Սիրիայի անվտանգության ուժերը ցրել են Դամասկոսի համալսարանի ուսանողների կողմից հակակառավարական ուժերին սատարելու նպատակով կազմակերպված ցույցը, որի ընթացքում ձերբակալվել է մի քանի ակտիվիստ:
Չնայած կառավարական ուժերի կողմից գործադրվող բռնություններին, գնալով ավելի են թափ առնում նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերը:
Սիրիայի զինված ուժերը երկուշաբթի օրը դուրս են եկել ծովափնյա Բանիյաս քաղաքի փողոցներ` այնտեղ տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի պատճառով զոհվել էր ընդդիմադիր չորս ցուցարար:
Ականատեսների համաձայն, հրասայլերով և ռազմական բեռնատարներով ժամանած զինծառայողները դիրքավորվել են քաղաքի շուրջ:
Սիրիայում ցուցարարները պահանջում են իրականացնել քաղաքական լայնածավալ բարեփոխումներ: Ի պատասխան այս պահանջների Ասադը դիմել է բռնությունների և կատարել որոշ զիջումներ, որոնք, սակայն, չեն բավարարել Սիրիայի կառավարական համակարգը հիմնովին բարեփոխել պահանջող ընդդիմությանը: