Մատչելի հղումներ

Բազմաթիվ տուժածներ` Սիրիայում ցույցի մասնակիցների վրա կատարված հարձակման պատճառով


Սիրիայի իրավապաշտպանների և բնակիչների համաձայն, հարավային Դերաա քաղաքի մզկիթներից մեկի մոտակայքում հավաքված ցուցարարների վրա չորեքշաբթի օրն իրականացված հարձակման պատճառով զոհվել է առնվազն վեց մարդ:

Պետական լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն սակայն, չորս մարդ զոհվել է «զինված հանցախմբի» կողմից բժիշկների վրա կատարված հարձակման պատճառով: «SANA» պետական լրատվական գործակալության փոխացմամբ, զոհերից երեքը եղել են բժշկական անձնակազմի անդամներ, մեկը` անվտանգության ուժերի ծառայող:

Դերաա քաղաքում արդեն մի քանի անգամ են տեղի ունեցել բախումներ հակակառավարական ցուցարարների և անվտանգության ուժերի միջև: Անվտանգության ուժերի կողմից ուրբաթ օրը բացված կրակի պատճառով սպանվել է չորս մարդ, ևս մեկ ցուցարար սպանվել է կիրակի օրը, իսկ երկուշաբթի օրը արցունքաբեր գազ շնչելու արդյունքում զոհվել է 11 տարեկան մի տղա:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը չորեքշաբթի օրը քննադատել է Սիրիայում կատարված բռնությունները` հորդորելով այս երկրի կառավարությանը քաղաքական բարեփոխումներ իրականացնել:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեքշաբթի օրը աշխատանքից ազատել է Դերաա նահանգի նահանգապետին, սակայն դա չի նպաստել բնակչության խաղաղեցմանը, քանի որ բողոքի ցույցեր սկսվել են Դերաայի մոտակայքում գտնվող մի քանի քաղաքներում:

Ցուցարարներն ալ-Ասադից պահանջում են դադարեցնել արտակարգ իրավիճակի մասին օրենքի գործողությունը, ազատել հազարավոր քաղբանտարկյալներին և ապահովել երկում ազատ արտահայտվելու իրավունքը:

XS
SM
MD
LG