Եմենի ոստիկանությունը հարավային Թաեզ քաղաքում կրակ է բացել բողոքի ցույցի մասնակիցների վրա՝ սպանելով առնվազն 12 մարդու։
Բժիշկների համաձայն, երկուշաբթի օրը տեղի ունեցած բախումների պատճառով կան նաև բազմաթիվ վիրավորներ։ Ականատեսների համաձայն, ցուցարարները փորձել են գրոհել շրջանային կառավարման մարմիններից մեկի շենքը։
Բռնություններ են տեղի ունեցել նաև արևմտյան Հուդաիդա քաղաքում, որտեղ, ոստիկանության կողմից բացված կրակի պատճառով վնասվածքներ է ստացել ավելի քան 50 մարդ։
ԱՄՆ-ի և Եմենի պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգները դադարեցնում է աջակցություն ցուցաբերել Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհին և վարում նրա հրաժարականի պայմանները քննարկող բանակցություններ։
Նրանք հայտնել են նաև, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխվել է մոտ մի շաբաթ առաջ՝ բանակցությունները մեկնարկելուց ի վեր։
Նախագահ Սալեհը վերջերս հորդորել էր ընդդիմությանը դադարեցնել ցույցերը՝ ասելով, որ պատրաստ է «սահմանադրության շրջանակներում» քննարկել իշխանության խաղաղ փոխանցման ճանապարհները։