Մատչելի հղումներ

Պետդումայի նոր օրինագծով՝ Կրեմլի կողմից « ֆեյք» որակված ընդդիմադիրներից գույք էլ կբռնագանձվի


Ռուսաստան
Ռուսաստան

Ռուսաստանի խորհրդարանում՝ Պետդումայում, քննարկման է ներկայացվել մի օրինագիծ, որը նախատեսում է բռնագրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք դատապարտվել են ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և նմանատիպ այլ կոչերի համար։

Ավելի վաղ՝ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի պարզաբանել էր, թե առաջարկվող օրինագծով կարող է «օտարվել» նաև դրամական ու այլ նյութական ունեցվածքը: Ի հավելումն, փաստաթուղթը իրավունք է տալիս դատապարտյալներին զրկել պատվավոր կոչումներից։

Իրավաբանների կարծիքով, օրենքը խոստանում է չափազանց «տարողունակ» լինել՝ ներառելով քրեական օրենսգրքի ութ հոդվածներ՝ ռուսական բանակի մասին կանխամտածված կեղծ տեղեկատվություն տարածելու և այն վարկաբեկելու, ծայրահեղական հրապարակային կոչեր անելու, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու, պետական անվտանգության դեմ ուղղված հրապարակային կոչեր կատարելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու համար։

«Բռնագրավումը» սպառնում է նաև Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք կաջակցեն միջազգային կազմակերպություններին՝ որոշումներ կայացնել ընդդեմ Մոսկվայի:

Հիշեցնենք, Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի մեկնարկից հետո՝ նախորդ երկու տարիներին, Ռուսաստանի քննչական կոմիտեն «կեղծիքների» հոդվածով ավելի քան 270 քրեական գործ է հարուցել։ Պատերազմի մասին գրեթե ցանկացած տեղեկություն, որը չի համապատասխանում Կրեմլի պաշտոնական տեսակետին, ռուսաստանյան դատարանները որակում են «կեղծ լուրեր և զինված ուժերի վարկաբեկում»։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում իրավապաշտպան Իլյա Շաբլինսկին «լուրջ վտանգ» բնորոշեց օրինագիծը՝ նշելով, թե փաստաթուղթն առաջին հերթին ուղղված է նրանց դեմ, ում Կրեմլը համարում է «չար, էմիգրանտ շրջանակներ»․ «Թեև, ցանկացած մեկը կարող է ընկնել այդ ջրաղացի քարի տակ։ Եվս մեկ քայլ է կատարվել մեզ՝ ստալինյան ժամանակներ վերադարձնելու համար։ Այժմ հնարավոր կլինի գույք խլել՝ հակապատերազմական հայտարարությունների համար դատապարտված քաղաքացիներից։ Ըստ պաշտոնական աղբյուրների, օրինագիծը «նախապես մշակվել և հայեցակարգային աջակցություն է ստացել գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, արդարադատության նախարարության և «Росинформмониторинг»-ի կողմից»: Իսկ, ո՞վ էր կասկածում...»:

«Փաստաթուղթը կառաջացնի [որևե մեկին ուղղված հանրային] դատապարտումների նոր ալիք: Հիշենք Սերգեյ Դովլաթովի խոսքերը՝ մոտ չորս միլիոն դատապարտումների մասին: Ժամանակակից Ռուսաստանում նույնպես, ինչպես պարզվեց, նման դատապարտումներն ընդունված են»,- շարունակում է Շաբլինսկին:

Իրավապաշտպանը ընդգծում է․ «Եթե իրերն անվանենք իրենց անուններով, ապա ունեցվածքը կխլեն նրանցից, ովքեր թեկուզ աննշան քննադատում են երկրի ղեկավարության գործունեությունը: Օրինակ, Մայակովսկու հուշարձանի մոտ երկու երիտասարդ բանաստեղծներ Արտեմ Կամարդինի և Եգոր Շտովբայի հակապատերազմական բանաստեղծությունների ընթերցումը դատարանը որակեց որպես «պետության անվտանգության դեմ ուղղված գործունեության կոչ»։ Ի դեպ, երիտասարդները դատապարտվել են 5 և 7 տարի ազատազրկման: Դե, մենք արդեն մոտավորապես գիտենք, թե դատախազներն ու դատարանները ինչը կարող են համարել բանակին սպառնացող «կեղծ տեղեկատվություն»․ ցանկացած բան՝ այդ թվում՝ «պատերազմ» բառի օգտագործումը»:

«Թե ինչ և ինչպես են առգրավվելու, դեռ պարզ չէ, բայց, ընդհանուր առմամբ, դժվար չէ կռահել: Իհարկե, կառգրավվեն համակարգիչներն ու գաջեթները։ Այս մասին հոգացել է գերագույն դատարանի վճիռը, որն [այդ մասին] հատուկ նշել է իր վերջին որոշման մեջ։ Այս սարքավորումները, անգամ, առգրավում են վարչական կալանքի ժամանակ։ Իմ հիմնական մտահոգությունն է՝ պատրաստվում են խլել տներ, բնակարաններ, մեքենաներ։ Այդ թվում՝ արտերկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներից։ Դեռ պարզ չէ, թե ինչ ճանապարհով, ի՞նչ ճիզվիտական տրամաբանությամբ այդ կարդարացվի։ Բայց որ այն կհիմնավորեն, կասկած չկա։ Մի խոսքով, մոռացե՛ք իրավունքի մասին»,- եզրափակում է Իլյա Շաբլինսկին։

Իր հերթին, մարդու իրավունքների պաշտպանության «Մեմորիալ» կենտրոնի իրավաբան Մարիա Նեմովան գտնում է, որ նոր միջոցների կիրառումը դժվար թե համատարած լինի․ «Ներկայացված օրինագիծը չի նախատեսում քրեորեն պատժելի նոր արգելքներ, այլ խստացնում է գործողները»։

«Բռնագրավելու համար պետությունը պետք է ապացուցի՝ տվյալ գույքը ձեռք է բերվել «հանցագործության» հետևանքով, կամ նախատեսված էր այն ֆինանսավորելու համար։ Շատ դեպքերում մարդիկ անկեղծորեն արտահայտում են իրենց կարծիքը և գործում են իրենց՝ հակապատերազմական համոզմունքների համաձայն, ոչ թե հանուն փողի կամ այլ ունեցվածքի, և առանց իրենց աշխատանքի կամ այլ վճարովի գործունեության հետ կապ ունենալու»,- պարզաբանում է «Ամերիկայի ձայնի» զրուցակիցը:

«Թերևս այս նորմը կսկսի կիրառվել բանակին առնչվող գործերում և օրինագծում թվարկված այլ քաղաքական «հանցագործությունների» մեջ մեղադրվող լրագրողների, հետազոտողների քրեական վարույթներում»,- ասում է Նեմովան՝ շարունակելով, թե այն միջոց է նսեմացնելու ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, որոնց վաստակն, ի դեպ, նախկինում ճանաչվել է պետության կողմից։

«Նման պատժի ենթարկվողները շատ չեն՝ ժողովրդական արտիստներ, գիտության վաստակավոր գործիչներ, պետական ոլորտի աշխատակիցներ։ Թերևս, կարևոր է, որ պետությունը ևս մեկ անգամ ցույց տա նման մարդկանց, որ պետք է հավատարիմ լինել։ Քիչ հավանական է նաև, որ «Պետության անվտանգության դեմ ուղղված գործունեություն ծավալելու հրապարակային կոչեր» հոդվածի խստացումը ազդի Ռուսաստանում բռնաճնշումների ընդհանուր պատկերի վրա»,- նշում է «Մեմորիալի» ներկայացուցիչը։

«Իհարկե, որոշ քրեական գործերով նրանք կգտնեն «պատճառներ», ինչի հետևանքով պատիժը կարող է ավելի խիստ լինել։ Սակայն ներկայում՝ քաղաքական դրդապատճառներով նման պատիժներ սահմանելը սովորական գործելաոճ չէ, և առաջարկվող փոփոխություններն, ամենայն հավանականությամբ, չեն ազդի նման դեպքերի համար նախատեսված «միջին» պատժի վրա»,- եզրափակում է Մարիա Նեմովան։

Իրավագիտության դոկտոր, Ազատ համալսարանի դասախոս Ելենա Լուկյանովան վստահ է՝ օրենքը կկիրառվի ուժի մեջ մտնելուց հետո, բայց, ամենայն հավանականությամբ, ընտրովի․ «Սա բռնապետության բացահայտ դրսևորում է»։

«Անշուշտ, առկա է սպառնալիք, որ ուժայիններն ավելի ագրեսիվ կդառնան: Բայց նրանք՝ [իշխանությունները] զգալի արդյունքի չեն հասնի։ Փաստաթղթի հակասահմանադրականության մասին եզրակացություն անելու համար մասնագետ պետք չէ, քանի որ ձևակերպումներն արդեն անօրինական են։ Նրանք չունեն իրավական որոշակիություն։ Ռետինե ստանդարտներ և մարդակեր պատժամիջոցներ. կրկնում եմ՝ [սա] բռնապետության հստակ նշան է»,- նշում է Լուկյանովան։

XS
SM
MD
LG