Սիրիայի հարավում հակակառավարական ցույցի մասնակիցները կրակի են մատնել իշխող «Բաաս» կուսակցության գրասենյակը և ոստիկանության բաժինը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Թաֆաս քաղաքում, երբ հազարավոր ցուցարարներ, նախորդ օրը զոհված ընդդիմության ակտիվիստներից մեկի հուղարկավորության արարողությունից հետո, դուրս են եկել փողոց։
Ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներ տեղի են ունեցել նաև ծովափնյա Լաթաքիա քաղաքում։
Հակակառավարական ցույցերը շարունակվել են նաև Դերաա հարավային քաղաքում, որը դարձել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ անցկացվող բողոքի ցույցերի էպիկենտրոնը։ Հորդանանի հետ սահմանի մոտակայքում գտնվող այս քաղաքում անվտանգության ուժերի կողմից ուրբաթ օրը սպանվել է բողոքի ցույցերի 15 մասնակից։
Նույն օրը ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող ցույցեր անցկացվել են նաև Սիրիայի վեց քաղաքներում՝ ներառյալ երկրի մայրաքաղաք Դամասկոսում։
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ Սիրիայի կառավարությունը, փորձելով խաղաղեցնել ընդդիմադիր ուժերին, ազատ են արձակել 260 բանտարկյալ, որոնցից շատերը բանտում իրենց ազատազրկման ժամկետի գրեթե երեք չորրորդն անցկացրած իսլամիստներ են։