Մատչելի հղումներ

Եմենում կանխվել են բախումները կառավարության ընդդիմադիրների և կողմնակիցների միջև


Եմենում զինծառայողները հրազենից դեպի օդ նախազգուշական կրակ են բացել` կանխելով մայրաքաղաք Սանայում կառավարության կողմնակիցների բախումը ընդդիմադիր ցուցարարների հետ:

Այս միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը, երբ Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը հանդես էր գալիս հայտարարությամբ, ըստ որի չի նախատեսում տեղի տալ ընդդիմադիրների կողմից իր հրաժարականը ներկայացնելու պահանջներին: Նա խոստացել է չփոխանցել իշխանությունը «կոռումպացված» ուժերին:

Նախագահի ելույթի ընթացքում ընդդիմության տասնյակ հազարավոր ակտիվիստներ դուրս էին եկել` այսպես կոչված «Հեռանալու օր» անցկացնելու համար:

Ընդդիմության ցույցերը Եմենում շարունակվում են` չնայած կառավարության կողմից սահմանված արտակարգ իրավիճակի, որով անվտանգության ուժերին տրվել են ցույցերի անցկացումը կանխարգելելու և կասկածյալներին կալանավորելու լայն իրավասություններ:

Եմենի նախագահը հինգշաբթի օրը ընդդիմության ուժերին միացած գեներալ Ալի Մոհսեն ալ-Ահմարի հետ քննարկել է երկրում խորացող քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Բանակցությունների ընթացքին տեղյակ աղբյուրները հայտնել են, որ քննարկվել է քաղաքացիական անցումային խորհուրդ ստեղծելու հնարավորությունը, որը կիրականացնի երկրի կառավարումը` մինչև երկրում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը:

XS
SM
MD
LG