Մատչելի հղումներ

Յուլիա Նավալնայան կոչ է արել ռուսաստանցիներին նախագահական ընտրությունների օրը դուրս գալ բողոքի ակցիաների


Յուլիա Նավալնայա
Յուլիա Նավալնայա

Ալեքսեյ Նավալնիի այրին իր աջակիցներին մարտի 17-ի կեսօրին հրավիրել է ընտրատեղամասեր։

Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան, կոչ է արել ռուսաստանցիներին մասնակցել բողոքի ակցիային՝ նախագահական ընտրությունների օրը՝ մարտի 17-ի կեսօրին գնալով ընտրատեղամասեր և դեմ քվեարկելով նախագահ Վլադիմիր Պուտինին, կամ փչացնելով քվեաթերթիկները։

Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։

«YouTube»-ում հրապարակված տեսանյութում Նավալնայան ասում է, որ անցած շաբաթ ամուսնու թաղմանը հավաքված բազմությունը իրեն հույս է ներշնչել:

Յուլիան կոչ է արել ռուսաստանցիներին մասնակցել մարտի 17-ի հանրահավաքին, որի մասին դեռ խոսել էր Նավալնին՝ մահից առաջ՝ հիշեցնում է «Reuters»-ը։

«Պետք է օգտագործենք ընտրությունների օրը՝ ցույց տալու, որ մենք կանք, և շատ ենք: Իրական, կենդանի մարդիկ ենք, և դեմ ենք Պուտինին։ Դուք պետք է այցելեք ընտրատեղամաս նույն օրը և նույն ժամին՝ մարտի 17-ի կեսօրին»,- ասել է Յուլիա Նավալնայան:

«Ինչ կլինի հետո, կախված է քեզնից։ Դուք կարող եք քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, բացի Պուտինից։ Դուք կարող եք փչացնել ձեր քվեաթերթիկը: Դրա վրա կարելի է մեծ տառերով գրել՝ «Նավալնի»։ Եվ նույնիսկ եթե ընդհանրապես իմաստ չեք տեսնում քվեարկելու մեջ, կարող եք պարզապես գալ և կանգնել ընտրատեղամասում։ Հետո շրջվել ու գնալ տուն»,- ասել է Ալեքսեյի այրին։

Ուկրաինական պատերազմի և Կրեմլի դեմ ուղղված ցանկացած գործողություն, որը կունենա ինչ-որ հրապարակայնություն և կհաստատվի տեսանյութերի միջոցով, կվկայի Ռուսաստանի առողջ ուժերի համախմբման մասին և, անկասկած, օգտակար է՝ ասում է «Daily Journal»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ռիկլինը։

Այդուհանդերձ, նա մտահոգություն է հայտնել, որ իշխանությունները կփորձեն ընտրատեղամասերում մարդկանց զանգվածային հայտնվելը օգտագործել իրենց քարոզչական նպատակների համար։

«Այնպես որ, [Ռուսաստանի] կենտրոնական ալիքները կարող են ներկայացնել այս պատկերը որպես նշան, թե ռուսաստանցիները «հավաքվել են՝ քվեարկելու նախագահի

օգտին։ Բնականաբար, հեռուստատեսային մեկնաբանություններում չի ասվի, որ մարդիկ հավաքվել են Նավալնիի և նրա այրու կոչով»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել Ռիկլինը։

Միևնույն ժամանակ, «Daily Journal»-ի գլխավոր խմբագիրը խոստովանել է՝ իրեն դուր է եկել քվեաթերթիկների վրա Նավալնիի անունը գրելու գաղափարը, բայց պետք է այդ քվեաթերթիկները չնետել քվեատուփ. «Դրանք այնտեղ կանհետանան, և մենք երբեք չենք իմանա, թե քանի մարդ է մասնակցել ակցիային: Բայց եթե քվեաթերթիկը ծալես, դնես գրպանդ ու հետդ տանես, լրիվ այլ հարց է։ Տանը դրա վրա կարող եք ֆլոմաստերով գրել՝ «Նավալնի», այնուհետև տեղադրել այն ցանկացած վայրում և ցանկացած ձևով, որը յուրաքանչյուր մարդ իր համար անվտանգ է համարում՝ սոցիալական ցանցերում, մուտքի դռների վրա։ Իսկ եթե նման ապացույցները շատ լինեն, այն որոշակի հնչեղություն կունենա»։

Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը ցույց տվեց, որ Ռուսաստանում դեռ շատ մարդիկ են մնացել, որոնց համար ազատությունը դատարկ խոսք չէ՝ ասում է Ալեքսանդր Ռիկլինը։

Իր հերթին՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում իրավապաշտպան, լրագրող Օլեգ Էլանչիկը կարծիք է հայտնել, որ նման ակցիան կարող է շատ բանի մասին վկայել․ «Կստացվի, թե ոչ՝ կտեսնենք։ Ռուսաստանյան հասարակության մեջ փոփոխությունների պահանջը հսկայական է, և երբ մարդիկ ինչ-որ բանի վրա ազդելու հնարավորություն են տեսնում, փորձում են օգտագործել այն»:

Իշխանությունների համար քվեարկության եկած մարդկանց ցրելը ավելի լուրջ խնդիր է, քան Ալեքսեյ Նավալնիին հրաժեշտ տալու եկածներին բերման ենթարկելը՝ ասում է Էլանչիկը։

«Պետք է փորձենք այդ [ակցիան] իրականացնել, և այնպես, որ հանրության իրական տրամադրությունը նկատելի լինի՝ ինչպես ռուսաստանցիներին, այնպես էլ ողջ աշխարհին։ Որովհետև երբ վստահ ես, որ ամեն ինչ մեռած է ու անիմաստ, ոչինչ չի լինի՝ ապատիայից ու անգործությունից զատ։ Իսկ մարդիկ այնտեղ՝ Նավալնիի հուղարկավորության օրը կարողացան ապացուցել, որ ռուսաստանյան հասարակությունը մահացած չէ»,- եզրափակել է Օլեգ Էլանչիկը։

XS
SM
MD
LG