Մատչելի հղումներ

Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը ԱՄՆ ու դաշնակիցների ռազմավարական առաջնահերթությունն է


Առևտրային նավ Բոսֆորի նեղուցում
Առևտրային նավ Բոսֆորի նեղուցում

Փորձագետներն անդրադաևձել են, թե ինչպես է Սև ծովը վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի և նոր՝ ռազմավարական նշանակություն ստացել Միացյալ Նահանգների ու դաշնակիցների համար։

Ռուսաստանի լայնածավալ ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ շարունակվում է գրեթե երկու տարի, ու եվրոպական մայրցամաքի անվտանգության ողջ ճարտարապետությունը բախվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աննախադեպ մարտահրավերների:

Եվրոպայում այս՝ նոր պատերազմի հետևանքներից մի քանիսն առնչվում են սևծովյան տարածաշրջանին:

Մինչև վերջերս համեմատաբար կայուն Սև ծովը դարձել է ռազմական գործողությունների առանցքային թատերաբեմ։ Նախ՝ Կրեմլը սկսեց արգելակել Ուկրաինայից Սև ծովով հացահատիկի առաքումները կարիքավոր երկրներ։ Ժամանակ անց՝ Կիևը սկսեց հետևողականորեն ոչնչացնել ռուսական սևծովյան նավատորմը։

Այս ամենի ֆոնին՝ Սև ծովը ռազմավարական նշանակություն է ստացել ԱՄՆ համար, և այդ գործում յուրահատուկ դեր է խաղացել Վաշինգտոնում գործող «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» (CSIS) պատրաստած «Անվտանգության հեռանկարը սևծովյան տարածաշրջանում» զեկույցը։

Հետազոտության հեղինակները՝ Ազգային պաշտպանության համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Լիզա Արոնսոնը և Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Ջեֆրի Մանկոֆը թեման քննարկել են դիվանագիտության և հանրային կապերի գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ալենի հետ:

Վերջինս խոսքով, անհնար է Սև ծովին վերաբերել որպես հեռավոր և աշխարհաքաղաքական իմաստով աննշան տարածաշրջանի։ Հիշեցրել է, որ «բրոնզի դարից՝ խեթերից սկսած մինչև վենետիկցիներ, Միջերկրական ծովից հյուսիս ընկած այս ջրային ճանապարհը պետություններն ու քաղաքները կապող կենսական օղակ է եղել», և որ Սև ծովն այսօր «սահմանազատում է Բուլղարիան, Վրաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան»։

Երկու ամիս առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել էր Բուլղարիայի՝ ծովափնյա Վառնա քաղաք, ուր բուլղարական ռազմածովային ուժերի շտաբն է։ Բուլղարիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները սեղանին են դրել «ռուսական անօդաչուների վնասազերծման իրական, մարտական գործողությունների» քարտեզները, ինչպես նաև ծովի այն տարածքների պատկերները, ուր բուլղարական ուժերը՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Ռումինիայի և Թուրքիայի հետ համագործակցությամբ, «հայտնաբերել ու ոչնչացրել են ռուսական [ծովային] ականները»:

Այցի արդյունքում Ստամբուլում՝ Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի միջև ստորագրվեց նավարկության անվտանգությունն ապահովելու և Սև ծովը ականազերծելու մասին համաձայնագիրը։

Ո՞րն է Միացյալ Նահանգների ռազմավարությունը տարածաշրջանում

Քննարկմանը Էլիզաբեթ Ալենը ներկայացրել է Սև ծովի առնչությամբ ԱՄՆ ռազմավարությունը՝ բաղկացած հինգ կետից․ «Ռազմական միջոցներով անվտանգության ապահովում, տնտեսության, մասնավորապես էներգետիկ ոլորտի զարգացում, տարածաշրջանի երկրներում ժողովրդավարական կայունության պահպանում և նրանց հետ դիվանագիտական փոխգործակցության շարունակականության ապահովում»:

Միաժամանակ, Ալենը նշել է, որ «չնայած բոլոր հինգ ուղղությունների կարևորությանը, ինքն ավելի մեծ ուշադրություն է դարձնում «ժողովրդավարական կայունությանը», քանզի «այս ոլորտում սպառնալիքները չեն սահմանափակվում սովորական ռազմական գործողություններով, այլ ներառում են, մասնավորապես, ռուսական, իրանական և չինական ապատեղեկատվական արշավներ, որոնց դեմ պայքարելու համար պետքարտուղարության Գլոբալ ներգրավվածության կենտրոնը (GEC), որը ստեղծվել է Կոնգրեսի կողմից 2017 թվականին, շատ ժամանակ և էներգիա է ծախսում»:

Էլիզաբեթ Ալենն ընդգծել է, որ այդ աշխատանքն իրականացվում է նորարարական մոտեցմամբ։ Այն, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերով, «դիվանագիտության փոփոխական երկրաչափություն է», որը ներառում է ոչ միայն ավանդական «բազմակողմ դաշինքներ», այլև՝ «փոխգործակցության հարցեր՝ մշակույթի, գիտության և հասարակայնության հետ կապերի ոլորտներում»։

Օրինակ, ըստ պետքարտուղարի տեղակալի, «դրամաշնորհներ են տրամադրվել բուլղարացի լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ մեդիա գրագիտության ծրագրեր ստեղծելու և իրականացնելու համար»՝ ուսումնասիրելու ռուսական ապատեղեկատվության ազդեցությունը հասարակության վրա։

Իր հերթին՝ Ջեֆրի Մանկոֆը նկատել է, որ «դրական արդյունք է ոչ միայն ուկրաինական զինված ուժերի հաջողությունը Ռուսաստանի սևծովյան նավատորմի դեմ մարտերում», այլև «այդ մասին տեղեկատվության տարածումը հարևան երկրների լրատվամիջոցներում»։

Մանկոֆը շարունակել է՝ Ռուսաստանը դեռևս հնարավորություն ունի խախտել նավարկության ազատությունը Սև ծովի մեծ մասում: Մոտ մեկ ամիս առաջ Մոսկվան հայտարարեց, որ դիտարկում է Օչամչիրայում (Վրաստանի օկուպացված հատվածում՝ Աբխազիայում) ևս մեկ ռազմածովային բազա ստեղծելու հնարավորությունը։ Անցած ամառ Ռուսաստանը դուրս եկավ «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնությունից, Ուկրաինան ստեղծեց իր հացահատիկն արտահանելու սեփական մարդասիրական միջանցքը, որը սկիզբ է Օդեսայից։ Ուկրաինական «միջանցքը» պարբերաբար հայտնվում է ռուսական ռազմուժի թիրախում: Մյուս կողմից, Կրեմլը փորձում ուժեղացնել իր հսկողությունը Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ, որոնց մեծ մասը հասնում է Սև ծով։

Լիզա Արոնսոնի խոսքով, ռուսները ձգտում են հասնել իրենց նպատակներին, այսպես կոչված, «ծովային հիբրիդային պատերազմի» միջոցով՝ հայտարարելով, որ Սև ծովն, իբր, փակ է ոչ սևծովյան երկրների ռազմական նավատորմների զորավարժությունների համար: Նման կերպ Մոսկվան փորձում է ուժ ցուցադրել, կամ «խաղաղություն պարտադրել»։

Էլիզաբեթ Ալենն անդրադարձել է տարածաշրջանում արևմտյան ներդրումներին՝ ընդգծելով, որ դրանք անհրաժեշտ են Սև ծովի տարածաշրջանում նախևառաջ Չինաստանի հավակնությունները զսպելու համար: Սակայն ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ ադ ամենը «չի բացառում դաշնակիցներին հասցեագրված ռազմական օգնության ընդլայնումը»։ Օրինակ, Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը «հայտարարել է Միացյալ Նահանգների աջակցությամբ իր նավատորմի արդիականացման ծրագրերի մասին»։

«Ռումինիային և Բուլղարիային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր և ավելի շատ սարքավորումներ՝ առափնյա պաշտպանության համար»,- արձագանքել է Լիզա Արոնսոնը:

Նրա խոսքով, Ռումինիան այսօր վերահսկում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի ու պարենի արտահանման առնվազն 65%-ը։

«Կարծում եմ, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կընդգծվի, որ մոտ ապագայում ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, ավելի մեծ կլինի, ինչը կներառի տեղում ռազմական բաղադրիչների տեղակայում, զենքի վաճառքի ավելացում։ Նաև՝ անհրաժեշտ է ընդլայնել ԱՄՆ ազդեցությունը ոչ միայն Բուլղարիայում, այլև Սերբիայում, Հունգարիայում, Սլովակիայում և Ավստրիայում»,- առաջարկել է հետազոտողը։

Ի՞նչ սահմանափակումներ է ենթադրում 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիան՝ Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության համար

Ջեֆրի Մանկոֆը խոսքով, 1936 թվականին ստորագրված կոնվենցիան «թույլ է տալիս Թուրքիային՝ որպես [Դարդանելի և Բոսֆորի] նեղուցների պահապան, պատերազմի ժամանակ կարգավորել ռազմանավերի անցումը դրանց միջով»:

«Սրա շնորհիվ` [Ուկրաինա] լայնածավալ ներխուժման սկզբում Ռուսաստանը չկարողացավ ուժեղացնել իր սևծովյան նավատորմը Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող իր նավերով, ուր նրանցից շատերը մասնակցում էին մարտական գործողությունների՝ Սիրիայի ափերի մոտ: Սակայն այն նաև նշանակում է, որ ՆԱՏՕ-ի բազմազգ ներկայությունը Սև ծովում դժվար խնդիր է, քանի որ միայն ծովափնյա պետությունների, այսինքն՝ [ԱՄՆ դաշնակիցներից միայն] Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի նավերն ունեն նման հնարավորություն։ Ցավոք, Թուրքիան, հենվելով կոնվենցիայի դրույթների վրա, նաև մերժեց թույլ տալ ականակիրների անցումը [նեղուցներով], որը Մեծ Բրիտանիան առաջարկել էր Ուկրաինային։ Թուրքիան շատ բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Թեև Անկարան հրապարակայնորեն աջակցում է Ուկրաինային՝ հայտարարելով, որ սատարում է Կիևին տարածքային ամբողջականությունը և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- ասել է Մանկոֆը։

Ի՞նչ դիրքորոշում ունեն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕՎրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Էլիզաբեթ Ալենի խոսքով, Թբիլիսիի համար դժվար է հավասարակշռված գիծ վարել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։

Ջեֆրի Մանկոֆը իր մտահագությունն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի առնչությամբ, թե Միացյալ Նահանգները «պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի այնպիսի երկրներին, ինչպիսիք են Վրաստանը և Հունգարիան, և գուցե Սլովակիան», քանի որ Կրեմլն իր մեթոդներով «ձգտում է այդ երկրների կառավարություններին» ներքաշել համատեղ շահերի տիրույթ։

XS
SM
MD
LG