ԱՄՆ-ի Սենատն արգելափակեց հանրապետականների կողմից առաջարկված օրինագիծը

ԱՄՆ-ի Սենատն արգելափակեց հանրապետականների կողմից առաջարկված օրինագիծը

Միացյալ Նահանգների օրենսդիրներն ուրբաթ օրը դեռևս որևէ քայլ առաջ չեն կատարել 14,3 տրիլիոն դոլար կազմող պարտքային պարտականությունների վերին սահմանը բարձրացնելու և ծախսերը նվազեցնելու վերաբերյալ համաձայնության գալու հարցում:

Պարտքի վերին սահմանի բարձրացման շուրջ որոշում կայացնելու վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 2-ին:

Սենատի դեմոկրատներն ուրբաթ օրն արգելափակեցին Ներկայացուցիչների պալատի հանրապետականների կողմից հավանության արժանացրած մի ծրագրի, որով նախատեսվում է բարձրացնել պարտքի վերին սահմանը` փոխարենը դաշնային բյուջեում կատարելով մեծ կրճատումներ:

Այսպես կոչված «Կրճատումների, սահմանափակման և հավասարակշռության հասցնելու» օրինագծով («Cut, Cap and Balance Act») նախատեսվում էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն սահմանադրական փոփոխություն ընդունի դաշնային բյուջեի հավասարկշռման վերաբերյալ:

Սենատի մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդը «թույլ և անմիտ» է անվանել այս ծրագիրը, իսկ նախագահ Օբաման խոստացել է վետոյի իրավունք կիրառել այս օրինագծի նկատմամբ:

Ներկայացուցիչների պալատի հանրապետականներն այս պատճառով խիստ քննադատության ենթարկեցին դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը` մեղադրելով վերջինին հանուն Ամերիկայի ժողովրդի արդյունքների հասնելու գործում թերանալու մեջ:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները հայտնեց լրագրողներին, որ ինքն ու նախագահ Օբաման մոտ չեն կանգնած պարտքային պարտականությունների վերին սահմանը բարձրացնելու և ծախսերը նվազեցնելու վերաբերյալ համաձայնության գալու հարցի լուծմանը: