Մատչելի հղումներ

Բախումներ Եմենում` կառավարության կողմնակիցների և ընդդիմադիրների միջև


Եմենի մայրաքաղաք Սանայում երեքշաբթի օրը տեղի են ունեցել բախումներ ցուցարարներին աջակցող զինծառայողների և Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհին հավատարիմ ցեղախմբերի ներկայացուցիչների միջև, որոնց պատճառով զոհվել է առնվազն երեք մարդ:

Երկրի հարավային Թայիզ քաղաքում, որտեղ երրորդ օրն է չեն դադարում բռնությունները, քաղաքացիական հագուստ կրող ոստիկանները երեքշաբթի օրը կրակ են բացել ցուցարարների վրա: Այս քաղաքում երկուշաբթի օրը սպանվել է հականախագահական ցույցերի առնվազն 15 մասնակից:

Բռնությունների սաստկացման հետևանքով միջազգային հանրություն ավելի հաճախակի է հանդես գալիս Եմենի նախագահին ուղղված հրաժարական ներկայացնելու կոչերով:

ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երեքշաբթի օրն ասել է, որ այս երկրում «քաղաքական անցումը պետք է սկսվի անհապաղ»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը անհանգստություն է արտահայտել Թայիզ քաղաքում «խաղաղ ցուցարարների դեմ ուժի անհավասարաչափ կիրառմամբ»:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը «զարհուրելի» է անվանել Եմենում տեղի ունեցող բռնությունները:

XS
SM
MD
LG