ուսուցման և առաջին բուժօգնության ցուցաբերման դասընթացներ։ Պատերազմի սկզբից ի վեր այդ դասընթացներին մասնակցել են ավելի քան 20 հազար քաղաքացիական անձինք։ Մասնակիցներից մեկը «Associated Press»-ին փոխանցել է՝ որքան շատ մարդ մասնակցի նման դասընթացներին, պատերազմն այդքան շուտ կավարտվի: